Վանաձորի Հ.Աբելյանի անվան թատրոնը շուտով կմեկնարկի 90-րդ հոբելյանական թատերաշրջանը

 

 

       Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է թատրոնի հիմնադրման  90-րդ տարին: Այսօր` թատրոնի հոբելյանական թատերաշրջանի բացումն ազդարարող ասուլիսի ընթացքում, թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը մանրամասներ հայտնեց. «Հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացմամբ: Եվս մեկ ներկայացման պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ», ունենալու ենք Նունե Խեչումյանի բեմադրությամբ: Այն նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին: Սա շատ կարևոր է այն առումով, որ 90-ամյա դերասանուհին նոր դեր  է ստանում և հենց բեմադրությունը նվիրվում է նրան»:

Լուսինե Սահակյանը հույս է հայտնում, որ հոբելյանական այս միամսյակը կլինի գերհագեցած, և այս միամսյակով չեն ավարտվի 90-ամյա թատերաշրջանի ակնկալիքները, այդ թվում՝ հանդիսատեսի տեսանկյունից: Նրա խոսքով՝ այս տարի «Թատերական Լոռի» փառատոնը ևս ամբողջությամբ նվիրված է թատրոնի հոբելյանին, որի բացումը ազդարարելու են իրենք՝ սեպտեմբերի 25-ին հյուրախաղով մեկնելով Ալավերդի:

«Փառատոնի շրջանակում մեզ հյուրընկալվելու են և՛ Չելյաբինսկի, և՛ Վոլգոգրադի, և՛ հանրապետությունում հայտնի այլ՝ Կ.Ստանիսլավսկու, Հ.Պարոնյանի, Համազգային թատրոնների արտիստները: Հոկտեմբերի 12-16-ը մենք հյուրախաղերով հանդես կգանք Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական  թատրոնում՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»,  Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Շիրվանզադեի «Չար ոգին», Հովհաննես Թումանյանի «Անուշ», Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումներով: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, կլինի հոբելյանական արծաթե հուշամեդալի թողարկում»-մանրամասնեց թատրոնի տնօրենը:

ԿԳՄՍ փոխնարար Արա Խզմալյանի կարծիքով՝ շատերս, երբ խոսում ենք մարզային թատրոնների մասին, նույնիսկ չենք էլ պատկերացնում այդ թատրոնների կարևորագույն առաքելությունն ու նշանակությունը: «Ըստ էության, կարելի է ասել՝ մարզային թատրոնները այն բացառիկ, եզակի կառույցներն են, որոնք ակտիվություն են հաղորդում մշակութային կյանքին և ստեղծում մշակութային բովանդակություն: Առավելևս այս թատրոնը եղել է բոլոր ժամանակների առաջնակարգ մարզային թատրոններից և այսօր էլ այդպես է: Ես ուրախ եմ, որ թատրոնի պատմությունը բոլոր ժամանակներում ունեցել է շատ ակտիվ դրսևորումներ, գործունեություն և, ի ուրախություն մեզ, պիտի ասեմ, որ թատրոնի դերասանական սերունդների խնդիրը կարծես թե միշտ լուծված է եղել: Այդ առումով Աբելյան թատրոնը ունի առավելություն, և այսօր  յուրաքանչյուր պիես բեմադրելիս ունենք տարբեր սերունդների, տարիքային խմբերի արտիստներ, որոնք կարող են ընդգրկվել և դերասանական անսամբլային համերաշխության մեջ ձևավորել գեղարվեստական արժեք»:

Փոխնախարարի խոսքով՝ պետական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարությունը տարբեր միջոցառումներ է իրականացնում թատրոնի հետ: «Ուրախ եմ, որ այս թատրոնը ամուր կանգնած լինելով ավանդական պատկերացումների և արժեքների վրա՝ պարբերաբար խիզախումներ է ունենում՝ անսպասելի, անկախատեսելի դրսևորումների տեսակետից»: Ուստի կարևորում է, որ թեկուզ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում թատրոն հրավիրվեն տարբեր ռեժիսորներ: «Սա չի վերաբերում միայն Աբելյան թատրոնին, առհասարակ, մեր բոլոր պետական թատերական կառույցները, լինելով խաղացանկային, ստացիոնար թատրոններ, ըստ էության պետք է  ունենան մշտապես գործող մի գաղափար, որ թատրոնն ազատ հարթակ է: Եվ որքան էլ մենք հաստիքներով աշխատող ստեղծագործողներ ունենանք՝ դռները պիտի բաց լինեն տաղանդավոր բոլոր մարդկանց համար»:

Արա Խզմալյանը, ընդհանուր առմամբ անդրադառնալով հայաստանյան թատրոններում առկա խնդիրներին նշեց՝ թատրոնն այսօր ինքն իրեն վերանայելու լրջագույն կարիք ունի: «Թատրոնում մարդը բարձրանում է բեմ և զրուցում դահլիճում նստած անծանոթի հետ, բայց ինչի՞ շուրջ է զրուցում, ճշտե՞լ է իր զրույցի առարկան, ուղերձը, քաղաքացիական կեցվածքը, բարոյականության սանդղակը, սա  բարդ բան է… Թատրոնում ինձ բավարարող երկխոսությունն այսօր շատ քիչ է, քանզի շատ  առումներով իներցիոն, ինքնաբավ, ինքնամփոփ, լոկալ խնդիրների տիրույթում ենք»: Նրա դիտարկմամբ՝ թատրոններում կա պրոֆեսիոնալ կադրերի՝ դերասանների, բեմանկարիչների, լուսաձայնային տեխնիկային պրոֆեսիոնալ կերպով տիրապետող մարդկանց, տեխնիկական սպասարկման և տեխնիկական հագեցվածության լրջագույն խնդիր: Բացի այս նկատում է՝ պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել մայրաքաղաք-համայնքներ մասնագիտական կապերին: «Լինի Երևանում, թե մարզերում չի կարող այսօր լինել կառույց՝ մի ձեռագրով. սա նշանակում է վախճան, ավարտ: Մեր գերագույն խնդիրը պիտի լինի բազում ձեռագրեր, աշխարհայացքներ, մոտեցումներ ցույց տալը: Եվ դերասանը իր մասնագիտական էությունը բացահայտելու համար պիտի հնարավորություն ունենա տարբեր ռեժիսորների հետ աշխատելու: Պիտի լինի բազմազանություն, ներառականություն և թատերական ամբողջ ռեսուրսը պիտի շրջագայի թատրոնից թատրոն: Ես սա անվանում եմ «թատերական միգրացիա», որը պիտի կարևոր սկզբունք լինի բոլոր կառույցների համար»:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 229

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: