«Դիզակ Արտ». Հադրութի փրկված գույները՝ Երևանում

 

Օրեր առաջ Երևանում բացվել է «Դիզակ արտ» մշակութային կենտրոնը: Հիմնադիրները հադրութցի կանայք են, ովքեր մինչ այս աշխատել են Հադրութի մշակութային հաստատություններում: Կենտրոնի ստեղծումը Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի հանդեպ նրանց համընդհանուր մտահոգության արդյունքն է, ուստի  ցանկանում են այսկերպ վերաձևել Հադրութի կոլորիտը, գույները, պատկերներն ու այն դարձնել հադրութցիների մշակութային հավաքատեղին:

Իսկ ինչո՞ւ «Դիզակ արտ», որովհետև Դիզակը Հադրութի պատմական անունն է, առաջացած Դիզափայտ լեռան անվանումից, որի կատարին էլ գտնվում է Արցախի ամենաբարձրադիր սրբավայրը՝ Կատարո վանքը: Դիզակ անունը առավել հայտնի է դարձել 17-րդ դարում, երբ ձևավորվել են Խամսայի մելիքություններն ու Դիզակի մելիքությունը դարձել է գլխավոր կենտրոնը:

Մշակութային նորաստեղծ կենտրոնի բացման առիթով Cultural.am-ը զրուցել է կենտրոնի համահիմնադիրներ՝ Լիաննա Պետրոսյանի, Երազիկ Հայրիյանի ու Գայանե Բուդաղյանի հետ:

 IMG 1858Ավելին՝ քան նկարներ

«Կենտրոնի պատկերասրահի նկարները 2017թ-ից ներկայացված են եղել «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիումին: 2019թ-ի նոյեմբերին դրանք Մոսկվայում ցուցադրության ներկայացվեցին, բայց համավարակի պատճառով ցուցանմուշները հնարավոր չեղան ցուցադրությունից անմիջապես հետո հետ բերել: Դրանք մնացին Մոսկվայում, ինչի շնորհիվ էլ փրկվեցին ու հայտնվեցին այստեղ»,- պատմում է Գայանեն ու ներկայացնում փրկված ցուցանմուշները: «3 տարում սիմպոզիումի շրջանակում շուրջ 200 նկար է արվել, բայց դրանցից տասնյակ նմուշներն են պահպանվել, մեծ մասը մնացին Հադրութում: Եթե մինչև 2020թ-ի սեպտեմբեր ամիսը սրանք լոկ նկարներ էին՝ հիմա ավելին են դարձել»:

«Դիզակ Արտ» կենտրոնում այս պահին ներկայացված են պատերազմից փրկված ցուցանմուշներ ու Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանին վերաբերող բաժին:

Ըստ Գայանե Բուդաղյանի՝ Հադրութում չորս թանգարան է կորսվել. Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական, Տողի մելիքական ապարանքի թանգարանը, Մեծ թաղերի ավիացիայի մարշալ Ա.Խամփերյանցի անվան տուն-թանգարանը, ինչպես նաև Ազոխ գյուղում գտնվող փոքրիկ թանգարանը՝ Ազոխի քարանձավի պատմամշակութային նյութերով հանդերձ:  

«Հադրութի երկրագիտական թանգարանի վերաբերյալ ադրբեջանցիները տեսանյութեր էին հրապարակել. բարբարոսը, որ մտնի մշակութային օջախ՝ ինչ վիճակում պիտի լինի: Մնացած թանգարաներից տեղեկություն, լուսանկարներ չունենք, պարզապես պատկերացնում ենք՝ ինչ վիճակում կարող են լինել: Նույնը վերաբերում է հանրակրթական ու արվեստի դպրոցներին»,-նկատում է Գայանեն:  

Աչքի առաջ ունենալով ստեղծված բարդ իրավիճակն ու փրկված նկարները՝ կենտրոնի հիմնադիրներն իրենց առաջ խնդիր են դրել՝ հադրութցիների համար հավաքատեղի, իսկ ցուցանմուշների համար մշտական  ցուցադրության վայր ունենալ և շարունակել Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության  հարցերի բաժնի աշխատանքը:


IMG 1857
Թանգարանային վիրտուալ ցուցանմուշներ

«Հայրենագիտական թանգարանի արխիվից որոշ նյութեր պահպանվել էին, բացի այդ «Դիզակ» թերթում «Մի ցուցանմուշի պատմություն» խորագրով սյունակ կար, որտեղ ներկայացվում էին թանգարանների նմուշները: Դրանք մնացել էին և հնարավոր էր դրանցից ինչ-որ բան ստանալ: Որոշեցինք՝ բացի պատկերասրահից նաև թանգարանային ցուցանմուշների ֆոտո տարբերակը ներկայացնել: Նոր ֆոտոպատմություններ կան և նախատեսում ենք շարքը ավելացնել: Բացի այդ, ի ուրախություն ինձ, պարզվեց, որ թանգարանի էքսկուրսիոն պլանն է բերվել, որտեղ կա նաև ցուցասրահի ողջ նմուշների հերթականությունը: Ըստ այդ պլանի՝ ծրագրում ենք թանգարանը վիրտուալ եղանակով ներկայացնել»,-պատմում է մշակութային կենտրոնի համահիմնադիր Լիաննա Պետրոսյանը, որը նախ ղեկավարել է Հադրութի երկրագիտական թանգարանը, ապա եղել Հադրութի «Դիզակ» թերթի խմբագիրը:

Նա, անդրադառնալով 1934թ-ից լույս տեսնող «Դիզակ» թերթի գործունեությանը, ասում է՝ ներկայումս թերթը միայն օնլայն է գործում, քանի որ տպագրական ծախսերի խնդիր կա:

Առաջիկա ծրագրեր

«Նախատեսում ենք շարունակել այն ծրագրերը, որոնք իրականացնում էինք Հադրութում: Մեր աշխատանքն իրականացնելու ենք մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ մշակութային, երիտասարդական»: Կլինեն մանկապատանեկան տարատեսակ մրցույթներ, արշավներ, նկարչական սիմպոզիում… կենտրոնում կգործի նաև թատերական խմբակ, որտեղ ներկայացումները կլինեն Հադրութի բարբառով, քանզի կարևորում ենք նաև բարբառի պահպանումը»,-մանրամասնում է կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը, որը նախկինում ղեկավարել է նաև Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության  հարցերի բաժնի աշխատանքը:

Դժվարություններից ամենագլխավորը Հայրիյանը համարում է այն, որ Արցախում այս աշխատանքն արվում էր պետական ֆինանսավորմամբ, իսկ Երևանում իրավիճակն այլ է, մշակութային կենտրոնի գործունեության համար պիտի կարողանան բարեգործներ, աջակիցներ գտնել:

«Նոր նկարներ, իհարկե, էլի կստեղծվեն, բայց ամենամեծ կորուստը հենց Հադրութն էր»,-ափսոսանքով խոստովանում է Գայանե Բուդաղյանը:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1756

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: