«Կյանք, Սեր, Գինի». Հնդիկ գործարարը Հայաստանում իր արկածների մասին գիրք է գրել
Արդեն երկար ժամանակ է, ինչ հնդիկ գործարար, ժամանակակից երիտասարդ գրող Արջուն Կրիշնա Լալը հարազատ երկրից հեռացել ու եկել է Հայաստան։ Այս տարիները նրա համար հետաքրքիր են անցել, և նա որոշել է իր արկածների մասին պատմող գիրք գրել՝ «Կյանք, Սեր, Գինի»։
Օրերս էլ գիրքը հանձնվեց հայ ընթերցողների դատին․ այն թեև անգլերեն է գրվել, բայց թարգմանվել է հայերեն։
«Covid-ից հետո կյանքումս փոփոխություն էի ուզում: Ուզում էի բոլորովին անծանոթ տեղ գնալ: Տարբեր երկրների մասին որոնում էի համացանցում, ու երբ տեսա Հայաստանի գեղեցիկ լեռների լուսանկարները, որոշեցի, որ հենց այստեղ պետք է գամ: Սկզբում եկել եմ որպես զբոսաշրջիկ, երկար մնալու ծրագրեր չունեի, բայց ինձ այնքան դուր եկավ այստեղ, որ որոշեցի մնալ: Ծնողներս զարմացած էին այս որոշումիցս: Հարցնում էին՝ ինչո՞ւ չես ուզում վերադառնալ Հնդկաստան, կամ գնալ Միացյալ Նահանգներ՝ ավելի լավ հնարավորության հետևից։ Ես բացատրեցի, որ արդեն այստեղ ունեմ շատ ընկերներ ու մտերիմներ, ուզում եմ այստեղ մնալ: Նրանք 2-3 անգամ եղել են Հայաստանում, և արդեն հասկանում են՝ ինչ նկատի ունեի»,- մեզ հետ զրույցում պատմում է գրողը։
Նա խոստովանում է՝ Երևանն է գրավել իրեն իր տեսքով։ Սկզբում մտածել է, թե այստեղ միակ հնդիկն է լինելու, բայց հիմա հնդկական 5 լեզվով խոսակցությունները ամեն օր է լսում:
Արջունն այս ամենը պատմում է վարժ հայերենով, իսկ հայերեն սկսել է սովորել երկու տարի առաջ։ Ասում է՝ հեշտ չէր, բայց հայերենն ու հնդկերենը ընդհանուր բառեր ունեն․ «Ամեն լեզու դժվար է, բայց հայերենն ու հնդկերենը նմանություն ունեն․ մենք «շալվարին» ասում ենք «սալվար», պանիրը նույնն է, էլի բառեր կան»։
Սկզբում Հայաստան եկել էր զվարճանալու նպատակով, աստիճանաբար Երևանը իր համար տան պես է դարձել ու որոշել է մնալ. «Երբ եկա այստեղ, մտածում էի՝ գտել եմ մի երկիր, ուր միայն ես եմ լինելու, քանի որ հնդկական սփյուռքը 60 միլիոն է ու ամենուր։ Ասում էի՝ երևի մյուս հնդիկները չգիտեն այս երկրի մասին, բայց եկա ու ինչ․ ամեն օր տեսնում եմ հայրենակիցներիս, լսում հարազատ լեզուն (ծիծաղում է)։ Բժշկական համալսարանում են մեծամասնությունը սովորում, հիմա արդեն աշխատողներ էլ կան։ Այստեղ ինձ տանն եմ զգում»։
Արկածներն ու այլ ուրախ դեպքերը նրան միշտ են ուղեկցել։ Հետաքրքիր պատմություն կա հայերեն «ջան» ու «յար» բառերի վերաբերյալ։ «Հնդկաստանում մենք «յար» բառը օգտագործում ենք այնպես, ինչպես այստեղ միմյանց կասեն «ախպերս», իսկ «ջան»-ը ավելի մտերիմ բառ է։ Ասում ենք նաև, օրինակ, երբ սիրահարված ենք միմյանց։ Երբ եկա այստեղ, ու ինձ դիմում էին «ջան»-ով, մտածում էի՝ բոլորն ի՞նձ են սիրահարվում (ծիծաղում է): Այսպիսի պատմություններ գրքում կան․ իմ ամենաուրախ ու ամենատխուր օրերի մասին հիշողություններն են, որ գրում էի Կասկադ բարձրանալով»,- պատմում է նա։
«Կյանք, Սեր, Գինի» գրքի թարգմանությունն անգլերենից կատարել է Ռոզա Գրիգորյանը, խմբագիրը Արմինե Պետրոսյանն է, նկարիչը՝ Լուսինե Թահմազյանը։
Նախատեսվում է գրքի շնորհանդեսներ կազմակերպել նաև Հայաստանի մարզերում։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 658