• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Բրիտանական թանգարանի սեպագիր սալիկների պահապան պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը կօգնի Հայաստանում սեպագրագիտության տարածման հարցում

Բրիտանական թանգարանի սեպագիր սալիկների պահապան պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը կօգնի Հայաստանում սեպագրագիտության տարածման հարցում

Բրիտանական թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 4-ին Երևան էր ժամանել աշխարհում սեպագրագիտության և Հին Մերձավոր Արևելքի հնագույն շրջանն ուսումնասիրող թերևս ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Բրիտանական թանգարանի Միջին Արևելքի դեպարտամենտի պահապան, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը:

Պրոֆեսոր Ֆինքելը սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին Էրեբունի թանգարանում սեպագրի հիմքունքների վերաբերյալ անվճար դասախոսություններ է իրականացրել հայ ուսանողների և թեմայով հետաքրքրված մասնագետների համար: Իրվինգ Ֆինքելը նաև աշխարհի ամենահին քարտեզի (բաբելոնյան քարտեզ) հետազոտողներից մեկն է: Պրոֆեսոր Ֆինքելը սեպտեմբերի 8-ին բաց դասախոսությամբ հանդես է եկել այդ քարտեզի վերաբերյալ, որտեղ նշված է նաև Հայաստանը:

Հանրահայտ պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը Հայաստան այցի ընթացքում եղել է Մաշտոցյան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, արգելոց-թանգարաններում և այդ մշակութային, գիտնական հաստատություններից անմոռանալի տպավորություններով դուրս եկել։

Erebuni Irving Finqel 2

Cultural.am-ը զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի՝ Հայաստան կատարած այցի մասին։

Ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի այցը Հայաստան։ 

Մենք արդեն մեկ տարուց ավելի համագործակցում ենք Բրիտանական թանգարանի հետ, որը համարվում է աշխարհում ամենահայտնի և լավագույն մշակութային հաստատություններից մեկը։ Մայիսից մինչև օգոստոսի 14-ը Բրիտանական թանգարանում տեղի ունեցավ «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը,  որտեղ ներկայացվել էր Էրեբունի թանգարանից արծաթյա հեծյալի եղջերագավաթը՝ ռիտոնը։ Երբ մենք քննարկում էինք, ընտրում ցուցանմուշը, սկսեցինք աշխատանքները Բրիտանական թանգարանի հետ, բավական ջերմ հարաբերություններ հաստատվեցին մեր բրիտանացի գործընկերների հետ։ Ես ինքս խնդրեցի ցուցահանդեսի համակարգող Ջեյմս Ֆրեյզերին  հնարավորության դեպքում փորձել օգնել, աջակցել Էրեբունի թանգարանի գաղափարներին, իրականացվեն սեպագրի վարպետաց դասեր աշխարհահռչակ, մեծավաստակ գիտնական պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի կողմից, ինչին շատ դրական արձագանք եղավ։ Մենք սկսեցինք աշխատել այս ուղղությամբ, առցանց հանդիպումներ ունեցանք պրոֆեսորի, Ջեյմս Ֆրեյզերի հետ։

Erebuni Irving Finqel 3

Երբ ես Բրիտանական թանգարանում էի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների համար, ես բացատրեցի, որ մենք ուրարտական ժառանգության կրողներն ենք, սակայն, ցավոք, սեպագրի մասնագետները Հայաստանում քչանում են և կարիք ունենք ստեղծելու սեպագրագետների դպրոց, բացատրեցի, թե ինչքան կարևոր է դա Հայաստանի համար։ Մեզ առաջարկ եղավ Բրիտանական թանգարանի մեր գործընկերներից՝ ինչ ենք մտածում, եթե պրոֆեսոր Ֆինքելը ժամանի Հայաստան։ Ես ուղղակի խոսքեր չունեի, դա մեզ համար ֆանտաստիկ երևույթ էր։ Մենք անմիջապես համաձայնվեցինք, դիմեցինք Բրիտանական թանգարանի տնօրենին, եղավ դրական արձագանք։

Այս ամբողջ գործընթացը տևել է մեկ տարի, ու ինչպես տեսնում ենք, այդ ամենը դարձավ իրականություն։

Սա Իրվինգ Ֆինքելի առաջին այցն է Հայաստան։ Խոսքը մի մասնագետի մասին է, որը աշխարհի ամենամեծ սեպագիր սալիկների հավաքածուի՝ Բրիտանական թանգարանի շուրջ 130 հազար սեպագիր սալիկի պահապանն է, գիտնականի յութուբյան էջում դիտումներն անցնում են 6 միլիոնը։

Շատ ջերմ մթնոլորտում պրոֆեսորն Էրեբունի թանգարանում անցկացրեց վարպետության դասերը։ Բավական մեծ թվով մասնակիցներ կային, մեծ խանդավառությամբ ներկա էին դասերին, որոնք և տեսական էին, և գործնական։ Կավե սալիկների վրա մասնակիցները փորձում էին սեպագրով գրել, հասկանալ։ Շատ հետաքրքիր դասախոսություն ունեցավ աշխարհի ամենահին քարտեզի՝ բաբելոնյան քարտեզի մասին, որտեղ նշված է նաև Ուրարտուն, այսինքն՝ Հայաստանը։

Erebuni Irving Finqel 4

Պրոֆեսորն իր հետ բերել էր «Ուր» արքայական խաղ-տախտակը, նվիրել թանգարանին։ Մեր մասնակիցները հնարավորություն ունեցան խաղալ աշխարհի հնագույն այդ խաղը։

Ինձ համար, մեր թանգարանի համար շատ կարևոր է կրթությունը․ որակյալ կրթությունն է մեր ապագան։ Ինձ համար որակյալ կրթությունն է հայրենասիրություն։ Սա կարևոր քայլ էր, ու նայելով այդ մասնակիցների աչքերին, տեղեկանալով, որ նրանցից մի քանիսն արդեն ուզում են սեպագրով զբաղվել՝ կարծում եմ, մեր վարպետաց դասերն առավել քան հաջողված են։ Սա հայագիտության համար մեծ իրադարձություն է։

Էրեբունի թանգարանն անվճար հարթակ է ստեղծել, որպեսզի մեր հասարակության տարբեր անդամներ գան ու ներկա լինեն հայտնի գիտնականների դասախոսությունների։

Erebuni Irving Finqel 1

Սա պրոֆեսորի առաջին այցն է Հայաստան, այսինքն մինչ այժմ նա շատ ցուցանմուշներ՝ կապված ուրարտական, առհասարակ հայկական արվեստի հետ, տեսել է միայն լուսանկարներով։ Հիմա նա հնարավորություն ունեցավ այդ ամենի բնօրինակները տեսնել։ Ինչպիսի՞ն էր տպավորությունը՝ լուսանկարներից հետո տեսնել բնօրինակները։

Պրոֆեսորն այցելել է Հայաստանի տարբեր մշակութային հաստատություններ՝  Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Ժողովրդական արվեստի թանգարան, «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» արգելոց-թանգարաններ։ Էրեբունի թանգարանում տեսած նյութերով հիացած էր, գնահատեց մեր կողմից  իրականացվող աշխատանքը, կրթական ծրագրերը, մեզ ասաց՝ կանգ չառնենք, նման կերպ շարունակենք։ Մենք շատ շնորհակալ ենք և՛ իրեն, և՛ Բրիտանական թանգարանին, որ այս ամենն իրականություն դարձավ։

Իր խոսքերով՝ ինքը Հայաստանից հեռանում է շատ դրական տպավորություններով, կարծում եմ՝ այս այցը հետագայում հիմք է դնելու այլ, բավական արդյունավետ նախագծերի՝ կապված Հայաստանի հետ։

Erebuni Irving Finqel 2

Ներկայացնելով աշխարհի ամենահին քարտեզը, որի վրա իր հատուկ տեղն ունի նաև Ուրարտուն՝ Հայաստանը, կարո՞ղ ենք ասել՝ պրոֆեսորը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ հայերն այս տարածաշրջանում բնակվել են դեռ հազարամյակներ առաջ։

Ես իր հետ նման հարցերի մասին չեմ խոսել։ Կարծում եմ՝ հազարամյակների ժողովուրդ լինելն ապացուցվում է ժառանգությունը կրելով, ոչ թե բառերով ու տեքստերով։ Եթե նստած ենք մի սեղանի շուրջ, գեղեցիկ կենացներ ասում, խմում տապիկների ու պապիկների, ծնողների համար, բայց մեր տունը թողնում ենք անտեր, և ունենք նենգ հարևան, որ նայում է՝ լավ չենք տեր լինում մեր տանը, սկսում է  կամաց-կամաց ինչ-որ ձևով հրապուրել ու վերցնել ժառանգությունը, նա է դառնալու դրա տերը։ Մեզ պետք է ոչ թե բառերով, իմիտացիայով, այլ իրական աշխատանքով, պատասխանատությամբ լինենք մեր ժառանգության տերը։

Erebuni Irving Finqel 3

Կա՞ն արդեն ծրագրեր, որոնք առաջիկայում կիրականացվեն Բրիտանական թանգարանի, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի հետ։

Մենք բազմաթիվ մտքեր ունենք, չեմ կարծում, որ հիմա տեղին է  բարձրաձայնել դրանց մասին։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում դրանցից մի քանիսը կսկսվեն իրագործվել։ Շատ կարևոր է գիտական համագործակցությունը։ Պրոֆեսոր Ֆինքելը փորձելու է ամեն կերպ օգնել մեզ Հայաստանում սեպագրագիտության տարածման հարցում։ Իր ամեն մի խորհուրդն անգնահատելի արժեք ունի։ Այն ժամանակը, որ իր հետ նստել, զրուցել եմ, խորհուրդներ եմ ստացել, իմ մտածելակերպի մեջ նոր փոփոխություններ են բերել։ Նման մասնագետի հետ կապ ունենալն արդեն մեծ նվաճում է։

Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Լուսանկարները տրամադրել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, նաև՝ Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Տ․Մ․

  • Created on .
  • Hits: 851

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: