Ո՞ւմ է պետք ճանապարհը, որ տաճար չի տանում․ Արմենուհի Սիսյան
Չլինի այնպես,
որ ընթանամ և չհասնեմ…
Տեսնեմ քեզ և դատարկ դուրս գամ…
Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 1, բան Բ
Հյուրանոցը, որտեղ իջևանել են տարբեր երկրներից եկած գրողներ, Նիկոսիայի համարյա կենտրոնում է: Միայն երրորդ օրը հայտնաբերեցի, որ փողոցի անունը հայկական է՝ Ուզունյան: Դա պարզվեց, երբ ոտքով վերադառնում էինք գրական միջոցառումից՝ փորձելով գտնել մեր հանգրվանած Կաստելլի հյուրանոցը: Դեմ դիմաց երևաց դեղին շինությունը, որի վրա փակցված էր անգլերեն ցուցանակը՝ «Ուզունյան փողոց»:
-Վա՜յ, սա հայկական ազգանուն է, կարդացե՛ք,- անթաքույց զարմանքս ստիպեց ինձ երեխայավարի մատնացույց անել դիմացի ցուցանակի վրայի գրվածը:
-Իսկ դու գիտե՞ս, որ հյուրանոցի ետնամասում նաև հայկական եկեղեցի կա,- ասաց Միլանը: Միլան Ձեժինսկին մեր չեխ գրչընկերն է: Նա մեկ օր շուտ է ժամանել Նիկոսիա և հասցրել է ուսումնասիրել տեղանքը: Մեր հյուրանոցը, որտեղ տարբեր երկրներից գրողներ են հանգրվանել, հենց այս տարածքում է:
-Պատահական ոչինչ չի լինում,- խորհրդավոր ժպտաց իռլանդացի գրող Թեո Յորգանը:
Այս պահին ես դեռ չգիտեմ՝ որն է այստեղ խորհրդանշականը, բայց առիթ է՝ մի պահ շեշտելու հայ լինելուս հանգամանքը ու դարձյալ նրանց իրազեկելու ներկայիս հայկական ցավոտ խնդրի մասին: Մի բան ինձ համար հաստատ է՝ անպայման այցելել Միլանի ասած հայկական եկեղեցին: Հենց վաղը: Պետք է օգտվել հնարավորությունից: Հանգիստ եմ, որ այն գտնվում է հյուրանոցի ետնամասում, այնպես որ՝ հաստատ կարող եմ լինել այնտեղ: Ես համարյա արդեն այնտեղ եմ:
***
Հաջորդ օրը մինչև վերադարձա Նիկոսիայի հայկական Նարեկ վարժարանում աշակերտության հետ ունեցած իմ հանդիպումից, արդեն ճաշի ժամն էր: Դրանից հետո մեկ ուրիշ կարևոր միջոցառում կար նախատեսված: Եթե ուշ չավարտվի, կայցելեմ եկեղեցի:
Վերադարձին արդեն մթնշաղ էր: Չուզեցի մթնով տեսնել եկեղեցին: Սպասի՛ր ինձ, հայկակա՛ն եկեղեցի, ես վաղն անպայման կայցելեմ քեզ լույսով ու կստանամ նաև քո լույսը:
***
Օրը կիրակի էր: Մարդկանց ոչ փոքրաթիվ բազմություն խմբված էր եկեղեցու առջև: Նիկոսիայում նոյեմբեր է՝ արևոտ, մտերմիկ նոյեմբերներից, երբ որքան էլ շոգ է թվում, միևնույն է, չես ուզում բաժանվել արևից, որովհետև առջևում ձմեռ է: Իսկ այս պահին իմ առջև կաթոլիկ եկեղեցին է, որտեղ շատ շուտով սպասվում է կիրակնօրյա ժամերգության արարողությունը: Որոշեցի հարգանքիս տուրքը մատուցել տաճարին ու մտա եկեղեցի: Պատարագը դեռ չէր սկսվել: Ուշադիր նայեցի ներսի ճարտարապետությանը, նկարներին, խաչակնքեցի ու դուրս եկա: Ես այլ նպատակով եմ եկել այս տարածք, իսկ ժամանակս սուղ է: Հայկական եկեղեցին, հավանաբար, այս տեղանքում է: Ժամանակ չկորցնելու համար հարցնում եմ մի քանիսին: Նրանք տարակուսած ուսերն են թոթվում. լսած չկան տարածքում գտնվող հայկական եկեղեցու մասին: Պտտվում եմ կաթոլիկ եկեղեցու շուրջբոլորը, բայց ճանապարհն ամեն անգամ տանում է դեպի փակուղի: Ժամերգությունն արդեն սկսվել է, մարդիկ ներսում են, ոչ մեկին շրջակայքում չեմ կարող հարցնել: Շուրջբոլորս միայն ֆիլիպինցի կանայք են, որոնք ակտիվ առևտուր են անում. հավանաբար մոտակայքում համայնք ունեն ու իրենց համար մթերային շուկա են ստեղծել տարածքում: Մոտենում եմ նրանց.
-Կներեք, չէի՞ք ասի՝ որտեղ է այս տարածքում գտնվող հայկական եկեղեցին:
Բանից անտեղյակ՝ միմյանց են նայում, չգիտեն: Ավելի գործնականները խորհուրդ են տալիս հարցնել տեղացի որևէ մեկին: Հա՛, ինչո՞ւ չէ, միայն թե պետք է լինեն նրանցից… Չգիտեմ ինչպես՝ հայտնվում եմ մեկ այլ, նորակառույց գեղեցիկ եկեղեցու առջև: Ահա՛, սա է: Ուրախացած մոտենում եմ: Պարզվում է՝ սա մարոնիտների* եկեղեցի է, այդպես գրված է եկեղեցու ցուցանակի վրա: Ամեն դեպքում ներս եմ մտնում, գուցե հաջողվի մի տեղեկություն ստանալ: Ներսում միայն մեկ կին կա, որը սպասում է պատարագին: Նա ինձ ասում է հայտնի հայկական սուրբ Աստվածածնի եկեղեցու մասին, որը գտնվում է Արմենիա փողոցում: Առաջարկում է մասնակցել մեկ ժամ տևող ժամերգությանը, որից հետո ինձ կտանի այնտեղ, քանի որ ապրում է հայկական եկեղեցու հարևանությամբ: Շնորհակալ եմ, ես լավ գիտեմ դրա մասին, անցյալ օրն եմ եղել աշակերտության հետ հանդիպման Նարեկ հայկական վարժարանում, որը գտնվում է հայկական եկեղեցու հենց կողքին: Ինձ պետք է այն մյո՛ւսը, որ գտնվում է այստեղ, ա՛յս տարածքում: Հեռանում եմ այդ տեղանքից, և քանի որ Միլան Ձեժինսկին ասել էր՝ հյուրանոցի հետևում, իմաստ չեմ գտնում շատ հեռանալ շրջակայքից:
Նորից վերադառնում եմ կաթոլիկ եկեղեցու մոտ ու զննում շուրջս: Ճիշտ եկեղեցու ետևում՝ հայացքիս դեմ դիմաց, վեր է խոյանում մեկ այլ եկեղեցու գագաթ՝ վրան մեծ խաչ: Սկզբում ինձ թվացել էր, թե դա նույն վանական համալիրն է, այս եկեղեցու մի մասն է, բայց ուշադիր նայելով՝ միանգամայն պարզորոշ դարձավ, որ խաչը տարբերվում է դիմացիս կաթոլիկ եկեղեցու խաչից: Ճիշտ է, միայն վերևի մասն է երևում, բայց գույնն ու ճարտարապետական ոճը տարբերվում են: Կարծես հին դարերից է հառնում: «Հաստատ սա՛ է»,- ուրախացա հայտնագործությունիցս: Նույն ճանապարհով պտույտ արեցի՝ տրամաբանորեն հասնելու համար դիմացս երևացող եկեղեցուն՝ անօգուտ. նույն փակուղին էր:
Քիչ հեռվում հաղթանդամ մի տղամարդ եմ նշմարում՝ թավ, սև հոնքերով, մեծ քթով: Հույն է, հավանաբար, հաստատ կիմանա: Մոտենում եմ, տալիս նույն հարցը: Անգլերեն լավ չգիտի, բայց «արմենիան չըրչ» բառը հասկանում է: Ուսերը թոթվում է՝ չգիտի: Այնուամենայնիվ, շրջվեց՝ հարցնելու մեքենայի մեջ գտնվող երիտասարդ տղային: Նա թե՝ այստեղ չկա այդպիսի բան: Մի՞թե իմ չեխ գրչընկերը կարող էր սխալվել: Նայեցի ժամացույցին՝ պետք է շտապել: Ճաշից հետո մեզ տանելու են Տեատրոպոլիս՝ Նիկոզիայի պատմական կենտրոնում գտնվող թատրոն: Այնտեղ ելույթ ունեմ, փոքր-ինչ պատրաստվել է պետք: Ամեն դեպքում՝ համարյա գտել եմ եկեղեցին: Չէ՛, ես հաստատ եմ գտել, քանի որ տեսել եմ պարզորոշ: Եթե կա եկեղեցին, ուրեմն կա նաև դեպի նրան տանող ճանապարհը: Վաղը նորից կգամ այստեղ, կշարունակեմ որոնումս:
***
Նիկոսիայի արևը շռայլ է, երկուշաբթին՝ ժլատ: Ժամանակը կարճ է, մեկնելու ժամանակը՝ սպառնալիորեն մոտ: Ես դարձյալ հյուրանոցի ետևում գտնվող կաթոլիկ եկեղեցու առջև եմ: Իսկ Միլան Դեժինսկուն չհասցրի հարցնել ճշգրիտ վայրը. գիշերը նա արդեն մեկնել էր Կիպրոսից: Ես լի եմ վճռականությամբ՝ գտնելու այն, ինչ փնտրում եմ: Վերջապես, եթե կա եկեղեցի, ուրեմն չի կարող չլինել դեպի նրան տանող ճանապարհը: Իսկ եկեղեցին վստահաբար կա: Ես ավելի եմ համոզվում, որ կաթոլիկ եկեղեցու խաչից փոքր-ինչ տարբերվող խաչով այն բարձր տաճարը հենց այն է, ինչ փնտրում եմ: Որոշում եմ ներս մտնել կաթոլիկ եկեղեցի. հնարավոր չէ այնտեղ չիմանան եկեղեցու անմիջապես ետևում երևացող մեկ այլ եկեղեցու մասին: Ներսում ոչ ոք չկա ու մի տեսակ մութ է: Այնքան էլ սրտովս չէ մենակ առաջանալ մութ, ընդարձակ եկեղեցում, ուր ոչ մի կենդանի շունչ չկա: Փոխարենը դրսում բարեհամբույր ինձ սպասում է արևը, որը, ինձ թվում է, նույնպես տեղյակ չէ՝ ինչպես գնալ դեպի հայկական եկեղեցի: Եկեղեցու շրջակայքը համարյա դատարկ է: Մտնում եմ հանդիպակաց նեղ փողոց. գուցե այստեղ մի բան կարողանամ գտնել, իսկ այստեղ վարսավիրանոց է: Մի երիտասարդ տղա վարսավիրանոցի դրսի բույսերն է ջրում: Ես մեծ հույսով տալիս եմ նրան հայկական եկեղեցու մասին հարցս ու հուսախաբ չեմ լինում. նա վստահաբար ասում է՝ իհա՛րկե գիտեմ ու ժպտալով մատնացույց է անում.
-Այնտեղից ձախ, հետո ուղիղ ու հայկական եկեղեցին հենց այնտեղ է: Ուրախությունից քիչ է մնում գրկեմ նրան: Դե իհա՛րկե, ես գիտեի, գիտեի՛, որ ի վերջո գտնելու եմ: Շնորհակալությունս ջերմագին հայտնում եմ անգլերեն, ապա՝ հանդիսավոր կերպով՝ հունարեն ու համարյա վազում իր ցույց տված ուղղությամբ: Գնում եմ ճիշտ նկարագրածով ու հայտնվում այն նույն մարոիտների եկեղեցու առջև, որտեղ եղել եմ արդեն չգիտեմ քանի անգամ… Հուսահատությունից լացս գալիս է արդեն, ու կեսօրյա չնահանջող արևի տակ ինքս ինձ քարշ եմ տալիս առաջ: Տե՛ր Աստված, ցու՛յց տուր ինձ ճանապարհը, չէ՞ որ ես գալիս եմ քո տաճար… Աջ կողմում հանդիպում եմ այն նույն հաղթանդամ, մեծ քթով հույնին, ում երեկ հարցրել եմ արդեն, ու մենք արդեն բարև ենք տալիս իրար՝ որպես ծանոթներ: Հունարեն հարցնում է՝ չե՞մ գտել, պատասխանում եմ՝ չէ, թեև ո՛չ ես հունարեն գիտեմ, ո՛չ էլ նա է հասկանում իմ լեզուն, բայց, հավանաբար, հուսահատության լեզուն թարգմանության կարիք չունի: Նա ակնհայտորեն խղճում է ինձ ու ճիշտ էլ անում է: Ես ինքս էլ եմ խղճում ինձ: Ինձ, երևի, խղճում են անգամ այն թռչունները, որ կեր գտած՝ ցածում անհոգ ֆռֆռում են իմ դիմաց: Նստեցի կաթոլիկ եկեղեցու մոտ գտնվող նստարանին ու գլուխս ձեռքերիս մեջ առա: Գուցե տեսի՞լք էր այն հին թվացող տաճարը, որի վրա խաչ էր երևում: Ոտքի ելա, ետ-ետ գնացի, նորից հստակ տեսա հին թվացող տաճարի վերնամասը՝ խաչը գագաթին: Ես նորից տեսնում եմ այն: Այն կա և չկա: Գուցե ե՞ս եմ ոչմիտեղ, որտեղից ինձ չի հաջողվում մոտենալ ցանկալի կետին: Ուղեղս սկսում է երկփեղկվել: Մեկ անգամ ևս փորձում եմ պատկերացնել դեպի նրան տանող ճանապարհը ու վերջնականապես հասկանում, որ այն չկա: Մեկ բան ավելի քան հստակ էր. տաճարը շատ մոտ է, աչքով ներառելի մերձակայք: Կա տաճարը, բայց չկա դեպի այն տանող ճանապարհը: Չկա՛: Ավելի ճիշտ՝ կա, բայց չի տանում տաճար: «Ո՞ւմ է պետք ճանապարհը, որ չի տանում տաճար*,- ինքնաբերաբար գալիս է մտքիս հայտնի արտահայտությունը: Ես եմ, բարձրում երևացող խաչը և երկինքը: Ասես մեզնից մեկը մոլորված լինի: Հաստատ երկինքը չէ: Մնում ենք ես կամ խաչը, որն անբացատրելի հմայությամբ կանչում է ինձ դեպի իրեն: Անասելի հարազատություն եմ զգում, այնքան, որ չեմ ուզում թողնել-հեռանալ: Երկինքը աչքիս առջև հեռանում է, չգիտեմ՝ դեպի առա՞ջ, թե՞ դեպի հետ: Իսկ ես ստիպված եմ ընտրել դեպի առաջ հեռանալը:
Վերջին անգամ պտոտվեցի եկեղեցու շուրջ: Արևը մեղմորեն շոյում է հուսահատությունս: Աշնան արևը իմ սիրելին է, այն առավել ջերմ է այստեղ՝ Նիկոսիայում, մի՞թե պիտի լքի ինձ հուսահատության մեջ: Մի քանի ժամից ես եմ լքելու այս լեռնային կղզին: Մի փոքր էլ մնամ այստեղ, մինչև ոտքերս կտանեն ինձ Կաստելլի հյուրանոց: Նստում եմ նստարանին ու հայացքս վերջին անգամ դարձնում դեպի դիմացիս տարածքները: Աչքերս լի են հուսահատությամբ, որպեսզի ունակ լինեն նշմարելու նոր ինչ-որ մի բան: Հանկարծ հայացքս որսում է մի ծածանվող դրոշ՝ կիսալուսնի պատկերով: Ուղեղս փայլատակում է: Ահա՛ թե ինչ. այնտեղ թուրքական տարածքն է՝ քաղաքի բաժանված հատվածը: Շտապում եմ նորից այնտեղ, որտեղից որպես փարոս՝ նորից տեսնում եմ բարձրադիր եկեղեցու վերնամասը՝ իր ուրույն խաչով: Այո՛, չկա ճանապարհ, որ տանում է դեպի եկեղեցի, քանի որ այդ ճանապարհը գոցված է: Այդ գեղեցկուհի տաճարը մնացել է սահմանի մյուս՝ թուրքական հատվածում, հենց սահմանի բերանին… Այնուամենայնիվ, ես գտա նրան՝ այն անուղի, անարահետ եկեղեցին, որին փնտրում էի: Հիմա ես ստիպված էի շրջվել նրան մեջքով ու քայլել այն ճանապարհով, որն ավելի պիտի հեռացներ նրան ինձանից: Վերադարձա Կաստելլի հյուրանոց, որտեղից կես ժամ անց արդեն պատվիրած տաքսին պիտի հասցներ ինձ օդանավակայան:
***
Ճանապարհները մեր սրտում են: Մենք կարող ենք ճամփորդել հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք, բայց մեր փնտրած ճանապարհները նախ մեր մտքում ու սրտում են ապրում: Երբեմն հարկ է լինում երկար անցնել ամենատարբեր ուղիներով, հաճախ դարեր են պետք լինում, մինչև գտնվում են ուղիները: Երբեմն հենց մենք ենք դառնում այդ ճանապարհը: Հիմա Երևանի իմ տանը ես գտել եմ քեզ, սո՛ւրբ Աստվածածին եկեղեցի, որ նաև Կանչվոր անունն ունես: Ես իսկույն ճանաչեցի քեզ համացանցի նկարով, թեև իրականում տեսել էի միայն քո բարձրադիր հատվածը: Ես իմ մտքում միշտ փայփայելու եմ քո՝ Կանչվորի կանչող պատկերը՝ որպես փարոս ու որպես սրբազան տեսիլք, որին այնքան ձգտում էի մոտենալ ու չէի կարողանում, որին որքան մոտենում էի, այնքան հեռանում էր… Հիմա, երբ հեռացել եմ, դու արդեն մոտ ես ինձ ու իմն ես այլևս: Ես գտա քեզ մոտ բերող ճանապարհը. այն իմ սրտով է անցնում դեպի քեզ, անցնում է դարերի միջով, ու մի օր այդ ճանապարհը բերելու է ինձ քեզ մոտ՝ ուխտի, սահմանի հակառակ հատվածից, որտեղ կիսալուսինը արյան գույն ունի: Սպասի՛ր ինձ, որովհետև հեռու չէ այդ օրը:
Նիկոսիա-Երևան, նոյեմբեր 2023թ.
* Ո՞ւմ է պետք ճանապարհը, որ չի տանում տաճար- սովետական հայտնի «Ապաշխարանք» ֆիլմից
*Մարոնիտներ-քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք մեծ թիվ են կազմում հատկապես Լիբանանի, Սիրիայի արաբական համայնքներում:
***
Հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1346թ.-ին Կիլիկիայի հայկական թագավորությունից Կիպրոս տեղափոխված հայերի կողմից, որոնք մեծ թիվ էին կազմում այնտեղ 13-րդ դարի վերջին և հատկապես 14-րդ դարում։ Վանքը Կիպրոս կղզու հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից է եղել, որտեղ ապրել ու ստեղծագործել է Ներսես Լամբրոնացին: 1571թ.-ից վանքը դադարել է գործել։ 1907թ.-ին հնէաբանական դեպարտամենտը վերանորոգել է այն, 1936 թվականին այն վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն: 1945թ.-ին վանքը կրկնակի օծվել է արքեպիսկոպոս Գևորգ Չեբեյանի կողմից։ 1957թ.-ին այն այրվել է թուրք կիպրոսցիների կողմից։ 1963-1964թթ. վանքը և դրա մերձակա տարածքն անցնում է ծայրահեղական թուրք կիպրացիների ձեռքը, 1974թ.-ի օգոստոսին՝ թուրք զինվորականների։ Վանքի մուտքը փակվում է և այնտեղ տեղակայվում է զինվորական բազա։ 2005 թվականից ի վեր զբոսաշրջիկներին նորից թույլ են տալիս այցելել վանք, որը գտնվում է Ֆամագուստայում՝ Կիպրոսի թուրքական հատվածում։
Թուրքիայի կողմից գրավվելուց հետո կիպրական մյուս հատվածի հայկական եկեղեցիները չեն գործում և միայն ժամանակ առ ժամանակ (հատուկ պայմանավորվածություններով) այնտեղ պատարագներ կամ ուխտագնացություններ են կատարվում: 2014թ. մայիսին Կիպրոսի թուրքական հատվածում՝ Ֆամագուստայում գտնվող հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցում, պատարագ է մատուցվել, որը նվիրվել է Սուրբ Աստվածածին անունը կրող մյուս եկեղեցու՝ Նիկոսիայի առաջնորդանիստի հիմնադրման 40-ամյակին: Այս պատարագը հնարավոր է դարձել երկար բանակցություններից հետո: Հայերի՝ Հյուսիսային Կիպրոսում պատարագ անցկացնելու ցանկությանն այս անգամ աջակցել են Կիպրոսում Շվեդիայի դեսպանատունն ու միջազգային Religious Tract Society կրոնական կազմակերպությունը: Հայ հավատացյալների հետ Հյուսիսային Կիպրոս են այցելել նաև Կիպրոսում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը, այլ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաև Կիպրոսից հայկական երգչախումբ: Պատարագի մասնակիցների առջև պարտադիր պայման է դրվել «կանաչ գիծ»-ը հատելուց հետո պահպանելու կիպրա-թուրքական կողմերի սահմանած բոլոր օրենքները: Սահմանից մի փոքր հեռու է գտնվում նաև Հայ ավետարանական եկեղեցին, որում այժմ թուրքական մի գործարան է տեղակայվել: Կղզու թուրքական հատվածում է նաև հայկական Մակարավանքը, այլ հայկական սրբավայրեր:
Փաստագրական տվյալները վերցված են Վիքիպեդիայից
- Created on .
- Hits: 905