Բացվել է «Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում Հայկական կինոարտադրության հարյուրամյակի (1923-2023) կապակցությամբ բացվել է ժամանակավոր ցուցադրություն։ «Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» խորագրով ցուցահանդեսը յուրատեսակ արխիվային վավերագրերով ու լուսանկարներով անմահացրել է մեկդարյա հայ կինոյի պատմության գեղեցիկ էջերը։ Կինոպատումներն, իհարկե, ամբողջական չէին լինի առանց մայրաքաղաք Երևանի փառահեղ ներկայության ու մասնակցության։ Հետևաբար ցուցահանդեսում հատվել են հնագույն քաղաքի ու կինոյի խաչմերուկները։

Erevan cucahandes 1

Երևանի Պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով այս ցուցադրության մեջ ամփոփվել են մայրաքաղաք Երևանի պատմության թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի մաս կազմող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուի հայկական կինոնկարների ազդագրերը։ Հաշվի առնելով խորհրդային արժեհամակարգն ու մշակութային ու պետական առանձնահատկությունները՝ հարկ է նշել, որ ցուցանմուշների մեծ մասը հիմնականում ռուսերենով են։ Բացի այդ հայկական կինոարտադրությունը խորհրդային տարիներին ֆինանսավորվել է կենտրոնական իշխանությունից։ Ցուցադրության հիշարժան մասն են կազմել նաև Խորհրդային Հայաստնում տպագրված ազդագրերը։

Erevan cucahandes 2

Շատերին են հայտնի Հայֆիլմի նշանավոր կինոնկարներ՝ «Սարոյան եղբայրներ»-ը, «Խոշոր շահում»-ը, «Մարդը Օլիմպոսից»-ը, «Տղամարդիկ»-ը, «Հայրիկ»-ը և մի շարք այլ ֆիլմեր։ Շարքը հսկայական է, և դրանց միավորում է Երևանի առանձնահատուկ միջավայրը։ Ֆիլմեր, որոնք ամբողջությամբ կամ գուցե մասնակիորեն նկարահանվել են Երևանում։ Դրանք մայրաքաղաքին վերաբերող արժեքավոր ու բացառիկ տեսարաններ են պահպանել։

Թանգարանի այցելուների աչքից չի վրիպի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող Հայֆիլմի առաջին տնօրեն Համո Բեկնազարյանի կինոնկարահանման ապարատը, մի շարք ֆիլմերի կինոժապավենները։

Erevan cucahandes 3

Արդյոք Երևանը ունե՞ր այն գայթակղիչ մթնոլորտը, որին այդքան արագ սիրահարվում է կինոխցիկը: Նմանատիպ հարցի է փորձել պատասխանել կինոգետ Վիգեն Գալստյանը։ Արվեստաբանը մտորում է մեր մայրաքաղաքի կինոդիմանկարի մասին և փորձում հասկանալ, թե ինչպիսին է այն և ինչպիսին է եղել։ Արվեստաբանի խոսքով՝ 1925 թվականին, երբ Համո Բեկնազարյանը վերադարձավ Հայաստան՝ կինոարտադրություն հիմնելու նպատակով, նա չնկարահանեց «Երևան` քաղաքի սիմֆոնիա»-ն։ Փոխարենը ստեղծեց «Նամուսը», որում Երևանի նեղ ու քարքարոտ միջնադարյան փողոցները ներկայացվեցին որպես 19-րդ դարի գյուղաքաղաք Շամախին:

«Այս ֆիլմում ընդգրկվել են եզակի տեսարաններ, որոնք ինչ-որ կերպ կենդանացնում են մեր մայրաքաղաքի նախասովետական պատկերը` մեկ հարկանի աղյուսաշեն տներ, առատ այգիներ, պանդոկներ և այլն։ Ասես թե Երևանը առեղծվածային մի կինոաստղ լիներ, որը վարանում է տեսախցիկից, ընդմիշտ կերպարանափոխվում ու անդադար իր պատմական հուշարձանների նման «տեղափոխվում»։

Erevan cucahandes 4

Ցուցադրությունը գործելու է մինչև դեկտեմբերի 1-ը: Ցուցադրությանը բացմանը նախորդեց նաև նամականիշի մարումը։ Շրջանառության մեջ դրվեց նաև մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային։ Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Դեմոյանը: Անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է կինոխցիկը, ինչպես նաև՝ «100-ԱՄՅԱԿ» «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով Գեղաթերթիկն ունի յուրահատուկ ձևաչափ. այն թափանցիկ է և պատրաստված է կինոժապավենի տեսքով, իսկ հետևի մասն ինքնասոսնձվող է։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 625

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: