Տեղի ունեցավ Է. Մ. Ռեմարկի «Վերադարձը» գրքի շնորհանդեսը
Հունվարի 27-ին Ֆենիքս գրախանութում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձը» վեպի՝ Վանուհի Բաղմանյանի բնագրային թարգմանությամբ (գերմաներենից) գրքի շնորհանդեսը:
«Վերադարձը» Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է: Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը:
Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք՝ «Propyläen» հրատարակչությունում: Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատությունների տեղիք է տալիս, իսկ 1933թ. նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ միասին:
Հայ աստվածաբան, գրող և արձակագիր Դավիթ Սամվելյանը նշեց, որ հունվարի 28-ին ընդառաջ նման գիրք հրատարակելը կարևոր և իհարկե պատիվ է բերում, քանի որ համապատասխան է ներկայիս իրավիճակին, հատկապես վերնագիրը:
Վանուհի Բաղմանյանն անդրադարձավ Է. Մ. Ռեմարկի կյանքին և ստեղծագործություններին: Մանրամասնորեն ներկայացրեց «Արևմտյան ճակատում նորություն չկա» և «Վերադարձը» վեպերի ստեղծագործական ճանապարհը:
Վեպը տարբեր կերպ է մեկնաբանվել քննադատների կողմից, սակայն ընդհանուր առմամբ գնահատվել է որպես «միանգամայն ճշմարտացի, հետաքրքիր և տեղ-տեղ` հումորային»։ Այնուամենայնիվ, քննադատների կարծիքները վեպի մասին բաժանվեցին երկու խմբի։ Ոմանք այն համարել են ձևական, մյուսները, այդ թվում և Հենրիխ Մանը, «մեծարել են այն»։ Գերմանացի քննադատների մեծ մասը դրական է արտահայտվել վեպի մասին. ոմանք նրան մեղադրել են Գերմանիայում քաղաքական իրավիճակը ոչ բավարար չափով բաց ներկայացնելու համար։ Ամերիկյան քննադատները նշել են, որ վեպը «մարդասիրական ուղերձ» ունի։ Վեպի դեմ ակտիվորեն պայքարել են ազգայնականները, որոնք համարել են, որ վեպը նսեմացնում է Առաջին աշխարհամարտի մասնակից զինվորներին։
Վանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ «Վերադարձը» վեպը թարգմանվել է 55 լեզուներով, ինչպես նաև Խորհրդային տարիներին` բնագրից ռուսերեն լեզվով: Այդ թարգմանություններում 30-40%-ով կրճատված է աշխատանքը, իսկ իր թարգմանություններում այն ներկայացված է լիարժեք:
Վեպի գլխավոր գաղափարն է երկու լեյտենանտների զրույցը, որոնք վերադարձել են պատերազմից և ապրում են քաղաքացիական կյանքով: Սակայն նրանցից մեկը հանգում է այն համոզմունքին, որ ռազմաճակատում կար նպատակ և իմաստ, կային զինակից ընկերներ, իսկ քաղաքացիական կյանքում մարդիկ շարունակում են ապրել առօրյա կյանքով և մանր նպատակներով:
Իսկ այն հարցին, թե ինչպես սկսվեց իր հետազոտական աշխատանքները և թարգմանությունները Ռեմարկի վեպերի, Վանուհին պատասխանեց.
«Ես 2017թ.-ին Բելգիայում հետազոտություններ էի իրականացնում և այդ ժամանակ ինձ զանգահարեց կուրսընկերուհիս՝ Լուսինեն Համբարյանն, ով այդ ժամանակ Էդիթ պրինտ հրատարակչությունում աշխատում էր որպես խմբագիր և ինձ ասաց, որ հրատարակչությունն առաջարկում է Ռեմարկ թարգմանել և փնտրում են թարգմանչի, նա ինձ առաջարկեց, և ես հանձն առա այդ գործը: Այդպես 2017թ.-ից մեկնարկվեց իմ թարգմանչական ուղին՝ «Երեք ընկեր» վեպով: Այնուհետև թարգմանել եմ «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Երկինքն ընտրյալներ չունի», «Լիսաբոնի գիշերը» և «Վերադարձը», միայն «Սև կոթողը» թարգմանել է Աննա Ռոստոմյանը, քանի որ այդ ժամանակ ես մեկնում էի Բելգիա»:
Թարգմանչի համար նաև աննկարագրելի ծանր է եղել «Վերադարձը» և «Լիսաբոնի գիշերը» վեպերի թարգմանությունները, քանի որ ժամանակահատվածը համընկել է Արցախյան երկրորդ պատերազմի և Հայաստանի համար այդքան դժվարին ժամանակահատվածի հետ:
Նա վերջում նաև հավելեց, որ հրատարակված 8 գրքերին շուտով կավելանան ևս մի քանիսը, այժմ նա սկսել է թարգմանել «Սիրիր մերձավորիդ» վեպը, որից հետո կթարգմանի «Կյանքի կայծը», այնուհետև այլ վեպեր և պատմվածքներ, որոնք այդքան էլ մեծ ճանաչում չունեն, ինչպես նաև կինոսցենարներ:
Վարսիկ Սահրադյան
- Created on .
- Hits: 3676