Փոքրածավալ գրքերի բացառիկ ցուցադրություն Գրատպության թանգարանում

 

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում ներկայացնում է բացառիկ ցուցադրություն։

Միայն այսօր, ժամը 12:00-ից 22:00-ը, Գրատպության թանգարանում ցուցադրության են ներկայացվել Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնում պահվող օտարալեզու հազվագյուտ հավաքածուից և Հայաստանում տպագրված հայերեն փոքրածավալ գրքերից օրինակներ։ Ներկայացված են հայ հեղինակների՝ Հովհաննես Թումանյանի, Խնկո Ապոր, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Գեղամ Սարյանի, Պետրոս Դուրյանի և այլոց ստեղծագործությունների հրատարակությունները: Ցուցադրվող գրքերի ցանկում կան նաև գրպանի բառարաններ, կտակարաններ, ուղեգրություններ, օտարալեզու փոքրածավալ գրքեր:

Գրատպության թանգարանը ընդհանուր առմամբ ներկայացնում է գրատպության ամբողջ պատմությունը՝ տպագրության գյուտից մինչև մեր օրերը: Այն հայերեն տպագիր գրքերի, մամուլի և այլ նյութերի ամենամեծ պահոցն է, որտեղ մեկտեղված են արժեքավոր տպագրություններ և բացառիկ ցուցանմուշներ. հայերեն առաջին տպագիր գիրքը, ամսագիրը, քարտեզը, մաթեմատիկայի դասագիրքը, տպագրական մեքենաներ, մամլիչ, փայտափորագիր տախտակներ, կլիշեներ, Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ, ինչպես նաև՝ տպագիր հայոց այբուբենը եվրոպացի հրատարակիչների գրքերում:

«Հայ գրատպության թանգարանում մենք տեսնում ենք մեր ազգի պատմական դեմքը այն իմաստով, որ ներկայացված է հայկական մշակութային ամբողջ  ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակներ: Իսկ պատմական դեմք ասելով հասկանում ենք, որ ամեն ինչ դրված է գրքի մեջ: Դա շատ կարևոր է»,- օրվա թեմայով կազմակերպված դասախոսության ընթացքում նշեց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը: Ըստ բանախոսի՝ մինչև այսօր աշխարհում գործող հայկական բոլոր տպարաններում և, ընդհանրապես, օտարազգի տպարաններում հոգևոր հայերի մասին ձեռագրային հանդեսներ, ատլասներ են տպվում, որոնցում ներկայացվում են հայերն ու Հայաստանը:

Հիշեցնենք, որ Գրատապության թանգարանը բացվել է 2017 թվականին՝ Հայաստանի ազգային գրադարանի շենքում: 2018-ից այն դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1135

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: