ԹՂԹԵ ԱԿԱՆՆԵՐ. ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՊԱՍՏԱՌԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ, 1970-2000-ականներ

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։

«Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից` Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան 70 տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։ Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին՝ Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:

Այս պատկերագրորեն բարդ, բայց միտքը բորբոքող պատկերները ամբողջացնում են Նիգարյանի ետարդիական գեղագիտությունը բազմածիր պատկերային մի լեզվում, որը չէր «վաճառում» կամ պարտադրում որոշակի ապրանք կամ գաղափար, այլ դիտողին տանում էր դեպի պատկերված առարկայի վերլուծական բացահայտում:

Վերջին տարիներին Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարևոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար՝ դառնալով որոշակի խթան Հայաստանում պաստառային արվեստի վերածննդի համար:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 4-ին` ժամը 18։00-ին։

Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։

  • Created on .
  • Hits: 3517

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: