Հայաստանի Պատմության թանգարանը ամփոփեց թանգարանային 2023 թվականը
Հայոց պատմության և մշակույթի պահպանման ջատագովներից մեկը՝ Հայաստանի պատմության թանգարանը, օրերս ամփոփեց թանգարանային 2023 թվականը։ Մշտական և ժամանակավոր ցուցադրություններին ու համագործակցություններին ուղեկցել են նաև թանգարանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները։
30 տարբեր ձևաչափերով ցուցադրություններ են կազմակերպվել, 50-ից ավելի գիտամշակութային միջոցառումներ, 36 կրթական ծրագիր դպրոցականների համար: Ակտիվ աշխատանքային տարվա ընթացքում 4000-ից ավելի ցուցանմուշներ են ցուցադրվել, որից 520-ը այլ կազմակերպություններից փոխառնված նմուշների թիվն է։ Թանգարանն ունեցել է 78000-ից ավելի այցելու։
Տնօրենը կարևորեց նաև տարածքի խնդիրը։ Թանգարանն այժմ գործում է այն շենքում, որտեղ հիմնվել է 1920-ական թվականներին, և այդ շենքը նախագծված է եղել որպես արական գիմնազիայի շենք, ապա մշակույթի տուն, և միայն մի հատվածը այսօր զբաղեցնում է Հայաստանի պատմության թանգարանը, բայց հավաքածուների համալրումը կանգ չի առնում։
«Պահպանության համար շատ կարևոր են լայնարձակ և կարևոր սարքավորումներով և տեխնիկաներով, վերականգնման լաբորատորիաներով զինված թանգարանները։ Այս առումով աշխատանքներ տարվում են ըստ եղած հնարավորությունների, որպեսզի բարելավվի»,- նշեց տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Ահա, օրինակ, թանգարանը ձեռք է բերել վերականգնողական մի համալիր՝ կապված թղթի հետ։ Թանգարանն ունի ուշագրավ վավերագրերի և փաստաթղթերի մի հավաքածու, որը հատուկ ուշադրության է արժանի։ Ինչպես նշեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, փորձել են գործունեության քաղաքականությամբ առաջ շարժվել, և այս առումով ձևավորված թվային արտահայտությունները, արդյունքները կարելի է ասել, նախադեպ են նախորդ տարիների այն ժամանակահատվածների համար, երբ թանգարանում չեն եղել մեծածավալ վերանորոգման, արդիականացման աշխատանքներ։ Թանգարանը միացել է մի շարք ներպետական և միջազգային միջոցառումների։ Ահա, օրինակ, 2023 թվականին լրացավ ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակը։ Այդ առիթով Հայաստանի Պատմության թանգարանում կազմակերպվել էին 2 մեծածավալ դրամագիտական ցուցահանդեսներ և միջազգային գիտաժողով։ Ցուցադրության մեջ տեղ էին գտել Կենտրոնական բանկից տարբեր ցուցանմուշներ, հնագույն դրամների հավաքածուներ։ Դրանք զարդարել էր Ծաղկաձորից հայտնաբերված բուզանդական շրջանին թվագրվող հավաքածուն։
«Ծաղկաձորից հայտնաբերված դրամական գանձը, որը հիմնական բուզանդական շրջանի դրամական հետաքրքրիր հավաքածու է, հենց հիմա ներկայացված է ազգային արժույթին նվիրված ցուցահանդեսում։ Մի ցուցահանդես, որը առաջին անգամ է անդրադառնում դրամի պատմությանը՝ սկսած ամենահին շրջանից մինչև նորանկախության շրջանի առաջին էսքիզները․ առաջին էսքիզները մեզ նվիրեց հենց դրամը ձևավորող նկարիչներից մեկի՝ Աշոտ Մանուկյանի ընտանիքը, և մենք կարողացանք ցույց տալ՝ ինչպես ստեղծվեց ազգային դրամը»,- ասաց Դավիթ Պողոսյանը։
Իսկ այս տարեսկզբին սպասվող ամենակարևոր ցուցադրություններից մեկը պատմաաշխարհագրական նոր ճանաչողության և համագործակցության վկան կդառնա։ Ցուցադրությունում ներկայացված են լինելու Չեխիայի պատմական երկու շրջանների՝ Բոհեմիայի և Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցների ու դղյակների լուսանկարները։ Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան ու Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ։ Հայաստանի պատմության թանգարանն ու Չեխիայի ազգային թանգարանը կստորագրեն համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը սպասվում է Երևանում փետրվարի սկզբին, երբ կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այնուհետև հայկական միջնադարյան որոշ ցուցանմուշներ կցուցադրվեն Վենետիկի Դոժերի պալատում։
«Հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր հերթական գիտական աշխատությունների 2 հատորները, ունենք շատ հետաքրքրիր ազգագրական հավաքածուից գիտական կատալոգ, որը կոչվում է «Աղուհաց», այսինքն՝ ավանդական հայկական հյուրասիրությանը նվիրված մի հետաքրքրիր ուսումնասիրություն-պատկերագիրք է, որը ամբողջությամբ կազմել է մեր ազգագրության բաժինը»,-հավելեց Դ.Պողոսյանը։
«Մի մեծ ցուցահանդես է նախատեսվում նվիրված Մարկո Պոլոյին, և այս ցուցահանդեսը ունենալու է հայկական հատված և 30-ից ավելի նմուշներ, հատկապես միջնադարյան Հայաստանից, Դոժերի պալատում ներկայացնելու են ենթադրաբար հենց այն Հայաստանը, որը Մարկո Պոլոն է տեսել»,- պատմում է տնօրենը։
Վերոնշյալ ցուցադրություններից զատ, 2024 թվականին ևս թանգարանը նոր անակնկալներով է հանդես գալու։ Նոր ցուցադրությունները նաև հոբելանական տարվան և հոբելյարներին են նվիրված լինելու։ Այս տարի Հայաստանի պատմության թանգարանը կտոնի ստեղծման 105-ամյակը։ Բացի այդ կնշվեն հայագիտության և թանգարանագիտության երախտավորներ՝ թանագարանի առաջին տնօրեն Երվանդ Լալայանի 160, թանգարանագետ, հնագետ, մշակութային արժեքների պահպանման ջատագով Աշխարհբեկ Քալանթարյանի 140, ականավոր հայագետ Նիկողայոս Մառի ծննդյան 160-ամյակները։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 1231