Լույս է տեսել «Խաղաղության հայկական գինը» պատմաքաղաքագիտական աշխատությունը

Առաջին համաշխարհային պատերազմը, 20-րդ դարասկզբի հեղափոխությունները Ցարական Ռուսաստանում պատմության մեջ նոր դարաշրջան թևակոխելու փուլ նախանշեցին։ Կայսրության կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, չէին կարող չազդել կայսրության ծայրամասերում տեղի ունեցող ռազմաքաղաքական փոփոխությունների վրա։ Անդրկովկասում ապրող էթնիկ, կրոնական խմբերի, հակադիր ուժերի միջև պայքարից, պատերազմից ու հեղափոխություններից հետո և դրանց հիման վրա ծնվեց Հայաստանի առաջին հարապետությունը։ Իսկ պետականության կերտման գործում մեծ դեր են ունեցել հայ մտավորականները, որոնց գաղափարների ազդեցությունը պետք է հետք թողներ ողջ պետականաստեղծ գործունեության վրա։ Իսկ ինչպիսի՞ մեկնաբանության էին ենթարկվում դարակազմիկ իրադարձությունները հայ մտավորականների կողմից։ Պատմագիտական ուսումնասիրություն է ներկայացրել արևելագետ, իսլամագետ, Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարանների դասախոս Նաիրա Սահակյանը։

«Նախորդ աշխատանքս վերաբերվել է Հյուսիսային Կովկասին, բոլշևիկներին, բայց հնարավոր չէր անդրադառնալ նաև Հարավային Կովկասին, որովհետև նախ առաջինը` ես կապված եմ Հարավային Կովկասին և երկրորդը` հյուսիսային-հարավային բաժանումները շատ պայմանական են: Եթե ուզում ես ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, պետք է տեսնել այդ պատկերն ավելի լայն։ Իսկ Մինասյան մատենաշարի դրամաշնորհը շատ լավ առիթ էր` այդպիսի աշխատանքը ներկայացնելու համար»,- ասում է Նաիրա Սահակյանը։

Xaxaxutyan haykakan giny 2

Արևելագետ, իսլամագետ Նաիրա Սահակյանը սովորել է Երևանի պետական, Սանկտ Պետերբուրգի եվրոպական, Վաշինգտոնի համալսարաններում։ Այժմ հետազոտության կենտրոնում են Հարավային Կովկասն ու Ղարաբաղյան հակամարտությունը, որովհետև 44-օրյա պատերազմը ամեն ինչ փոփոխությունների ենթարկեց։ Հեղինակը գիրքը գրել է համավարակի ընթացքում, երբ գիտական կենտրոնները փակվել էին, ապա հաջորդեց պատերազմը, և հայրենիքը վտանգի մեջ էր։ Աշխատությունը ևս հայրենիքի առջև ծառացած հիմնահարցերի և մարտահրավերների մասին է, միայն թե տարբեր են տարածաժամանակային ընդգրկումները։ «Խաղաղության հայկական գինը» 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի ճակատագրի մասին է` կարծես զուգահեռներ տանելով մերօրյա իրադրության հետ։ Աշխատանքը գրվել է բարդ պայմաններում, ինչը սակայն չի խանգարել խորքային ուսումնասիրություն կատարելուն։ Հետազոտության կենտրոնում 1917 թվականի հեղափոխություններն են եղել, և դրանց վերաբերյալ մեկնաբանություններն ու վերլուծությունները։

«Երբ սկսեցի գրել աշխատանքը, արխիվները, գրադարանները փակվեցին, և դա երևի թե ամենամեծ դժվարությունն էր։ Հաջորդ ամենամեծ դժվարությունն այն էր, որ ինձ համար շատ դժվար էր գրել մի աշխատանք, որը կհետաքրքրի գիտական շրջանակից զատ այլ մարդկանց։ Եվ այս առումով կարծում եմ, որ Newmag-ի կատարած աշխատանքն անգնահատելի է։ Երբ փորձում էի հասկանալ, թե ինչ աղբյուրների հիման վրա պետք է աշխատանք գրել, ուշադրություն էի դարձնում դրանց լույս տեսնելու ժամանակահատվածին։ Առաջինը մամուլի ընտրությունն էր, քանի որ դրանք ցույց են տալիս, թե մարդիկ ինչ էին մտածում այդ պահին։ Գրեթե բոլոր հեղինակները, որոնց աշխատանքներից օգտվել եմ, մամուլից բացի նաև ունեցել են այլ աշխատանքներ, բայց դրանք գրվել են տասնամյակներ, քսանամյակներ անց, և արդյունքում այլ հայացքներ են ներկայացնում։ Մամուլում հրապարակվածը ցույց է տալիս մարդկանց ապրումներն ու զգացումները և այս առումով շատ հետաքրքիր են»,-ասում է հեղինակը։

Xaxaxutyan haykakan giny 3

Ուսումնասիրողները վերջին շրջանում հատկապես մեծ ուշադրություն են դարձնում տիրող քաղաքական իրադրության և մեկ դար առաջ տեղի ունեցածի միջև։ Այս ուսումնասիրության մեջ ևս շատ հետաքրքիր և կարևոր են նաև զուգահեռները, չնայած` հեղինակը կենտրոնացել է  1917 թվականի վրա և ներկան չի քննարկել, բայց վստահ է, որ ընթերցողը դրանք կնկատի ու կհասկանա։ Օրինակ է բերում.

«Երբ Արևմտյան Հայաստանում ռուսական զորքերն էին, և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մտել էին այդ տարածքներ, և բոլշևիկները հարց էին դնում, որ պետք է խաղաղություն առանց նախապայմանների, առանց կոնտրիբուցիաների և անեքսիաների (վերջինը ենթադրում էր, որ ռուսական զորքերն այնտեղից պետք է դուրս գային, և այս հատվածում մարդիկ քննարկում էին, թե ինչ պետք է լինի, եթե նման բան լինի, կամ ինչ կլինի, եթե ռուսները մնային), հնչում էին մի շարք թեզեր, որոնք այսօրվա քաղաքական համատեքստին շատ մոտ են թվում», - ասում է արևելագետը։
Կուռ կառույց և հետազոտական խորը աշխատանք պահանջող աշխատանքը բարձր է գնահատվում նաև հրատարակչության խմբագրի կողմից։ Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է.

«Սա պատմագիտական, քաղաքագիտական և աղբյուրագիտական աշխատանք է` աղբյուրների պատշաճ ուսումնասիրությամբ։ Այն պատշաճ և բարեխիղճ գիտական աշխատանք է, և նման գիտական աշխատանքներ քիչ են արվում Հայաստանում։ Բարեխիղճ աշխատանք է` արևմտյան ստանդարտներով կառուցված, և վստահելի տեքստ է այն առումով, որ հեղինակի վերաբերմունքը չես կարող տեսնել, թաքնված են հույզերը։ Սա դժվար է, քանի որ հատկապես պատմագիտության մեջ հեղինակը մշտապես փորձում է իր հետքը թողնել աշխատության մեջ։ Աշխատանքը նաև շատ կարևոր է տերմինաբանության առումով, քանզի տերմինների հարցում պետք է շատ ուշադիր լինել, այստեղ կան տերմիններ՝ սոցիալիզմ, աշխատավորական կուսակցություն, հեղափոխություն, հեղաշրջում, որոնց հետ պետք է զգույշ լինել, և այստեղ հստակ, կոնկրետ բնութագրեր կան»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 781

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: