Լույս է տեսել «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուն
«Նա ընկավ հսկա կաղնու նման, և ծանր լռություն տիրեց անտառում»:
Իր հուշերում այս կերպ է Դերենիկ Դենիրճյանը հիշում հայագիտության մեծ երախտավոր Մանուկ Աբեղյանին։ Հսկայական է Մանուկ Աբեղյանի ներդրումը հայոց լեզվի պատմության մեջ։ Հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ, երկար կարելի է նշել հայագետին տրված կոչումներն ու գիտական վաստակը։ Աբեղյանի լեզվաբանական շուրջ 200 աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն: Մ. Աբեղյանը զբաղվել է նաև հայ ժողովրդական բանահյուսությամբ: Նա հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ: 1886թ. գրի է առել «Սասունցի Դավիթ» էպոսի պատումներից մեկը և շարունակել վեպի պատումների հավաքման, ուսումնասիրման ու հրատարակման գործը: Ականավոր գիտնականին հետաքրքրել են նաև հայ գրականության պատմության, հատկապես հայ հին և միջնադարյան գրականության խնդիրները: Նա գրել է մի շարք ուսումնասիրություններ հոգևոր երգերի` շարականների վերաբերյալ, Գրիգոր Նարեկացու և ուրիշ գրողների մասին։ Լեզվաբանական կարևոր մենագրություններն են «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի շարահյուսություն», «Հայոց լեզվի տեսություն, «Հայոց լեզվի տաղաչափություն» և շատ այլ աշխատություններ: Աբեղյանը դառնում է հայոց լեզվի արդի ուղղագրության հիմնադիրը…
Աբեղյանի գործունեությանն ու կյանքի հիշարժան դրվագներն այսուհետ հնարավոր է ուսումնասիրել «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուի շնորհիվ։ Գրքի շնորհանդեսը կայացավ ավանդական, հանրապետական «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ։ «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուում ընդգրկված են ականավոր գիտնականին նվիրված թե՛ լեզվաբանական, թե՛ գրականագիտական հոդվածները: Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ ռեկտորն ասաց.
«Խորաթափանց քննական մտքով, երկաթյա տրամաբանական դատողությունների հզոր ուժով, բազմաբեղուն աշխատասիրությամբ օժտված գիտնականն իր ուսումնասիրություններում նյութ դարձնելով հայոց լեզուն՝ գրական հայերենը, հայ հին ու միջնադարյան մատենագրությունը, հայ ժողովրդական բանահյուսությունը, ստեղծել է այնպիսի արժեքավոր աշխատություններ, որոնք ընդմիշտ մտել են հայագիտության ոսկե ֆոնդ։ Մեզ համար նա առանձնակի նշանակություն ունի նաև որպես համալսարանական․ Մանուկ Աբեղյանը Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր գիտնականներից է։ Երկար տարիներ զբաղվելով մանկավարժական բեղմնավոր գործունեությամբ՝ նա կրթել է բանասերների բազում սերունդների»։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Արշալույս Գալստյանը կարևորեց հանրապետական գիտաժողովն ու ժողովածուի հրատարակումն ու դրա հետազոտական լայն շրջանակը, որի կենտրոնում Մանուկ Աբեղյան մտածողն է։
«Լիահույս եմ, որ այս գիտաժողովը և գրքի շնորհանդեսը մեզ բոլորիս հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալու, իսկ ծանոթ լինելու դեպքում՝ ևս մեկ անգամ գնահատելու այն մեծ գործը, որ կատարել են մեր մեծերը»։
Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բ.գ. դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանն ասում է, որ «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուի ստեղծման գաղափարը պատկանում է ականավոր հայագետի միակ թոռնուհուն՝ գրականագետ, երջանկահիշատակ Հասմիկ Աբեղյանին։ Գրքի մեկենասն է Աբեղյան տոհմի շառավիղ, Աբեղյանի ծոռ գերմանաբնակ Սուրեն Աբեղյանը: Գրքի լույսընծայումը կազմակերպել է ԵՊՀ հրատարակչությանը։
«Աբեղյանապաշտ երախտագետ թոռնուհու ցանկությունն էր ի մի բերել, ամբողջացնել մեծանուն հայաբանին նվիրված նյութերը, ստեղծել մի երկ, որը կդառնա հուշարձան Մանուկ Աբեղյանի համար: Հասմիկ Աբեղյանը խնդրեց դառնալ ստեղծվելիք գրքի խմբագիրը: Սակայն օրեցօր վատթարացող առողջությունը թույլ չտվեց իրագործել նպատակը. մնաց նրա խնդրանքը՝ որպես կտակ... Ահա փոքր-ինչ ուշացումով կատարում ենք այն…»,- ասում է Ա. Աբաջյանը։
Ինչպես նշեց Աբաջյանը՝ «Հուշարձանը» յուրօրինակ գործ է, որով մեր տուրքն ենք մատուցում հայագիտության տիտանին։ Հարկ է նշել, որ ժողովածուի կազմմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ. Եվա Մնացականյանը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 656