«Երբ խաղաղ կլինի» իրանական արդի պատմվածքների ժողովածուն՝ հայ ընթերցողի դատին

 

 

Վերջերս իրանագետ, թարգմանիչ Արեգ Բագրատյանի թարգմանությամբ լույս տեսավ «Երբ խաղաղ կլինի» իրանական արդի պատմվածքների ժողովածուն, որը հրատարակեց «Գրատուն» հրատարակչությունը։

Խոսելով ժողովածուի վերնագրի մասին՝ թարգմանիչը նշում է, որ երկար են մտածել վերնագրի ընտրության շուրջ, քանի որ պետք էր այնպիսի վերնագիր ընտրել, որը կամբողջացներ գրքի բոլոր ստեղծագործություններում կարմիր թելի պես անցնող խաղաղության գաղափարը։

«Երկար փնտրտուքներից հետո որոշեցինք «Երբ խաղաղ կլինի» վերնագիրն ընտրել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել  արձակագիր Անուշ Սարգսյանին, որը վերնագրի ընտրության հարցում վճռական դեր ունեցավ՝ խորհուրդ տալով այս տարբերակը։ Հետաքրքիրն այն է, որ այս վերնագիրը կարելի է դիտարկել թե՛ որպես հարց, թե՛ որպես պատասխան, երբեմն նույնիսկ բացականչություն, բայց մենք ուզում ենք, որ այս վերնագիրը երբեք չդառնա հարց կամ բացականչություն, այլ միայն մնա որպես հստակ իրողության արձանագրում»,- ասում է Արեգ Բագրատյանը։186477765 2341669302644788 9165837107648971224 n

Գրքում ներկայացված են իրանական ժամանակակից արձակի 24 ստեղծագործություններ՝ սկսած արդեն դասական համարվող այնպիսի հեղինակներից, ինչպիսիք են՝ Ջալալ ալ Ահմադը, Սադեղ Հեդայաթը, Բոզորգ Ալավին և վերջացրած այնպիսի ժամանակակից գրողներով, ինչպիսիք են՝ Փաքսիմա Մոջավեզին, Մոնիրու Ռավանիփուրը և այլ գրողներ։ Անդրադարձ է կատարվել ինչպես բուն Իրանում ստեղծագործող հեղինակներին, այնպես էլ Իրանի սահմաններից դուրս ապրող հեղինակներին։ Ժողովածուն ներառում է տարբեր ոճերի ստեղծագործություններ՝ հուշագրություններ, սյուրռեալիստական դրսևորումներով ստեղծագործություններ, հեքիաթներին հարող ստեղծագործություններ և այլն, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող ընտրի իր գրական ճաշակին ամենամոտ ոճը։ Կարևոր է նաև, որ ծանոթանալով, հավանություն տալով այս կամ այն ստեղծագործությանը ընթերցողը հետագայում արդեն ինքը պահանջի, թե ինչ է ուզում կարդալ ինքը և ինչ է ուզում տեսնել հայերեն թարգմանված։

«Ստեղծագործությունները դասավորել ենք այնպես, որ գրքում մի հեղինակի տարբեր ստեղծագործություններ չեն հաջորդում իրար, այլ տարբեր հեղինակների ստեղծագործություններ շարունակում են մեկը մյուսին՝ ստեղծելով կյանքը յուրօրինակ կապով պատկերող մի խճանկար՝ մարդու մանկությունից, երիտասարդությունից մինչև նրա կյանքը խաթարող տարբեր երևույթներ և վերջում՝ մահ։ Գրքում մի հետաքրքիր հարցադրում ենք արել, որ կուզենանք ընթերցողները հենց առաջին պատմվածքը կարդալիս ուշադրություն դարձնեն և փորձեն վերջում այդ հարցը իրենց տալ։ Հարցը հետևյալն է՝  ինչու է հերոսը, որը մանկության տարիներին ամբողջ աշխարհին նվիրում իր սիրտը և ամբողջ աշխարհին տեղավորում իր փոքրիկ սրտում, օր ծերության հասնում է այնպիսի վիճակի, որ չգիտի՝ ով իրեն կբարևի, չգիտի՝ ում ինքը բարևի, ում՝ ոչ։ Այսինքն՝ ինչ է լինում հերոսի հետ, որ այդքան վառ մանկությունից հետո ծերության օրոք խաղաղությունը կորցնում է»,- նշում է թարգմանիչը։

Ըստ Արեգ Բագրատյանի՝ հայ գրողների համար ժողովածուն կարող է լինել հետաքրքիր ուղենիշ, ստեղծագործական նմուշ, թե ինչպես կարելի է ստեղծագործել։

«Իրանական ժամանակակից արձակը բավական հաստատուն քայլերով է առաջ գնում և կարելի է ասել՝ արդեն կայացած արձակ է։ Հեղինակները քիչ թե շատ կարողացել են մի քանի աստիճան վեր բարձրանալ այնպիսի որոնումներից և փնտրտուքներից, ինչպիսիք են՝ ինչ գրել, ինչպես գրել և այլն։ Հետաքրքիր է, որ նախքան անթալոգիան տարբր հայ հեղիանկներ ինձ գրում էին, որ իրենց այս կամ այն ստեղծագործությունը նման է իրանական այս կամ այն ստեղծագործությանը, չնայած՝ իրենց ստեղծագործությունները գրվել էին ավելի շուտ, քան ես թարգմանել էի այդինչ գործը։ Այսինքն՝ նկատելի է, որ հայերն ու իրանցիներն իրար շատ նման են մտածելակերպով,  տարբեր երևույթների հանդեպ դատողություններով, վերաբերմունքով, և հենց դա է, որ կարող է գրական, գեղարվեստական առումներով նմանությունների հանգեցնել»,- ասում է թարգմանիչը և, եզրափակելով խոսքը, նշում, որ գրքի նպատակն է ամբողջացնել իրանական արձակի մասին հայ ընթերցողների պատկերացումները, լրացնել այն ճանաչողական, մշակութային բացը, որն առկա է հայերի շրջանում դեպի Իրանը, իրանցիները և իրանական ժամանակակից արձակը՝ միաժամանակ հայ ընթերցողին ծանոթացնելով իրանական ժամանակակից արձակի տարբեր հեղինակների հետ։

 

Անի Մարտիրոսյան

  • Created on .
  • Hits: 1894

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: