• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Ֆրունզիկը հայ ժողովրդի կենսագրության մի մասն է․ կայացավ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրությունը

Ֆրունզիկը հայ ժողովրդի կենսագրության մի մասն է․ կայացավ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրությունը

Երեկ՝ հուլիսի 4-ին, կինոյի և թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:

Կինոնկարը պատմում էր դերասանի կյանքին վերաբերվող հետաքրքիր պատմությունների և հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին:

Ցուցադրությունից առաջ հանդիսատեսը նախասրահում հնարավորություն ունեցավ ծանոթանալու դերասանի բացառիկ լուսանկարներին, որոնք արվել էին հնդկական ֆիլմերում նկարահանվելու ընթացքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Մհեր Մկրտչյանը ոչ միայն ամենաժողովրդական, շատ պարզ, անկեղծ, հուզական դրսևորումներով արտիստ էր, այլև խորաթափանց մարդ: «Տեսել եմ վավերագրական ֆիլմեր, որտեղ նա խոսում է  թատրոնի, դերասանական արվեստի մասին ու զարմացնում մտքի նրբությամբ: Այդ տեսանկյունից նրան այնքան էլ լավ չենք ճանաչում, և ես ուրախ եմ, որ հերթական առիթը կա` ցույց տալու նրա ստեղծարարությունը, այլ մշակույթների հետ շփվելու ազատությունը, ինչը շատ օրգանական է Մկրտչյանի արվեստում և հիացումի է արժանի: Դեռ շատ սերունդներ կշարունակեն հմայվել նրա դրամատիկ անձով  ու փայլուն արվեստով»,- նշեց Խզմալյանը:

Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, ըստ Խզմալյանի, այն դերասաններն են, որոնք  դարձել են հայ ժողովրդի կենսագրության մի մասը։ Եթե չլինեին նրանք, հայ ժողովրդի մտածողությունը, հոգեբանությունը, գեղարվեստական ճաշակն այլ կլիներ:

«Ամենամեծ առեղծվածային դրվագը, որ տեսել եմ Մհեր Մկրտչյանի արվեստում, սև թուղթ ստանալիս ցնորվելու տեսարանն է, երբ նա տեսախցիկի առջև հայացքը շաղում է: Հոգեկան ակնթարթային շեղման այդ տեսարանը ոչ մի մասնագիտական բառապաշարով հնարավոր չէ բացատրել: Դա բարձրագույն դերասանական դրսևորում է»,- իր խոսքում ասաց Արա Խզմալյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի խոսքով էլ՝  ֆիլմը ստեղծելու ընթացքում մտորումները երկար են եղել՝ ինչպի՞սի ֆիլմ ստեղծել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, որը ասելու և ցույց տալու նոր բան կունենա իր մեջ։

 «Մհեր Մկրտչյանի մասին շատ եմ կարդացել ու նայել ֆիլմերը: Հասկացա, որ պետք է  ներկայացնել նրա և Հնդկաստանի կապը, «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները: Մենք ցույց ենք տալիս, թե ինչ միջազգային մակարդակի դերասան էր նա, որը ներկայացնում էր իր երկիրն ու այս դեպքում Հնդկաստանում, ասես, Հայաստանի դեսպան լիներ»,-նշեց պրոդյուսերը:

Ֆիլմի և Ֆրունզիկի մասին խոսեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որի երաժշտությունը նույնպես հնչում է ֆիլմում․ «Ֆրունզիկի մեջ չկար ոչ մի նեգատիվ, նա շատ պարզ մարդ էր։ Ինքը մեզ հետ է, իր մշակույթն է դեռ մեզ հետ։ Բարեկամության մարդ էր Մկրտչյանը, տաք հարաբերությունների և սիրո մարդ էր»,- ասաց նա։

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմը ֆիլմում ներկայացրել էր Մհեր մկրտչյանի կյանքի և գործունեության հետ կապված տարբեր հետաքրքիր պատմություններ, կուլիսներում տեղի ունեցած դեպքեր։ Նրանց խոսքով՝ ֆիլմը նկարահանելիս փորձել էին չանդրադառնալ դերասանի կյանքի այն տխուր հատվածին, որից նաև ինքն էր երբեմն խուսափում։

Կինոնկարում ընդգրկված են վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, հնդիկ դերասանների և այլ անվանի մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը իր հիշողություններն էր պատմում ՝ կապված Մհեր Մկրտչյանի հետ: Ներկայացվում են դրվագներ ֆիլմերի նկարահանումներից, ցուցադրվում են բացառիկ լուսանկարներ, որոնք ամբողջացնում են Մհեր Մկրտչյանի կերպարը:

Ֆիլմի ստեղծագործական կազմի խոսքով՝ Մհեր Մկրտչյանը այսօր էլ մեզ ուղեկցում է իր սիրով, արվեստով և ջերմությամբ, և նրա մասին ասելիք դեռ շատ կա։

Ցուցադրությունից առաջ հանդիսատեսի համար ելույթ ունեցավ նաև ցուցադրության համար Վրաստանից հատուկ Հայաստան ժամանած «Տարոն»  պարային անսամբլը։

Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում:

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմն ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորը Օթար Միքելաձեն է, սցենարի հեղինակը՝ Շուշանիկ Սահակյանը:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 909

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: