Հայ կինոն 100 տարեկան է. հոբելյանական տարին հագեցած կլինի միջոցառումներով
2023 թվականի ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ ու ծրագրեր:
Հատկանշական է, որ հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառումը տեղի կունենա ապրիլի 16-ին Ա.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Այստեղ առաջին անգամ հնարավորություն կունենանք դիտելու «Երկիր Նաիրի» ֆիլմից վերականգնված դրվագներ, որն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նրա խոսքով՝ կինոյի օրվա հոբելյանական միջոցառումները կազմակերպելու համար զգալիորեն բարձրացվել են կինոարտադրության և կինոժառանգության պահպանությանն ուղղված պետական միջոցները: Հատկացվել է շուրջ մեկ միլիոն դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
«2023 թվականին կինոնկարների արտադրության բյուջեն աճել է 70 տոկոսի չափով՝ 199 միլիոն դրամից դառնալով 478 միլիոն, իսկ կինոժառանգության պահպանման համար հատկացումները աճել են 90 տոկոսով՝ կազմելով 93 միլիոն դրամ»:
Փոխնախարարը նշեց, որ հոբելյանական տարում կանցկացվեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ, «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 21-րդ, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 15-րդ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնները:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, անդրադառնալով հայկական կինոարտադրության վերջին տարիների ձեռքբերումներին, նշեց, որ դրանք հետևանքն են այն բանի, որ ազգային կինոկենտրոնը փոխել է պետական ֆինանսական աջակցություն հատկացնելու ձևաչափը: «Այսինքն՝ ազգային կինոկենտրոնը վերջին տարիներին դադարեց հանդես գալ որպես կինոարտադրող և այդ պարտավորությունը տրվեց անկախ կինոգործիչներին: Այդպիսով՝ կինոգործիչները հնարավորություն ունեցան համատեղ կինոարտադրություններ ստեղծելու, ինչն էլ մեծ հնարավորություն է տալիս հայկական կինոն լավագույն հարթականերում ներկայացնելու համար»:
Ըստ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրանի՝ կան նաև կրթական ուղղվածության ծրագրեր: «Կինոն ուսուցիչ» ծրագիր ունենք, որը, կարծում եմ, օգտակար կլինի, և շատ դպրոցներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ կինոաշխատարաններին, ցուցադրություններին ու քննարկումներին»:
«Հայկական կինոկադր» ծրագրով Հայաստանի մարզերում ևս կցուցադրվեն շուրջ հարյուր հայկական լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր, որոնց թվում կլինեն նաև հայկական կինոժառանգության վերականգնված ֆիլմերը:
Կինոյի օրվա համատեքստում հրատարակվել է «Համո Բեկնազարյան» եռալեզու պատկերագիրքը:
Անդրադարձ կկատարվի նաև մուլտմիավորման 85-ամյակին: Հարգանքի տուրք կմատուցվի կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանին՝ 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Կանցկացվեն կինոցուցադրություններ, հանդիպումներ ստեղծագործական խմբերի հետ, հեռուստանախագծեր, միջազգային գիտաժողով և այլն:
«Կինոն միայն արվեստ չէ, այն անգերազանցելի լծակ է երկրի միջազգայնացման, կամ, այսպես ասած, փափուկ ուժի կիրառման տեսանկյունից: Եվ հենց այս գիտակցումից է, որ հոբելյանական տարեթիվը դիտվում է և՛ անցյալը վերաիմաստավորելու, և՛ ներկայի խնդիրները մեղմացնելու, և՛ ապագան կանխանշելու փայլուն առիթ»,- ասաց Արա Խզմալյանը։
Կինոյի օրվան ընդառաջ` կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացան պատվոգրերի ու մեդալների:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1247