Գրականությունը՝ հոգու ամրապնդման ուսուցողական ձեռնարկ. Արթուր Անդրանիկեանի բանախոսությունը

Այսօր հայ հասարակությունը կարիք ունի բժշկահոգեբանական դիտանկյունից խնդիրներին մոտեցում ցուցաբերած գրականության, որը նաև հոգու ամրապնդման ուսուցողական ձեռնարկ է։ Նման համոզմունք ունի բանաստեղծ, գրականագետ, սփյուռքագետ Արթուր Անդրանիկեանը։

«Անշուշտ, նման գրականության կարիք կա, բայց պետք է կարողանանք տեղ հասցնել, քանի որ այսօր, չեմ ուզում պախարակել, բայց գիտենք, թե որն է լայն սպառման գրականությունը՝ էժանագին ու մարդկանց առօրեական պահեր նկարագրող սյուժեներ։ Մենք պետք է նպաստենք, որ այդ գրականությունն իր կենսագործունեթյունը շարունակի հասարակության մեջ, քանի որ հասարակության հոգևոր ապաքինման համար հենց նման գրականությունը  շատ անհրաժեշտ է»,- cultural.am-ի հետ զրույցում ասում է Արթուր Անդրանիկեանը։

Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Արթուր Անդրանիկեանի բանախոսությունը «Բժշկության հոգեբանական ներգործությունը գրականության մեջ» թեմայով: Բանախոսն անդրադաձավ 8 հայ գրողների (Ծերենց, Նահապետ Ռուսինյան, Ռուբեն Սևակ, Շավարշ Նարդունի, Հրաչ Զարդարյան, Ժիրայր-Վահէ Մալճեան, Իգնա Սարըասլան և Վարդգես Դավթյան) ստեղծագործությունների՝ նրանց գրական երկերում հոգեբանական, խորքային բացահայտումներ անելու տեսակետից։

«Այս գրողներին ես եմ ընտրել։ Նրանցից շատերի՝ Շավարշ Նարդունու, Հրաչ Զարդարյանի, Ժիրայր-Վահէ Մալճեանի, Իգնա Սարըասլանի ստեղծագործությունները ես եմ հրատարակել իմ առաջաբանով։ Ամենակարևորը՝ որոշ գրողների ժողովածուների առաջաբանը գրել եմ արևմտահայերեն հատուկ միտումով, որ նրանց գրականությունը արևմտահայոց մտքից է բխում»,- ասում է Ա. Անդրանիկեանը։ Բացի այդ, նրա խոսքով՝ այսօր արևմտահայերենի վիճակն այնքան էլ լավ չէ.  ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների՝ արևմտահայերենը գտնվում է անհետացող լեզուների առաջին  տասնյակում։ Նաև դրանով է պայմանավորված, որ գրականագետն արևմտահայերենը ներկայացնելու համար որոշ գրքերի առաջաբաններ գրել է  հենց արևմտահայերեն, որպեսզի դույզն-ինչ կարողանա նպաստել սրբազան լեզվի պահպանմանը։

Andranikean dasaxosutyun 3

Անդրադառնալով բանախոսության համար ընտրված հեղինակներին, և թե ինչն է նրանց կապում՝ ասում է. «Ես այս գրողների մոտ տեսնում եմ բժշկության հոգեբանական դրսևորումները, որովհետև իրենք պարզապես ոչ միայն իրենց հերոսների միջոցով են դրսևորում իրենց բժշկական, բժշկագիտական գաղափարները, մոտեցումները, նրանք նաև այլ մասնագիտության են տիրապետում։ Բժշկի համար շատ բնորոշ մասնագիտություն է հոգեբանությունը։ Հոգեբանությունը տարրալուծված է բժշկության մեջ, և այս գրողները հիմնականում այլ կենսակերպ, մոտեցումներ ունեցող անհատներ են, մտավորականներ են, բնականաբար, նրանց ստեղծագործություններն ինձ համար շատ ուշագրավ են։ Այս գրողներն իրենց ստեղծագործություններով կարողացել են լուծել ամենատարբեր խնդիրներ»։

Նա բանախոսությունը սկսեց հայ պատմավիպասանության հիմնադրից՝ Ծերենցից (Հովսեփ Հակոբի Շիշմանյան): Ծավալուն անդրադարձ կատարեց ամերիկաբնակ գրող, հրապարակագիր, եվրոպական առումով բանասիրության դոկտոր, հոգեթերապևտ Վարդգես Դավթյանին։ Հենց նա է եղել այն ներշնչող, ներքին մղիչ ուժը, որ Արթուր Անդրանիկեանը մտահղացել է կազմակերպել այս բանախոսությունը։

Andranikean dasaxosutyun 4

Բանախոսության ընթացքում տեղի ունեցավ նաև Վարդգես Դավթյանի «Երկերի» վեց հատորյակի առաջին հատորի շնորհանդեսը։

«Շատ դժվար է լինել մեկ մարդ և տիրապետել այդքան բազմաշերտ գիտելիքների։ Վարդգես Դավթյանը տաղանդավոր մարդ է․ կարելի է լինել տաղանդավոր գրող, բայց չլիներ տաղանդավոր մարդ։ Տաղանդավոր գրողը որոշակի առումով ունի սահմանափակումներ, իսկ տաղանդավոր մարդը, երբ որ գրող է, նկարիչ է, ճարտարապետ է, նրանց հնարավորությունները բազմաշերտ են։ Լինելով գրքի առաջին հատորի խմբագիրը՝ Վարդգես Դավթյանի շնորհիվ ես կարողացա բացահայտել շուրջ 20 և ավելի տարիների իմ մտածումները։

Դավթյանը նաև բժշկագիտական գիտելիքների է տիրապետում, նա բժշկահոգեբանական դիտանկյունից է մոտենում խնդիրներին։ Նրա «Նևրոտիկ վիճակների հաղթահարումը»  գիրքն անվանում եմ հոգու ամրապնդման ուսուցողական ձեռնարկ։ 

Նրա գրած բժշկագիտական, զուտ գիտական նշանակություն ունեցող գրքերն այսօր շատ հետաքրքրահարույց են, շատ օգտակար են հատկապես երիտասարդների համար, դրանցում վեր են հանված դեպրեսիաներին, ներանձնական խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասում է գրականագետը։

Բանախոսության ընթացքում Արթուր Անդրանիկեանն անդրադարձավ նաև համաշխարհային գրականության մեջ բժշկի մասնագիտություն ունեցող հեղինակներին՝ սկսած 14-րդ դարի ֆրանսական վերածննդի հսկայից՝ Ֆրանսուա Ռաբլեից, մինչև ռուս հանճարեղ գրողներ Անտոն Չեխով, Միխայիլ Բուլգակով։

«Նրանք գրողներ են, որոնց ստեղծագործություններում առկա չեն ցցուն վիճակներով բժշկագիտական խնդիրները, ուղղակի իրենց ստեղծագործություններում իբրև բժիշկ, հոգեբան, կարողանում են կազմակերպել իրենց հերոսների ներկայացնելու այնպիսի միջավայր, որ հերոսների միջոցով դրսևորվում է հասարակության ողջ սպեկտորը։ Հասարակությունը դիտվում է հերոսների ներաշխարհի միջով կամ հակառակը։ Այս խնդիրներին անդրադարձել են բոլորը։ Պատահական չէ, որ Ռաբլեի՝ մահվանից առաջ վերջին նախադասությունն էր՝ «իջեցրեք վարագույրները, կատակերգությունն ավարտված է»։ Հիմա դա սոսկ կատակերգություն չէ, իրականության այն անտեսանելի կողմերն են, որոնք դրսևորվում են իր ստեղծագործություններում։

Մեր գրողները նույնպես կարողացել են իրենց ստեղծագործություններում արտահայտել այն միջավայրը, իրականությունը, որի ժամանակ իրենք ապրել են, ստեղծագործել են»,- ասում է նա ու հավելում, որ այս գրքերն ընթերցողներն անպայման պատկերացում կկազմեն, որ դրանց հեղինակները բժշկության հետ կապ ունեն։

Andranikean dasaxosutyun 2

Բանախոսության ժամանակ արձանագրվեց՝ բժշկի հոգեբան լինելու հանգամանքը։ Որպես օրինակ նշում է, որ Նահապետ Ռուսինյանը, որը Փարիզի բժշկական համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել էր ծննդավայր՝ Պոլիս, զբաղվել է հասարակական, հանրային գործունեությամբ։ Նա, իր բժշկական գիտելիքները հոգեբանորեն օգտագործելով, նպաստել է, որ աշխարհաբարն իր հաղթարշավը շարունակի։

Արթուր Անդրանիկեանի խոսքով, այս բանախոսությունը շատ ավելի խորքային է, բազմաշերտ է, խորագիրը պատշաճում է գիտական նստաշրջանի։

«Մենք գիտենք, թե այսօր ինչ գրքերի շնորհանդեսների են գնում մարդիկ, ինչպիսի ընդհանուր հոգեբանական իրավիճակ է տիրում Հայաստանում։  Այնուամենայնիվ, հանուն արդարության պետք է ասել՝  ովքեր ներկա գտնվեցին բանախոսությանը, գրքի շնորհանդեսին, գուցե ինչ-ինչ առումներով օգտակար մոտեցումներ, գաղափարներ քաղեցին»,- ասում է բանաստեղծ, գրականագետ, սփյուռքագետ Արթուր Անդրանիկեանը։

Նաիրա Տիգրանյան

Ստորև ներկայացնում ենք Արթուր Անդրանիկեանի բանախոսության կրճատ տարբերակը։՛

 

Բժշկութեան հոգեբանական ներգործությունը գրականության մեջ

Բժիշկ բժշկեայ զանձն քո․․․

Ղուկաս Աւետարանիչ

․․․ասել է, թե միայն բժշկված անձով,- գուցե մաքրագործված,- մարդուն է վերապահված բժշկելու-բուժելու առաքելությունը, իսկ եթե բժիշկը՝ հոգեբան է, ավելին՝ հոգեբույժ, պարտադիր մի պայման և ստեղծագործ – գրող, ապա նրան վերապահված է առավել բարդահարույց առաքելություն․ բուժման ենթարկելու հասարակությանը, այսինքն՝ ուշադրաբար զննելու մարդկային արատները՝ բարվոքելու միտում ։

Իմ բարեկամներից, մեծանուն բանաստեղծ Զահրատը, որ  բժիշկ էր, և բնավ չէր աշխատել մասնագիտությամբ, և որին ես օրերից մի օր հարցրեցի․ «Ինչու՞ բժշկութեամբ այդպէս ալ չզբաղուեցաք»։ Պատասխանը անսպասելի էր․  «Ես բառերով բժշկութիւն կ՛ընեմ, սիրելիս»։

Համաշխարհային գրականության մեջ հայտնի, եվրոպական վերածննդի հսկաներից Ֆրանսուա Ռաբլեն, որ մասնագիտությամբ բժիշկ էր և իր աշխարհահռչակ  «Գարգանտյուան և Պանտագրյուելը» հինգհատորյա վիպաշարում , որի երկրորդ և երրորդ գրքերը Ֆրանսիայի խորհրդարանը արգելել էր, քննադատելով կրոնական, հասարակական, քաղաքական կյանքը, միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, խոշոր հոգեբանի հմտությամբ էր անդրադարձել ժամանակի իրականությանը, այդ ընթացքում հրատարակելով անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը։ Եւ արդյոք Ռաբլեի մահվանից առաջ արտասանած խոսքերը՝ «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է»։ Սա նույնպես վկայությունն է հոգեբան-գրողի աշխարհաճանաչման՝ բժշկագիտական բնապաշտական գիտելիքներով խարսխված, որովհետև այլևս բժշկվելու հնարավորությունից զերծ էր․․․

Հայ գրականության մեջ բժիշկ-գրողները սակավ են այն առումով, որ նրանց ստեղծագործություններում պարտադիր չեն բժշկութեան և բժշկագիտական անդրադարձները։ Մի քանի անունների թվարկումից հետո, որոնք նպաստաբերությունը ունեցել են իրենց գրքերով, հոդվածներով, հասարակության մեջ առողջ մտածելակերպի զարգացմանը, և որոնցից  Պողոս Քոլոլյանը՝ Փարիզի բժշկահոգեբանական ընկերության անդամ, Կոմիտաս Վարդապետի բուժող բժիշկներից, իր «Բժշկական հոդվածներ», «Սալոնի գիրք» /ֆրանսերեն/ հատորներով նպաստել է ժամանակի՝ հատկապես սփյուռքյան ժամանակաշրջանի հասարակության մտածողության առողջացմանը։

Սարգիս Թութունջյան․ բժիշկ, դեղագործ, հրապարակագիր, 1918թ․ Թիֆլիսում Վահան Թոթովենցի հետ հրատարակել է «Հայաստան» թերթը, որը Զորավար Անդրանիկի խնամատար բժիշկներից էր, նույնպես արժանի է «գրոյ յիշատակի»։

Վահրամ Թորգոմյանը՝ բժիշկ, գրող, հրապարակագիր, Կոմիտաս Վարդապետի անձնական բժիշկներից․ իր «Անցուկը՝ մոռցուկ» վեպում արևմտահայ և հետագա տարիների սփյուռքյան  /հատկապես ֆրանսահայ/ իրականության տարեգիրներից է իրավամբ համարվում, որը մեծանուն գրող Զապել Եսայանի մորաքրոջ որդին էր։

Անդրադառնալով քննարժան գրողներին՝ Նահապետ Ռուսինյանին, Ծերենցին, Ռուբեն Սևակին, Շավարշ Նարդունուն, Հրաչ Զարդարյանին, Իգնա Սարըասլանին, Ժիրայր-Վահե Մալճյանին և Վարդգես Դավթյանին, նկատի ունենք գոնե դույզն ինչ ամփոփիչ համապատկերը տալ հայ այն գրողների,- որոնք արևմտահայ ծագում ունեն, ի բացառյալ ամերիկաբնակ Վարդգես Դավթյանի,- որոնք իրենց ստեղծագործություններով և ազգային քաղաքական, հանրային կյանքում ունեցած դերակատարումով  չափազանց նպաստաբեր են եղել հայության ինքնության պահպանմանը։

Նահապետ Ռուսինյան /1818-1876/ –Սեն Բարբի քոլեջում ուսանած, այնուհետև Փարիզի բժշկական համալսարանն ավարտած, ազգային գործունեությունը սկզբնավորել է խանդավառված 1848 թ․ ֆրանսիական հեղափոխության գաղափարներով, այնուհետև վերադառնալով Կ․ Պոլիս, նվիրվել կրթական-լուսավորական աշխատանքներին։ Ն․Ռուսաինայնը 1860 թ․ արևմտահայոց ազգային սահմանադրության տեքստի,- Գրիգոր Օտյանի հետ,- ստեղծողներից է՝ բանաստեղծ, որը հայահռչակ հայտնի «Կիլիկիա» բանաստեղծության հեղինակն է։  Բայց ավելի նշանակալից էր նրա «Ուղղախոսություն» գիրքը՝ /1853/ առաջիններից էր որ տարփողում էր աշխարհաբարի /արևմտահայերենի/ գործածությունը, ուսուցումը հայ վարժարաններում և ընդհանրապես հայ կյանքում, համարձակ մի ձեռնարկ, ժամանակի գրաբարյանների թշնամանքը հարուցած։

Ծերենց /1822-1888/ - Իր երեք վեպերով,- «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի»,-  հայ պատմավիպասանության նահապետը լինելով մասնագիտությամբ բժիշկ, ավարտելով Փարիզի բժշկական համալսարանը, ողջ կյանքը ծառայեցրեց ազգային բարեկրթմանը և երեք վեպերով ազգային-գաղափարական պատգամ հղեց՝ ոգեկոչելով հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի արժանավորությունը։

«Թորոս Լևոնի» վեպը, որ ներկայացնում է 12-րդ դարի Կիլիկիո ազատագրության համար բյուզանդական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը՝ առաջինն  էր հայ իրականության մեջ, որը նկարագրում էր Ռուբինյանց հարստության անկումին հաջորդած ժամանակաշրջանը, երբ Թորոս իշխանը վերականգնում է Կիլիկիո անկախությունը։ Ծերենցի վեպերում մարդկային բնավորությունները պատկերները խորապես հարուստ են հոգեբանական նրբերանգներով։

Արևմտահայ եղեռնազոհ սքանչելի քնարերգու Ռուբեն Սևակը, որ ավարտել էր Եւրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից ՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իր սքանչելի բանաստեղծություններով և հատկապես «Բժշկին գիրքէն փրցուած էջեր» ժողովածուի պատմվածքներով, որոնք բժշկի օրագրություններ են, հոգեբանի նրբությամբ և խորությամբ, արևմտահայերենի լեզվական, տաղաչափական արվեստի երաժշտականությամբ մի այնպիսի յուրօրինակ աշխարհ է ստեղծում, որոնք նկատելի են նաև իր կնոջը՝ գերմանուհի Յանիին գրած նամակներում։

Ռուբեն Սևակը /1885-1915/ գրական հասարակությանը առավելս հայտնի է մաքրակրոն  վարքով, հատկապես իր կյանքի այն դրվագն է  հուզումնառատ, երբ 1915 թ․ աքսորի ժամանակ հրաժարվել էր բուժել թուրք ավազակապետ Արաբաջի Իսմայի դստերը՝ մերժելով իսլամություն ընդունելուց հետո ամուսնանալ և իրեն փրկել սպառնացող վտանգից։

Շավարշ Նարդունին /1896-1968/ նույնպես Կ․Պոլսի բժշկական համալսարանն ավարտած և հետագայում բժշկական բարձրագույն կրթություն Փարիզում ստացած սփյուռքյան այն գրողներից էր, որը ոչ միայն իր «Հոյ բոյժ» բժշկական հանդեսով էր հայտնի, այլ նաև պատմվածքների ժողովածուներով, որոնք Սփյուռքի կայացման ժամանակաշրջանում գրողական սխրանք կարելի է համարել, քանի որ նա «Մենք» գրական շարժման հիմնադիրներից էր՝ Շահան Շահնուրի, Նիկողոս Սարաֆյանի, Զարեհ Որբունու, Փայլակ Միքայելյանի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի և այլ գրողների հետ, որոնց գրական տաղանդը հետագա տարիներին գնահատվեցին արժանվույն, չնայած նրանցից ոմանց ստեղծագործությունը հայ գրական հասարակայնությանը այդքան էլ քաջածանոթ չէ, նրանց թվում՝

Հրաչ Զարդարյանի /1897-1986/, որի «Որբացող  մարդիկ» չափազանց ուշագրավ վեպը / «Էդիթ պրինտ» հրատ․, 2021/, որտեղ պատկերվում է 40-50-ական թվականների ինքնության փնտրտուքի մեջ «դեգերող» ֆրանսահայությունը։ Վեպը  հայության տարագրության և տարեգրության մի ժամանակաշրջանի հետաքրքրահարույց պատում է․ ինչպես չձուլվել , ինչպես պահպանել ազգային ինքնությունը օտար և չափազանց վտանգահարույց պայմաններում։

Իգնա Սարըասլան /1945/ – մերօրյա, Ստամբուլում ապրող, թուրքական շրջանակներում թերևս ամենահայտնի վիրաբույժներից է։ Ստամբուլի բժշկական համալսարանավարտ, սքանչելի բանաստեղծ՝ «տկարութեան ճնշումին բնաւ չենթարկուած», ասել է, թե ճշմարտորեն ապրող բանաստեղծ, հայեցի լեզվամտածողությամբ,- որը անշուշտ հոգեբանական գործոնի արտահայտություն և արտահայտչամիջոցներով է պայմանավոր,- շարունակում է ստեղծագործել․ «Իգնա Սարըասլանին մտածումը չէ վերջացած, եւ կը շարունակէ մեզի խօսիլ մեր գիտցածէն, ապրածէն եւ ապրելիքէն․ նորէն՝ բանաստեղծէն առաջ մարդ ըլլալու եւ մարդ ապրելու պարագայ մը, բայց բանաստեղծի ճակատագրովը»։ /2010 թ․ Ի․Սարըասլանի «Սիրոյ գոյնը» մեր յառաջաբանից/։

Ժիրայր-Վահէ Մալճյան /1947-1919/– Լիբանանահայ գրող, հրապարակագիր, որի առաջին և ցավոք վերջին վեպը՝ «Անդրդուելին» մեր առաջաբանով և խմբագրությամբ հրատարակվեց 2016 թ․, լուսահոգի մի գրող, բանիբուն մտավորական կեցվածքով, որը Քովիդի զոհերից էր; Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտ գրողը իր վեպով պատկերում է  50-60-ական թվականների հայաստանյան իրականությունը, մի իրականություն, որը բնավ չի ներկայացվել մեր գրողներին։ Սփյուռքյան գոյավիճակի՝ ուծացման սպառնալից վտանգի և հայաստանյան այդ օրերի իրականության պատկերումները խիստ անձնական ապրումներով են հագեցած․ «Անդրդուելին» գեղարվեստապատում իրողութիւն մըն է հետեւեալ առումներով․ վէպին ստեղծումին գետինը ճշմարտահաւատ է՝ վավերագրականօրէն գծուած, բայց տիպարներու,- թերեւս նախատիպերու,- յուզախառն գեղարուեստականացումը՝ ապրումներու անխառն թրթրռացումներով կը հարկադրէ ընթերցողը մոռնալ վավերական ամեն նշմար՝ ըլլայ գաղափարական, յոյժ անձնական կամ ժամանակներուն բնորոշ իրավիճակային  ո եւ է ընդհանրապատկեր։ Ըսել կ՛ուզեմ, ինքնակենսագրական վէպերուն բնորոշ բոլոր այն յատկանիշները, որոնցմէ զերծ չեն այն գրողները, որոնք «կը պատմեն» ոչ միայն քաղաքակրթութիւններու ու մարդոց յարաբերութեանց մասին, այլեւ կը բացահայտեն  Մարդու  /Հայու/ խորհուրդի տառապալից ընթացքի հանգրուանները․․․»։ /Հրատարակուել է մեր առաջաբանով և խմբագրութեամբ Անթիլիաս, 2016/։

 Վարդգես Դավթյան /1962/ – մեր իրականության մեջ ինքնօրինակ մտավորական, գրող, հոգեբույժ, հոգեթերապևտ, հրապարակագիր, գրականագետ, Հայաստանում գիտական հոգեբույժության հիմնադիր, ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանի սաներից, իր հրատարակած բազմաթիվ ժողովածուներում ընդգրկված ճեպանովելներից, դիմանկարներից ծաղկաքաղված և «Երկերի» վեց հատորյակի առաջին հատորում հրատարակված / «Էդիթ պրինտ», 2022/ գրական մանրապատումներում առկա են  գրողի այլազան հոգեբանական դիտարկումներ․ հոգեկան ընկճվածության, անձի ինքնազգացողության վատթարացման, անձի ինքնագնահատականի գերադասման, գերհուզական վիճակների դրսևորման և ընդհանրապես, անձի գիտակցական և անգիտակցական ոլորտներում տեղի ունեցող դրսևորումները երբեմն այնպիսի ազդեցություն են ունենում, որոնք հասարակական նշանակալիություն են ստանում․․․ Այս և սոցիալական այլազան ֆոբիաները իրենց դրսևորումներն են ունենում Վարդգես Դավթյանի ստեղծագործություններում։ Գրողը հատկապես տարբերվում է հիշյալ քննարժան գրողներից հատկապես այն առումով, որ բժշկագիտական իր ողջ «զինանոցը» օգտագործում է ստեղծագործաբար, մանավանդ, քաջ ճանաչելով իր բուժառուներին նաև նրանց կենսագրության ինչ-ինչ տվյալներ է կարողանում ներմուծել գրականություն՝ ստեղծելով գրողի , բժշկի կենսապատումային մանրանկարներ։ Հավելենք նաև, որ Վարդգես Դավթյանի «Նևրոտիկ վիճակների հաղթահարումը» / բարեփոխված հրատարակվելու է «Երկեր»ի չորրորդ հատորում/, իրավամբ կարելի է համարել ոգու ամրապնդման ուսուցողական ձեռնարկ, և պատահական չէ, որ գիրքը ունի յուրօրինակ նվիրում՝ «Նվիրվում է ոգու փորձությունը հաղթահարող երիտասարդներին»։

Արթուր Անդրանիկեան

  • Created on .
  • Hits: 1042

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: