Լույս է տեսել «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գիրքը

Նոյեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրադարանի կողմից հրատարակված «Եղիշե Չարենց.Մատենագիտություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Եղիշե Չարենցի 125-ամյակին:

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ գրքի հրատարակումը նախատեսվում էր իրականացնել Չարենցի 100-ամյակին, սակայն տարբեր պատճառներով դա չհաջողվեց: Եվ ահա շուրջ 2 տարվա համառ աշխատանքից հետո հնարավոր եղավ լույս ընծայել այն: «Աշխատել ենք ԱՊՀ գրեթե բոլոր գրադարանների հետ: Պարզվեց՝ Չարենցը թարգմանվել է Խորհրդային միության բոլոր լեզուներով, այն, ինչ-որ չկար, հայթհայթել ենք ամբողջ սփյուռքից»,- ասաց նա:

Charenc MAtenagitutyun 2

Հավաքված հարուստ նյութը վերստուգելու, գրադարանում չեղած գրքերի մասին այլ աղբյուրներից տեղեկություններ ստանալու և ընդհանուր աշխատանքը համակարգելու գործում մեծ  ներդրում է ունեցել ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը, որը հանդիսանում է նաև հրատարակության պատասխանատու խմբագիրը: 

«Գրքում զետեղված են Չարենցի գրքերը (1914-2022), նրա կազմած, խմբագրած, թարգմանած գրքերը  (1922-1935), Չարենցի մասին գրքերը (1924-2022), օժանդակ ցանկեր և լուսանկարներ: Կազմի, կրկնակազմի ձևավորման  համար օգտագործվել է Եղիշե Չարենցի 1932 թվականի հրատարակությունը, որը, սխալված չեմ լինի, եթե ասեմ, համարվում է Չարենցի կյանքի ընթացքում կազմված գրքերից լավագույնը»,- գրքի շնորհանդեսին ներկայացրեց Հայկանուշ Ղազարյանը:  

Charenc MAtenagitutyun 3

Նյութերը նկարագրված են տեսածի հիման վրա տպագիր կամ թվային պատճենների բնագրերի ուսումնասիրությամբ: Առհասարակ, տարատեսակ մատենագիտությունները (գրքի և մամուլի ժամանակագրական, տեղային-աշխարհագրական, անհատական և այլն) ունեն մեկ ընդհանրություն: Մատենագիտական հրատարակությունների կազմման համար պարտադիր պայմաններ են բնագրերի ուսումնասիրությունը, ծանոթագրումը, նկարագրվող նյութի և գրառման նույնականացման պահպանությունը, նյութերի որոնելիությունն ապահովող օժանդակ ցանկերի առկայությունը: Այս առումով գիրքը արժեքավոր տեղեկություններ կարող է տալ չարենցագետներին և չարենցասերներին:  Ի դեպ, պատրաստվում է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը:

Charenc MAtenagitutyun 4

Նկատենք, որ Ե.Չարենցը թարգմանվել է լեհերեն, իտալերեն, անգլերեն, թուրքմեներեն, գերմաներեն, արաբերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Չարենցի մատենագիտական այս ժողովածուում ընդգրկվել են Չարենցի ոչ միայն հայերեն, այլև 21 լեզուներով հրատարակված առանձին ստեղծագործություններ և ժողովածուներ:

Գրքի խմբագիր, չարենցագետ, բ.գ.դ, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը գրքի ներածական  մասում նշել է. «Չարենցի հանդեպ հետաքրքրությունը թելադրում է մի գաղափար՝ ազգային գրադարանում ստեղծել Չարենցյան սրահ՝ մի տեղ հավաքելով այն, ինչ կա և աստիճանաբար համալրել այն ամենով, ինչ բացակա է: Սա կլինի մի կենտրոն, որտեղ կհավաքվի հնարավոր ամեն ինչ և մեծապես կնպաստի Չարենցի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրության և քարոզչության գործին: Այս ամենը պայմանավորված է Չարենցի պատմական նշանակությամբ, որովհետև նրա տեղը 20-րդ դարի համաշխարհային պոեզիայի, ընդհանրապես՝ գրականության ամենամեծերի շարքում է: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք նրա դերն ու նշանակությունը այդ աստիճանի վրա վեր պահելու համար»: Արձագանքելով խմբագրի այս գաղափար-առաջարկին՝ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն ժաննա Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց իրենց թանգարանում նման սրահ բացել:

Charenc MAtenagitutyun 5

Չարենցի «Մատենագիտության» ստեղծման աշխատանքները ազգային գրադարանը նախաձեռնել է իրականացնել 2 պրակով՝ գրքեր և հոդվածներ:

Այս գրքից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած նյութերը և լրացումները կընդգրկվեն երկրորդ պրակում:

«Այն գիրքը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, ընդամենը Չարենցի գրքերի մատենագիտությունն է, չարենցյան գրքերն են, մնացած մասը՝ մամուլը, կլինի երկրորդ պրակում, որի աշխատանքներն արդեն տարվում են: Պետք է այնպես անենք, որ ոչինչ դուրս չմնա: Վերջերս տարբեր տեղերում տպագրված մի քանի հուշ հայտնաբերեցի, որը նշանակում է՝ որոնումները դեռ պետք է շարունակել»,- ասաց Դավիթ Գասպարյանը: 

Charenc MAtenagitutyun 6

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Եղիշե Չարենցի կյանքի ընթացքում հրատարակված գրքերը, Չարենցի՝ Պետհրատում աշխատած տարիներին նրա խմբագրությամբ և նշանավոր նկարիչ-ձևավորողների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ձևավորմամբ գրքերը, Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակված գրքեր և շատ այլ նյութեր:

Շնորհանդեսը կարծես առիթ հանդիսացավ չարենցագիտական հավաքածուն նոր նյութերով համալրելու համար: Չարենցի մակագրությամբ գրքի բացառիկ նվիրատվություն արեց «Սոխո Սենթր» ընկերությունը, որը գրադարանին նվիրեց Գարեգին Բեսի՝ Չարենցի ընծայագրով գիրքը։ Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Չարենցի՝ գերմաներեն թարգմանությամբ գիրք նվիրեց, որն ազգային գրադարանը չուներ, իսկ Չարենցի տուն-թանգարանը՝ չարենցյան թղթային և էլեկտրոնային տարբեր հրատարակություններ։

Միջոցառման ավարտին հնչեց Չարենցի «Տաղ անձնականը»՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ:

Լուսանկարները՝ Cultural.am-ի, Հայաստանի ազգային գրադարանի

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 913

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: