60 տարվա պատմություն ունեցող Գիտատեխնիկական գրադարանի ճակատագիրն անհայտ է

2024 թվականի մայիսի 2-ի Կառավարության նիստում որպես չզեկուցվող հարց հաստատվեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի լուծարումը, որի կառուցվածքում գործում էր հանրապետության երկրորդ խոշոր գրադարան հանդիսացող (շուրջ 22 մլն. փաստաթուղթ), 60 տարվա պատմություն ունեցող Գիտատեխնիկական գրադարանը։ Գրադարանի ավելի քան 6000 անուն գիտատեխնիկական արժեքավոր ամսագրերի, 19 միլիոն արտոնագրային փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների եզակի ֆոնդերը անփոխարինելի նշանակություն ունեն, դրանք գիտական ուսումնասիրությունից ու հետազոտությունից մինչև արտադրական պրոցեսի նորարարությունների առաջխաղացման աղբյուր էր հանդիսանում։
Կառավարության որոշմամբ փակվեց Գիտատեխնիկական գրադարանը, որը գիտատեխնիկական մտքի ժառանգության պահպանման և տարածման հանրապետության խոշոր և միակ պահոցն է։ Գրադարանի աշխատակիցները և ոլորտի փորձագետները մտահոգ են գրադարանի ճագատագրով։ Աշխատակիցները փաստում են, որ ՆՁԱԿ-ի լուծարման վերաբերյալ որոշման հիմնավորման մեջ որպես խնդիր նշված է, որ Կենտրոնը ֆինանսավորվել է Գիտատեխնիկական գրադարանային տեղեկատվական ծառայություններ մատուցելու համար։ Սակայն հստակեցված չէ, թե ինչու։ Ի՞նչ կապ ունեն գրադարանային ծառայությունները Կենտրոնի հետ, և այսուհետ ինչպե՞ս են մատուցվելու վերը նշված ծառայությունները, քանի որ դրանք իրականացվել են պետության կողմից իրականացվող ոլորտային քաղաքականությունից, միջնաժամկետ ծրագրերից, ռազմավարությունից բխող ստանձնած պարտավորություններին համահունչ, ոլորտը կարգավորող իրավական և այլ փաստաթղթերի համաձայն։

Հարկ է նշել, որ 2009 թվականից նորաստեղծ Կենտրոնի կազմում է գործել այդ պահին արդեն կեսդարյա պատմություն ու հարուստ ավանդույթներ ունեցող Գիտատեխնիկական գրադարանը, որը նախկին Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի իրավահաջորդն է։ Նմանատիպ գրադարանի կորուստն անդառնալի է լինելու ինչպես ոլորտի, այնպես էլ Հանրապետության համար պետական, ռազմավարական ծրագրերն իրագործելիս, ոլորտային քաղաքականությունն ու թիրախներն իրականացնելիս, ինչպես նաև, տարբեր միջազգային, միջպետական փաստաթղթերով ստանձնած պարտավորություններն իրագործելիս։

Ինչպես ահազանգում են կենտրոնի աշխատակիցները, հաշվի առնելով ժամանակակից տնտեսության զարգացման գիտելիքահենք մոտեցումները՝ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանն իր եզակի փաստաթղթային ֆոնդերով, պրոբլեմատիկ ուղղվածության շտեմարաններով, տեղեկատվական սպասարկման կազմակերպման հարուստ փորձով իր ուրույն տեղը կարող է ունենալ գիտելիքահեն տնտեսության ձևավորման, տեխնոլոգիաների առևտրայնացման և մեր Հանրապետությունում նորարարական գործունեության խթանման գործում, քանի որ ցանկացած նորարարություն սկսվում է տեղեկատվության ուսումնասիրման ու վերլուծման փուլից։

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի փորձառու աշխատակից, գրադարանի նվիրյալ Լիլիթ Վարդանյանի խոսքով՝ գրադարանը միակն է ողջ Հանրապետությունում, որն իրականացնում է տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների, գյուտարարների, հետազոտողների տարբերակված և անհատականացված սպասարկում։ Ավելի քան 6000 անուն գիտատեխնիկական արժեքավոր ամսագրերի, 19 միլիոն արտոնագրային փաստաթղթերի, նորմատիվ֊տեխնիկական փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների եզակի ֆոնդերը անփոխարինելի նշանակություն ունեն գիտական ուսումնասիրություն ու հետազոտությունից մինչև արտադրական պրոցես նորարարությունների առաջխաղացման համար։

Գրադարանն իր ավանդապահ ֆոնդերում պահպանում է տպագիր հավաքածուներ, որոնք եզակի են իրենց բովանդակությամբ ու արժեքով։ Տարիներ շարունակ այն դինամիկ և հետևողականորեն իրականացրել է տարբեր նորարար նախաձեռնություններ ու նախագծեր, որոնք ուղղված են տեղեկատվական ռեսուրսների, գիտատեխնիկական տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը, մատչելիության և տեղեկատվական հավասարության ապահովմանը:

Լիլիթ Վարդանյանը փաստում է, որ որոշման մեջ հստակ չէ ՆՁԱԿ֊-ի կազմում գործող հանրապետական նշանակության գիտատեխնիկական գրադարանի ճակատագիրը, որն ավանդապահ գրադարան է։

«Իսկ ֆոնդերի մասնատումը, տեղափոխումը կամ այլ փոփոխություն կարող է հանգեցնել անդառնալի կորստի։ Ցավալի է, որ պետության որդեգրած ժողովրդավարական արժեքները, մարդու հիմնարար ազատությունները ստորադասվում են իբրև թե ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման հիմնավորմանը։ Ոտնահարվում են պետական արժեքները՝ պետական նշանակության ֆոնդը, գիտելիքը, մշակույթը, մարդն ու մարդու հիմնարար ազատությունները։ Ոտնահարվում են գրադարանի շուրջ 8000 ընթերցողների իրավունքները, անտեսվում են գրադարանում ավանդադրված հարյուրավոր գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակների հեղինակային իրավունքները, հաշվի չեն առնվում գրադարանում ի պահ տրված չհրատարակվող փաստաթղթերի պահպանության խնդիրը, որն ըստ Փաստաթղթերի(վավերագրերի) պարտադիր օրինակի մասին օրենքի ամրագրված է Գիտատեխնիկական գրադարանին»,- ասում է Լիլիթ Վարդանյանը։

Գրադարանը նաև զգալի ներդրումն է ունեցել ինչպես նորանկախ Հայաստանի տնտեսության ձևավորման, բանակաշինության կարևոր գործում, այնպես էլ գրադարանային ոլորտի ու գիտատեխնիկական լրատվության ցանցի կայացման գործում։ Համադրելով ավանդականն ու նորարարը՝ գրադարանն իրականացնում է շուրջ 8000 ընթերցողների և ավելի քան 300 կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում՝ ողջ Հանրապետությունում։ Եզակի են նաև գրադարանի ծառայությունները։ Ահա օրինակ Փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով գիտատեխնիկական տեղեկատվությունն օպերատիվ և ընտրողական հասանելի է ոչ միայն ողջ Հանրապետության տարածքում, այլև իրականացվում է միջազգային միջգրադարանային բաժնույթով սպասարկում ԱՊՀ տարածքում և տեղեկատվության փոխանակում։

Գրադարանն ունի 4 մասնաճյուղեր՝ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի Վանաձորի, Կապանի, Հրազդանի, Գյումրու մասնաճյուղերն ապահովում են Հանրապետության տնտեսական ու արդյունաբերական խոշոր կենտրոնների տեղեկատվական սպասարկումն ու աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը։ Բացի այդ դրանք նաև միջմարզային, միջհամայնքային կապերի ձևավորման և ամրապնդման համար կարևոր խաչմերուկներ են հանդիսանում։ Կառավարության որոշմամբ փակվել են նաև հետևյալ մասնաճյուղերը։

Ալմաստ Մուրադյան

 

  • Created on .
  • Hits: 694

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: