Վախ, տխրություն, բարկություն, սեր, բաժանում. երեխաները սովորում են հույզերը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում մասնակցային արվեստի նախագծի շնորհանդեսի մասնակիցները առիթ ունեցան մտնել հանգստի հավկիթի մեջ՝ ավելի մոտենալով իրենց հույզերին: Մինչ այդ ներկաները դիտեցին  «Սուզվել հույզերի մեջ» վավերագրական ֆիլմը և լսեցին բանախոսներին՝ արվեստի պատմաբան Սոնա Հովհաննիսյանին, արտթերապևտ Դիանա Գալստյանին, պարագիր Հասմիկ Թանգյանին, վիզուալ արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռին:  

Vax 1

«Սուզվել հույզերի մեջ» արտ ակցիան վիզուալ արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռի և պարուհի, պարագիր Հասմիկ Թանգյանի համատեղ աշխատանքն է: Արտ ակցիայի ընթացքում մասնակից երեխաները ուսումնասիրել են իրենց հույզերը խմբային խաղային գործընթացում, որը կազմված է արվեստի նորարարական և ներառական մեթոդներով։ Երեխաները ծանոթացել են բազային հույզերի հետ: «Հինգ հանդիպում ենք ունեցել, որոնք տևել են մեկ ժամ: Յուրաքանչյուր հանդիպումը մեկ հույզի մասին էր: Սկսեցինք վախից, հետո` բարկություն, տխրություն, սեր, և ավարտեցինք բաժանումից (սեպարացիա): Երեխաները հանգստանում էին փափուկ, սպիտակ հանգստի ձվի գրկում և լսում թռչունների ձայները: Հետո արվետսագետ Հասմիկ Թանգյանը նրանց պատմում էր հեքիաթը, այն լսելուց հետո միասին քննարկում էինք, թե որ հույզն էր հեքիաթում արտահայտված, ինչ էր զգում հերոսը: Երեխաները ցույց էին տալիս, թե իրենց մարմնի որ հատվածում է գտնվում այդ հույզը, և ունեինք հատուկ գունավոր թաշկինակներ, որոնցով երեխաները կապում էին մարմնի այն հատվածը, որտեղ գտնվում էր հույզը: Երաժշտության ներքո երեխաները հերթով ցույց էին տալիս իրենց հույզի շարժումը, և մյուսները պետք է կրկնեին: Դրանից հետո նրանք պարում էին իրենց հույզի պարը: Վերջում մենք խնդրում էինք հանել գունավոր թաշկինակները` ասելով, որ հույզը գնաց, և նրանք նորից կարող էին մտնել հանգստի ձվի մեջ»,- պատմում է Աննա Լեա-Կոպպեռին:

Vax 5

Ֆինն վիզուալ արվեստագետը, որի աշխատանքները ցուցադրվում են մի շարք նշանավոր ցուցահանդեսներում, ինչպես Վենետիկի 56-րդ ՏՏ բիենալեն և Կասելի Documenta X-ը, Հասմիկ Թանգյանի հետ հանդիպել է դեռ մեկուկես տարի առաջ, և հենց այդ ժամանակ էլ դրվել է նման նախագիծ իրականացնելու հիմքը: Նախագիծը մի քանի հայեցակետեր ունի, որոնցից մեկը ֆին արվեստագետի՝ Հայաստանի, հայ արվեստի հետ կապ ունենալն է. այս նախագիծը նրան տվեց այդ հնարավորությունը: «Ես կիսում եմ դեմոկրատական արժեքներ, և ինձ համար կարևոր է, որ երեխաներն ունենան հնարավորություն` ազդեցություն գործելու սոցիումի վրա: Մի բան է տեսական գիտելիքներ ունենալ, և մի այլ բան է, երբ այն գործնական դաշտ ես տեղափոխում: Սա ինձ համար լավ փորձառություն էր, քանի որ աշխատեցի նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ: Ես ոչ հոգեբան եմ, ոչ էլ  մանկավարժ, բայց իմ աշխատանքները ներառում են թերապևտիկ և մանկավարժական էլեմենտներ: Այս համագործակցությունն ինձ համար հաջողված էր: Ես աշխատել եմ մարդու հետ, որը քաջատեղյակ է երեխաներին, և ստացվեց արվեստը նաև թերապևտիկ ձևով կիրառել»,- նշում է ֆինն արվեստագետը:

Vax 6

Նախագիծն իրականացվել է Ֆիննական մշակութային հիմնադրամի, Արվեստարան ստեղծարար զարգացման կենտրոնի և Ժամանակակից պարագրության լաբի (ՔոՔոԼաբ) հետ համագործակցությամբ։ «ՔոՔոԼաբ»-ում են սովորում նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ: Նրանց հետ աշխատանքը Աննա Լեա-Կոպպեռի համար փոքր-ինչ տարբերվող  է եղել. երեխաներն ավելի անհանգիստ էին, և այլ բնավորություն ունեին, բայց ժամանակի ընթացքում նրանք էլ կարողացան ներգրավվել նախագծում:

Vax 7

Պարագիր Հասմիկ Թանգյանը նշում է, որ երեխաների հետ նա հաճախ է խոսում հույզերի, երազանքների մասին, և սա էլ նման նախագիծ էր: Երեխաներին հատկապես դուր էր եկել հանգստի ձվի գաղափարը: «Երեխաները ոգևորված էին, քանի որ ծանոթ էին նաև ռելաքսացիոն տեխնիկաներին. իրենց շատ-շատ դուր եկավ ձվիկի սիմվոլը: Այս նախագիծն ինձ  ևս մեկ անգամ արվեստագետի հետ համագործակցելու և արվեստագետի աշխատանքը մեր աշխատանքում ներառելու հնարավորություն էր: Մեր ուղղվածությունը պարի խմբի ստեղծարար մոտեցումն է: «ՔոՔոԼաբ»-ի առաքելությունն է հեղափոխել ժամանակակից պարի և պարագրության ընկալումը Հայաստանում»,- պատմում է Հասմիկ Թանգյանը: Նա ծնողներից տարբեր արձագանքներ է ստացել` թե՛ դրական, թե՛բացասական, բայց  հիմնականում դրական արձագանքներ են եղել: Անգամ երեխաներից ոմանք սկսել են արտահայտել հույզերը:

Vax 9

Խոսելով հույզերի կարևորության մասին՝ արվեստագետը նշում է, որ երեխաներին հույզերի հետ պետք է ծանոթացնել դեռ փոքր տարիքում: Նա առանձնահատուկ նշում է բարկության հույզի մասին: «Դու չպետք է ինքդ քեզ կամ ուրիշին վնասելով արտահայտես հույզը: Երբ մենք երեխաներին սովորեցնում ենք ճիշտ արտահայտել իրենց հույզերը, մեծ տարիքում նրանք առավել հավասարակշռված մեծահասակներ են դառնում: Շատ հաճախ եմ նկատում, որ ծնողները ցանկանում են, որ իրենց երեխան սովորի շատ լեզուներ, փայլուն իմանա բնագիտական առարկաներ և այլն, բայց հոգ չեն տանում, որ երեխան ճանաչի սեփական հույզերը: Նրանք մեծ տարիքում դեռ կարող են սովորել լեզուներ կամ այլ առարկաներ, բայց երբ չեն ճանաչում հույզերը, կարող են մեծ տարիքում շատ դժվարությունների հանդիպել»,- եզրափակում է խոսքը արվեստագետը:

Vax 10

Այս նախագիծը երեխաներին սովորեցրել է, որ սխալներ չկան որևէ բան զգալիս, և անգամ բացասական էմոցիան ունի ուժ, էներգիա, և լավ է, որ դա զգում և դուրս են հանում:  

Մերի Հովհաննիսյան

Լուսանկարները` Աննա-Լեա Կոպպեռի

  • Created on .
  • Hits: 1424

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: