Ժոզեֆ Մորիս Վեդերը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

 

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նոյեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Ժոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա)։ Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Ծրագրում Ֆ. Շոպենի  դաշնամուրի կոնցերտ N 2 և Դ. Շոստակովիչի կամերային սիմֆոնիա ստեղծագործություններն են։

Համերգը կուղեկցվի նկարիչ Կարեն Գրիգորյանի նկարների ցուցահանդեսով։ Վերջինս 1989-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է․ թատրոնում ձևավորել է լավագույն ներկայացումները։ Ձևավորել է նաև «Խոր Վիրապ» ներկայացումը` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ կոչման, 2012թ. դարձել ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր:

Ժոզեֆ Մորիս Վեդերը շվեյցարացի դաշնակահար է, հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, որոնցից են Նյու Յորքի Քարնեգի հոլը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը, Վիեննայի Մյուզիքֆերայնը, Լոնդոնի Վիգմոր հոլը, Ցյուրիխի Տոնհալեն և այլն: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և այլ երկրներում: Համագործակցել է ամենատարբեր նվագախմբերի հետ, իսկ որպես երաժիշտ ելույթ ունեցել Գոտյե Կապյուսոնի, Մարկ Բուշկովի, Նելսոն Գորների և այլոց հետ: Բացի ակտիվ համերգային գործունեությունից՝ զբաղվում է մանկավարժությամբ:

  • Created on .
  • Hits: 1045

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: