Դարդեն եղբայրներ. ինչպես ֆիլմը մոտեցնել քեզ՝ վերացնելով բաժանարար գծերը

ֆրանկոբելգիական կինոյի ծայրամասի հազվագյուտ գիտակներ Դարդեն եղբայրները տասնամյակներ շարունակ փորձում են միասին մտորել՝ ներկայացնելով ներկան իր բարդ ու դժվարին նրբերանգներով, որոնք սակայն չեն զարդարվի հանդիսատեսի «աչքին հաճո հուզիչ փոթորկումներով», այլ փոթորկումներով, որոնք կարող են բնորոշ լինել ցանկացած մարդու, որը հայտնվել է իր կատարումի վերջին աստիճանին՝ ինքն իր առջև, իր խղճի առջև։    

Դարդենները ֆիլմեր են նկարահանում այնտեղ, որտեղ նրանք ծնվել են՝ բելգիական արվարձաններում և արդյունաբերական գոտիներում: Այնտեղ ծնվում են դրամատուրգիական ճշգրտությունը, համակարգված բախումները, և որ ամենակարևորն է՝ դրանք դառնում են բնական։

Darden exbayrner 2

Սոցիալական, հոգեբանական, քաղաքական բարդ իրավիճակների մասին մտածելու ու ֆիլմեր նկարահանելու ճանապարհին Դարդենների ֆիլմերը նոր տարածություններ են գրավել՝ դարձնելով ֆիլմերը համամարդկային խնդիրների մասին արձագանքներ։ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրները, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներն իրենց ֆիլմերով ներկայացան նաև Հայաստանում։ Այս տարի «Ոսկե ծիրան»-ի պատվո մրցանակը կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար շնորհվեց Դարդեն եղբայրներին։ Ոսկե Ծիրան կինոփառատոնի պատվավոր հյուրերը եղան «Սինեմատեք» կինոթանգարանում, Երևանի Կինոյի տանը` իրենց մաղթանքը թողնելով «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին։ Հանդիսատեսը հնարավորություն ուներ հետևելու Ոսկե Արմավենու դափնեկիր ֆիլմերին։

Darden exbayrner 3

Փառատոնի հատուկ հյուրերից է նաև Կաննի կինոփառատոնի՝ արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածաշրջանի կինեմատոգրաֆների փորձագետ, կինոգետ, կինոյի պատմաբան Ժոել Շապրոնը, որը վարեց Դարդեն եղբայների հետ քննարկումը։ Շապրոնը սկսում է Դարդենների գործունեության վաղ փուլերում տեղ գտած ստեղծագործություններից և փորձում պարզել, թե ինչպես ռեժիսորները դրանից հետո նոր ուղղություն բռնեցին՝ կատարելով կտրուկ փոփոխություն։

«Դա ես համարում եմ ամբողջական ձախողում և՛ ֆինանսական, և՛ քննադատական տեսակետից, և՛ հանրության առումով։ Եվ այդ ժամանակ մենք մեզ հարց տվեցինք՝ ինչն ենք սխալ արել․ եթե փորձենք պատասխանել, ապա պատճառն այն էր, որ մենք այդ պահին ներկա չէինք։ Իսկ ինչն է ռեժիսորին դարձնում ներկա, դա այն ժամանակն է, երբ նա տեղադրում է տեսախցիկը և տեղում է գտնվում։ Մենք եղբորս հետ դրել էինք կինոյի այն ինդուստրիան, որն իրականում Բելգիայում այնքան էլ գոյություն չունի։ Մենք ծախսում էինք մեծ գումար, խոշոր դերասաններ նկարահանում, սակայն հավանաբար մեր ձախողման պատճառն այն էր, որ մենք չէինք հասկանում, թե ինչի մասին է մեր ֆիլմը։ Ձախողումից հետո մենք կորցրել էինք ֆիլմ նկարելու հաճույքը և մենք ուզում էինք վերագտնել այն։ Որպես հաջորդ քայլ՝ մենք որոշեցինք մոտեցնել ֆիլմն ինքներս մեզ՝ շրջապատելով մեզ մեր ընկերներով, դերասաններով, դեկորներով, միջավայրով։ Որոշեցինք ինքնուրույն գրել սցենար, վերացնել բաժանարար գծերը մեր և ֆիլմի միջև։ Արդյունքում մենք ստեղծեցինք ֆիլմ, որը մեր ցանկացած ֆիլմն է»,- ասում է Լյուկ Դարդենը։

Darden exbayrner 4

Առաջին հայացքից Դարդենների պատմությունները եվրոպացիների ծանր կյանքի մասին են, որոնք ներգրավված են քրեական գործերի մեջ, կորցրել են իրենց աշխատանքը և հայտնվել «կյանքի եզրին»։ Այս ֆիլմերում մարդիկ պայքարում են իրենց գոյության համար, նաև մարդ կոչվելու իրավունքի համար։

«Դարդենների ֆիլմերը գրեթե նման սցենարական հիմք ունեն, դրանք խոսում են պայքարի, պատերազմի, պատերազմի հասնող պայքարի մասին։ Դրանք ֆիլմեր են, որտեղ հերոսները փորձում են ազատվել, ազատագրվել որևիցե բանից։ Ֆիլմերում կենտրոնական տեղ են գրավում հերոսները՝ կերպարները․ դա անգամ ֆիլմերի անվանումներից կարելի է նկատել, այսինքն՝ դեկորը գալիս է կերպարի հետևից»,- ասում է Ժոել Շապրոնը։

Darden exbayrner 5

Ահա այդ սահմանին է հայտնվում հերոսը, որը միաժամանակ ուրախ է, անվերջ շարժուն ու համառ։ Իսկ այդպիսի հերոսներին հետևելիս անտարբերության մասին խոսելն ուղղակի ավելորդ է՝ կամ հիացմունքի նշույլներ են, կամ էլ ատելության զգացմունքներն են պատում։

«Մենք սիրում ենք մեր հերոսներին՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք մյուսների օգնությամբ պայքարի միջոցով հաջողության հասնում։ Բացահայտելով մյուսներին՝ նրանք բացահայտում են իրենց իսկ մարդկային կողմը։
Բացի այդ, հերոսները կարողանում են ծածկել դեկորները՝ դրանք դարձնելով երկրորդական, քանի որ երբեմն չափազանց գրաֆիկական դեկորը կարող է խանգարել կերպարներին։ Նկարահանման աշխատանքների ընթացքում մենք շատ ենք սիրում փորձեր անել և նաև խորեոգրաֆիան ենք կարևորում՝ հասկանալու համար, թե ինչպես է դեկորի հետ աշխատում հերոսի մարմինը։ Այսինք՝ պետք է պարզել՝ ինչպես է մարմինը միավորվում դեկորի հետ կամ առանձնանում դրանից։ Մենք աշխատում ենք հետևյալ հնարքով․ տեսախցիկը դնում ենք սխալ վայրում, որպեսզի տեսախցիկը չկարողանա հետեւել մարմնին, որպեսզի այն փախչի տեսախցիկից, մենք ուզում ենք, որ դուք շարժեք Ձեր գլուխը՝ տեսնելու, թե ուր է գնում հերոսը»,- պատմում է Ժան-Պիեր Դարդենը։

Darden exbayrner 6

Ստեղծագործելով արևմտաեվրոպական բարգավաճ քաղաքակրթական կենտրոնում, ռեժիսորները պատմում են բարգավաճ հասարակության կողքին զուգահեռ գծվող «խեղված» ու «տկար» հասարակության կյանքի դժվարին խնդիրների մասին։ Խնդիրներ, որոնք նկատելիս հասարակությունը բախվում է հենց իր արատներին ու գոյության կռիվ տալիս ինքն իր հետ։

«Մի շարք ֆիլմերում մենք փորձում ենք տեսախցիկը շատ շարժել, որպեսզի այն հերոսների հետ առաջ գնա։ Եվ բնականաբար մենք ընտրում ենք դերասաններ, որոնք կարող են այդ պայմաններում խաղալ դերը։ Սցենարական աշխատանքները, որ առաջարկում ենք, կարծես թե հիպոթեզի են նման, նկարահանման հրապարակում մենք փորձում ենք, սխալվում ենք, իսկ սխալվելը լավ բան է։ Անում ես սխալներ, փորձեր և վերջիվերջո հասնում ես ցանկացածին։ Փորձերի ժամանակ մենք բռնում ենք ֆիլմի ռիթմը և այն թե՛ մեզ, թե՛ դերասններին թույլ է տալիս լինել այստեղ և հիմա։ Դա թույլ է տալիս միայն այդ փորձառությունը»,- հավելեց Լյուկ Դարդենը։

Ինչպես Դարդեններն են ասում, միգուցե հենց դա է կինոարվեստի հայելին՝ թույլ տալ հանդիսատեսին բացահայտել ինքն իրեն։ Չճանաչել իրեն, ընդունել իրեն՝ որպես մեկ ուրիշը, դառնալ տարբեր։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 997

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: