Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մեկնարկել է «Չարենցյան ամառ» ծրագիրը
Ամառային հանգստին կրթամշակութային հետաքրքիր նախագծով միանալու կոչով հերթական անգամ իր դռներն է բացել Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Իր գործընկեր Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ թանգարանում մեկնարկել է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը։ Որպեսզի հետազոտական հսկայական աշխատանքները միայն չսահմանափակվեն գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողների բացահայտումներով, Եղիշե Չարենցը մի ծրագիր ուներ՝ «Մանուկ ընթերցողների կոնֆերանսը»։ Այս նախագիծը կարծեք թե նմանատիպ այլընտրանքային ծրագրի իրականացումն է: Արդյունքում 14-ից 17 տարեկան պատանի դպրոցականները հնարավորություն ունեն իրենց ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ։ Նախագիծը նաև մասնագիտական կողմնորոշման հարցում էլ կարող է օժանդակել, ինչպես նաև կամրապնդվի դպրոց-թանգարան կապը:
«Ծրագիրը մեկնարկել է հունիսին և կեզրափակվի հոկտեմբեր ամսին։ Դա շատ կարևոր ծրագիր է 14 տարեկան պատանիների համար` ավելի խորը ծանոթանալու Եղիշե Չարենցի ապրած ծանր ժամանակաշրջանի և իր ժամանակակիցների հետ։ Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկել ենք «Չարենցյան ամառ» ծրագիրը, որը իրենից ենթադրում է մի քանի փուլ։ Առաջին փուլում պետք է ամբողջ ամառվա ընթացքում պատանի դպրոցականները իրենց ուսուցիչների հետ միասին իրականացնեն հետազոտական աշխատանք։ Նախ փորձում ենք իրականացնել Չարենցի երազանքը, որն էր մանուկ ընթերցողների կոնֆերանսի գաղափարը»,- ասում է թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Այս տարի հետազոտական աշխատանքի խորագիրն է «Չարենցը և իր ժամանակակիցները»։ Նպատակը Եղիշե Չարենցի կերպարի ուսումնասիրումն ու բացահայտումն է, ժամանակաշրջանի խոշոր գործիչների հետ հարաբերությունները քննարկելը, գրական ժառանգության ներկայացումն ու ուսումնասիրումը։
Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝
1.Հետազոտական աշխատանք
2.Կոնֆերանս
3.Նյութերի ժողովածուի հրատարակում:
«Սա կարծես այլընտրանքային ձևաչափն է. առաջին փուլում հետազոտական աշխատանք ամբողջ ամառվա ընթացքում. հայտերը ընդունում ենք մինչև սեպտեմբերի 20-ը։ Դրանից հետո արդեն իրենք կվերլուծեն, այդ հայտերը կուղարկեն մեզ, որից հետո կկազմակերպվի կոնֆերանսը Հայաստանի գրողների միությունում։ Մենք կփորձենք ընտրել լավագույն աշխատանքները, կփորձենք դրանք պատրաստել տպագրության»,- հավելեց Ժաննա Մանուկյանը։
Նախագծի կազմակերպիչների կողմից հաստատված հանձնաժողովը հայտարարում է հետազոտական աշխատանքի խորագիրը, իսկ հետո աշակերտները ուսուցիչների խորհրդատվությամբ ուսումնասիրում են Եղիշե Չարենցի կյանքն ու գործը, ազդեցությունը, հայացքները։ Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները մասնակցելու են Ուսուցչի օրվա շրջանակում կազմակերպվող կոնֆերանսին: Իսկ վերջնական փուլում արդեն լավագույն հետազոտական աշխատանքները կհրապարակվեն:
«Չարենցյան ամռանը» անհամբեր սպասել է նաև 15-ամյա Աննա Կարապետյանը։ Նախորդ տարի կրթական առումով հագեցած ամռան արդյունքում չի հասցրել դիմել ամենամյա այս նախագծին։ Այս տարի արդեն մեծ ոգևորությամբ ու սպասումով է լրացրել հայտը։ Մեծ ցանկություն ունի իրականացնել իր նախանշած հետազոտական ծրագիրը։
«Եղիշե Չարենցը պատկանում է իմ սիրելի գրողների շարքին։ Ոչ միայն ստեղծագործություններն են ինձ հետաքրքրում, այլև իր կյանքն ու սկզբունքները, պայքարը և դրանց արտացոլումը ստեղծագործություններում։ Դպրոցական ծրագրի և ուսուցիչների ուղղորդմամբ նաև լրացուցիչ հարուստ գրականության և նաև տեսական նյութի ուսումնասիրության արդյունքում ուզում ենք հետաքրքիր բացահայտումների հասնել ու արդյունավետ աշխատանք ներկայացնել։ Հուսով եմ, որ նախագիծը հետաքրքիր կլինի և կհաստատվի»,- ասաց աշակերտուհին։
Թանգարանն այլ անակնկալներ ևս խոստանում է. նախ տրվել է Ակադեմիական երկերի ժողովածուի առաջին հատորի հրատարակման մեկնարկը, մինչև տարեվերջ նշվելու է շնորհանդեսը։ Այս տարի նաև նախատեսվում է Չարենցի 125-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների կատալոգը կազմել, որը ևս մինչև տարեվերջ պատրաստ կլինի։ Դրանց էլ կհետևի Չարենցի 125-ամյակի շրջանակում կազմակերպված հանրապետական գիտաժողովի նյութերի հրատարակումը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 832