Թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը Արևելքի սիրահարների դատին հանձնեց «ՀԱՖԵԶ. գազելներ, քառյակներ» գիրքը
Պարսից գրականության գլուխգործոց համարվող Հաֆեզի ստեղծագործությունները, անշուշտ, դարեր շարունակ իրենց անփոխարինելի տեղն են գրավել համաշխարհային գրականության գոհարների շարքում։ Հաֆեզի ստեղծագործություններում տեղ գտած փիլիսոփայական մտորումները, սիրո, կյանքի, հավատի թեմաներն ու դրանք զարդարող լեզուն ու լեզվաոճական առանձնահատկությունները խորը ազդեցություն են ունեցել պարսից պոեզիայի և լեզվամտածողության վրա։ Առածներ, ասացվածքներ, թևավոր խոսքերից մինչև գուշակություններ. Հաֆեզի քառյակներն ու գազելները շարունակում են մնալ Արևելքի սիրահարների հետաքրքրության ծիրում։ Հաֆեզը շարունակում է գովերգել սերն ու գինին, կյանքն ու կրոնը, ազատությունն ու անվերջությունը։ Իսկ Իրանում Հաֆեզի բանաստեղծություններն անգիր են սովորում, բոլոր ընտանիքներում կարելի է հանդիպել մեծ մտածողի գործերին։ Մինչ այժմ իրանցիները շարունակում են Հաֆեզի գազելներն օգտագործել բախտագուշակություններ կատարելու համար։ Ահա Նովրուզի օրերին նրանք սիրում են խորհել որևէ հարցի շուրջ, պատահական բացել գիրքը և ընթերցել Հաֆեզի խոսքերը՝ բանաստեղծությունները, որոնք իրականություն դառնալու շնորհ ունեն։ Նոր վերահրատարակությամբ Հաֆեզի գազելներն այս անգամ հանձնվեցին հայաստանյան ընթերցողի դատին։ «Զանգակ» հրատարակչության հեղինակած գրքում թարգմանիչ Ժորժ Աբրայամյանն ընդգրկել է ավելի քան 200 գազել և 16 քառյակ:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարևորեց Հաֆեզի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը։
«Հաֆեզն ինչպես մի աստղ միշտ փայլում է Իրանի և ամբողջ աշխարհի երկնակամարում: Դժվար թե Իրանում գտնեք մեկ տուն, որտեղ չլինի Հաֆեզի գազելների ժողովածուն: Ձեր ներկայությունն այս միջոցառմանն ապացուցում է, որ նա չի պատկանում աշխարհագրական տարածքի, այլ բոլորինն է»։ Դեսպանի խոսքով
մշակույթը և դիվանագիտությունը նման են իրար, պոեզիան փափուկ ուժ է, դիվանագիտությունը՝ ևս:
Իսկ մշակույթի գործիչների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես կամուրջ են հանդիսացել տարբեր երկրների միջև»,- նշեց դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ մշակույթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են ավելի ամրապնդել իրենց հարաբերություններն ու խորացնել բարեկամությունը:
«Իրանն աշխարհում ներկայանում է իր ուրույն մշակույթով: Հաֆեզը, Ռումին և այլ հեղինակներ այդ մշակույթի կրողն են ու բացահայտում են այդ հարստությունը: Իսկ Հաֆեզը գրում է սիրո, խաղաղության, արդարության մասին, և այդ ամենը հարկավոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Դրանք այն սկզբունքներն են, որոնց համար աշխատում է դիվանագիտությունը»,- շեշտեց դեսպան Մեհդի Սոբհանին։
Թարգմանիչը՝ իրանահայ Ժորժ Աբրահամյանը, որին քաջ ծանոթ են պարսից գրականության, արվեստի, մշակութային ընկալումների առանձնահատկությունները, բծախնդրորեն և մեծ բարեխղճությամբ է մոտեցել անչափ պատասխանատու խոշոր գործի թարգմանությանը։ Այդտեղ վառ արտահայտված են իրանանական գրական ու մշակութային գույները, իսկ լեզվամտածողությանը և լեզվական առանձնահատկություններին դիպչելիս թարգմանիչն անչափ զգույշ է գտնվել, երբեմն նաև նոր բառաձևումների ու եզրույթների հեղինակ դարձել։
«Հաֆեզի գազելները մեծ ժողովրդականություն են վայելում Իրանում: Իրանական պոեզիան մի քանի գագաթներ ունի՝ Ֆիրդուսին, Սաադին և այլք, որոնք շատ սիրված են: Այդ գագաթներից մեկը Հաֆեզն է, և մյուս պոետներից տարբերվում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում: Հաֆեզի գազելներն ամեն տարի վերահրատարակվում են: 14-րդ դարից մինչև հիմա նրա գործերը լույս են տեսնում։ Յուրաքանչյուրն իրեն գտնում է այդ ստեղծագործություններում: Հաֆեզի գործերը նաև բախտագուշակության են վերածվել: Հատուկ ծես կա Իրանում. մարդիկ դիմում են Հաֆեզին՝ փորձելով հասկանալ, թե նա իրենց ինչ խորհուրդ կտա և ըստ դրա որոշում են իրենց հետագա քայլերը»,- ասաց թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը։
Գրքի շնորհանդեսը, որը կայացավ Երևանի Կապույտ Մզկիթում, զարդարվեց նաև իրանական երաժշտական կատարումներով, իսկ վերջում թարգմանիչը հյուրերի համար շրջայց կատարեց Մզկիթի տարածքում, ծանոթացրեց Եղիշե Չարենցի թթենու հետ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 954