Արամ Պաչյանը՝ Եվրոպական միության գրական մրցույթի հաղթող

 

 

«Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական միության գրական մրցանակաբաշխությանը, և ես շատ ուրախ եմ, որ առաջին մրցանակը շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր «P/F» վեպի համար: Սա նորարարական վեպ է, որը կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին՝ բերելով Ձեն-բուդդիստական մոտիվներ, և պատահական չէ, որ հեղինակը այս գիրքը նվիրել է իր Ձեն-բուդդիստական դպրոցի ուսուցիչներին: Այն ընթերցվում է որպես չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, որտեղ քարտեզագրվում է շատ անձնական պաչյանական Երևանը: Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին՝ բացի ընթերցվելու և անվերջ վերընթերցվելու հաճույքը…»,-առցանց տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ասաց ԵՄ Գրական մրցանակի հայաստանյան ազգային ժյուրիի նախագահ, գրող, Արմեն Օհանյանը:

Նշենք, որ Եվրոպական միության գրական այս մրցանակը (EUPL) Եվրոպայում լույս տեսնող գրական ստեղծագործությունների և հեղինակների հանրահռչակման ամենամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից: Ամեն տարի լույս է տեսնում EUPL անթոլոգիան, որում ներկայացված են հատվածներ դափնեկիրների մրցանակակիր ստեղծագործություններից՝ և՛ բնօրինակ լեզվով, և՛ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ: Բացի այդ, մրցանակը շարունակում է ակտիվորեն խթանել և աջակցել հաղթող հեղինակներին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը գրքերի տոնավաճառներին Եվրոպայում և աշխարհում՝ աջակցելով միջոցառումների կազմակերպմանը գրախանութներում, գրական և (կամ) մշակութային ինստիտուտներում և այլն: 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ EUPL-ը 12 հրատարակությունների միջոցով, ընդհանուր առմամբ, ճանաչել է 135 հեղինակի:

Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ռոտացիոն կարգով՝ 2009 թվականից, որին Հայաստանը  պաշտոնապես միացել է ավելի ուշ և արդեն այս տարի առաջին անգամ հնարավորություն է ստացել ներկայացնելու գրական մրցանակի իր թեկնածուների՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «P/F», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» ստեղծագործությունները։

ԵՄ գրական մրցանակի հաղթող Արամ Պաչյանի «P/F» հատվածային վեպի լույս ընծայման առիթով Cultural.am-ը մինչ այս զրուցել էր նրա հետ, սակայն զրույցին հաջորդեց պատերազմական իրավիճակն ու այն չհրապարակվեց: Այժմ, հեղինակի գրական մրցանակ ստանալու առիթով, ներկայացնում ենք զրույցից մի հատված:

 

Ճամփորդությունները, միայնությունը ինչպե՞ս են անդրադարձել այս գրքի ստեղծման վրա:

Սա ավելի շուտ ներքին ճամփորդության գիրք է: Երևանաբնակ լինելով՝ ճամփորդել Երևանով, որը կրկնությունների երթուղի է. բոլոր ճանապարհները տանում են դեպի փոքր կենտրոն: Գիրքն ընթերցելով՝ այդ անդրադարձումները կտեսնեք:

Աշխարհն առանց այն էլ ֆրագմենտար է: Չե՞ք կարծում, որ արվեստագետն ավելի շուտ պիտի ընդդիմանա դրան, քան դառնա այդ ֆրագմենտի կրողն ու տարածողը:

Ես չգիտեմ, թե աշխարհն ինչ է՝ ֆրագմենտար է, թե ամբողջական: Նման հազար ու մի ընդհանրական ձևակերպումներ կարող ենք անել՝ աշխարհն այս է, աշխարհն այն է և այլն: Գոնե ինձ` այսօրինակ ձևակերպումները ոչինչ չեն տալիս:

Այսօր, մասնավորապես, արձակի դաշտում, գերիշխողը հենց ամբողջական, էպիկ վեպերն են, հաստափոր գրքերը՝ ստեղծված համարյա 19-րդ դարի շնչով: Փոքր ինչ ուսումնասիրեք հրատարակչությունների վարած քաղաքականությունը, նրանց պահանջած գրականությունը ու կտեսնեք, որ ավելի փորձարարական, ավելի հատվածային, սյուժեներից ու ֆաբուլաներից քիչ զերծ գրքերն այլևս դուրս են նրանց պատկերացումներից: Այդպիսի գրքերը լույս են տեսնում միայն փոքր, շահույթ չհետապնդող հրատարակչատների կողմից: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ՝ ես չեմ ասում, թե դրանք ավելի հետաքրքրական են ու նման բաներ, ես ուղղակի փաստն եմ արձանագրում:

Ի՞նչ կասեք արվեստագետների՝ իրար վրա ազդելու, փոխլրացնելու գործընթացի մասին, հատկապես երբ մեկտեղվում են արվեստի տարբեր ոլորտներում գործող մարդիկ: (Այս պարագայում խոսքը վերաբերում է նաև կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի և Արթուր Ավանեսովի հետ Ձեր համագործակցությանը):

 «2015թվականին ընկերս՝ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը ստեղծագործություն գրեց «P/F» -ի տեքստերի հիման վրա՝ վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար, այն կատարվեց Միացյալ Նահանգներում: Ինձ համար դա յուրօրինակ փորձառություն էր, քանի որ առաջին անգամ էի մասնակցում, հետևում երաժշտության ու տեքստի փոխներգործության ողջ ընթացքին: Արթուր Ավանեսովը ֆանտաստիկ կոմպոզիտոր է, կատարող, երաժշտագետ, դասախոս: Ես խորապես շնորհակալ եմ նրան «P/F» -ի վերջաբանը գրելու համար: Մեր հետաքրքությունները համընկնում էին՝ Արթուր Ավանեսովը ձեն-բուդդիստական կարճ շրջան էր ունեցել, ինչի մասին ես գիտեի, իսկ իմ վեպը ուղղակիորեն առնչվում է ձեն-բուդդիստական դպրոցի հոգևոր և իմաստասիրական գաղափարներին, ուստի համագործակցության աղբյուրը այդ կետում, է և ես երջանիկ եմ նաև դրա համար»:

 

 

Մարջան Չոբանյան

Լուսանկարը՝ Creative Europe Armenia

  • Created on .
  • Hits: 1573

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: