Ես գիտեմ` ինչ եմ մտածում և աղոթում եմ, որ լսարանն ինձ ընկալի. Ատոմ Էգոյան

Երևանյան 21-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է հաղթարշավը։ Բազմաժանր ֆիլմերի ցուցադրություններից մինչև վարպետության դասեր, տարատեսակ հյուրեր և քննարկումներ. կինոսերներն ու արվեստասերները ձանձրանալու ժամանակ անգամ չունեն։ Իսկ երբ սկսվում են զրույցները նշանավոր հյուրերի հետ, հարցերն ու խոհերը ուղղակի զարդարում են փառատոնը։ Երկարատև դադարից հետո այս տարի փառատոնը մեծ ոգևորությամբ և հանդիսավորությամբ ընդունեց կանադահայ ռեժիսոր, միջազգային մի շարք փառատոնների մրցանակակիր Ատոմ Էգոյանին։ Իհարկե, հանդիպման առիթն էլ պատեհ չէր։ Շատերն են դիտել կամ հենց «Ոսկե Ծիրան»-ի բացմանը դիտեցին ռեժիսորի վերջին՝ կրոնամիստիկ խորհրդով պատված և միաժամանակ ռեալիստիկ գույնով ներկված աշխատանքը, որը հյուսում է թատերական բեմադրության, օպերայի, աստվածաշնչյան իրականության, նրբագույն երաժշտության, ժամանակակցի և նաև անցյալի ու, իհարկե, ֆիլմի սահմանները։

«Յոթ շղարշ» ֆիլմի սյուժեն կենտրոնանում է երիտասարդ և հավակնոտ թատերական ռեժիսոր Ժանինի վրա, որը բախվում է կյանքի և մասնագիտական ​​մարտահրավերի: Նա ստիպված կլինի վերակենդանացնել «Սալոմե» լեգենդար օպերան, որի արտադրությունը նախկինում փառք բերեց իր ուսուցչին՝ հայտնի ռեժիսորին։ Այս հավակնոտ առաջադրանքը կյանքի կոչելով՝ հերոսուհին ոչ միայն ձգտում է ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը, այլև հարգել իր ուսուցչի հիշատակը։

Atom Egoyan 1

Էգոյանը նաև այս դրամայի սցենարի հեղինակն է։ Այն հիմնված է ռեժիսորի հիշողությունների վրա։ 1996 թվականին նա ինքն է մասնակցել «Սալոմե» բեմադրությանը կանադական թատրոնի բեմում։ Էգոյանը ձեռք բերած փորձը էկրաններ է բերել ավելի քան քսան տարի անց։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի կինոփառատոնում։

«Մեզ համար պատիվ է այս տարվա փառատոնում տեսնել Ատոմ Էգոյանի արտասովոր ֆիլմի պրեմիերան։ Էգոյանի կինեմատոգրաֆիան անզուգական է, և մենք ոգևորված ենք «Յոթ շղարշը» TIFF-ի մեր հանդիսատեսին ներկայացնելով»,- ասել է TIFF-ի գործադիր տնօրեն Քեմերոն Բեյլին։

Իսկ Rhombus Media-ի պրոդյուսեր Նև Ֆիչմանը ֆիլմի մասին նշել է․ «Սալոմեի արտադրությունը էլեկտրիֆիկացրեց բեմը, երբ դրա պրեմիերան տեղի ունեցավ 1996 թվականին և զարգանում էր յուրաքանչյուր նոր թողարկման հետ: Օպերան ուսումնասիրում է թեմաներ, որոնք հնչում են Ատոմ Էգոյանի ստեղծագործության ողջ ընթացքում, և այս ֆիլմը հուզիչ և սադրիչ հաջորդ քայլն է այս շարունակական էվոլյուցիայի մեջ»:

Մինչ այս Էգոյանը նկարահանել է 19 ֆիլմ, որոնցից մի քանիսն արժանացել են մրցանակների միջազգային փառատոններում։ 2003 թվականին ռեժիսորը դարձել է Բեռլինալեի միջազգային ժյուրիի նախագահը։

«Ոսկե Ծիրան» փառատոնի ընթացքում հրավիրված քննարկմանը Ատոմ Էգոյանը պատմեց ֆիլմից, խոսեց ժամանակակից մարտահրավերներից ու գոյաբանական հիմնախնդիրներից։

«Անցյալին վերադառնալը կապ ունի իմ հայկական արմատների հետ։ Մենք ուզում ենք մեր ներկան ավելի լավը դարձնել, և մենք հաղորդակցվելու կարիք ունենք։ Ահա թե ինչ եմ ուզում իմ ֆիլմերով ասել»։

Atom Egoyan 3

Իսկ ո՞րն է ֆիլմերի հաջողության գրավականը․

«Դու կարող ես շուկայի հետ առնչվել, երբեմն շուկան կարող է հիասթափեցնել, բայց պետք է մնալ ինքդ քեզ հավատարիմ։ Ահա, օրինակ, հենց այս ֆիլմում («Յոթ շղարշ») շատերը քննարկում են, թե ինչու կերպարը որևէ սարսափելի բան վերջում չի անում։ Սա իմ դեպքը չէ, ես չէի կարող այլ կերպ վարվել, դա կփչացնի իմ պատմությունը։ Ամեն բան համբերության կարիք ունի և հատկապես ֆիլմում։ Դու պետք է կառչած լինես ֆիլմին, իսկ դիտողը չունի այդ համբերութունը։

Ինքնության ու այլության սահմանի և ընդունման մասին․

«Մենք բոլորս ուզում ենք սիրված լինել, որովհետև հավատում ենք, որ մեզ պետք է սիրեն։ Մենք հայերս էլ ենք այդպիսին և չենք հասկանում, որ մեր մշակույթը այլ է, չենք հասկանում, թե ինչու մեզ չեն սիրում։ Մենք պետք է ուսումնասիրենք աշխարհը, հասկանանք ինքներս մեզ և անապահով չզգանք նրանից, որ մեզ չեն սիրում։ Աշխարհի հարցն է, թե ինչպես ենք մենք նավարկում։ Ես օգտագործում եմ ֆիլմը, որովհետև մետաֆոր կա՝ մարդը ձախողում է շղարշը։ Ինձ համար ամենակարևորը մարդ-մարդ հարաբերությունն է, երբ նրանք ուզում են հասկանալ քեզ։ Այս ֆիլմում էլ Ջանինին (գլխավոր հերուսուհին) ամենամիայնակ մարդն է, և դուք՝ դիտորդներդ, պետք է հասկանաք նրան։ Ինչո՞ւ ենք միայնակ, որովհետև ուզում ենք, որ մեզ տեսնեն այնպիսին, ինչպիսին մենք ենք մեզ տեսնում»։

Ինչպիսի՞ն են կերպարների հետ հարաբերությունները, աշխատանքը դերակատարների հետ․

«Ես բաց եմ փորձառությունների հետ։ Ես չեմ դնում սահմաններ, թողնում եմ, որ կերպարները տարածք մուտք գործեն, նրանք բաց են դառնում և հետաքրքիր առաջ գնում։ Ես ուզում եմ, որ իմ դերակատարները հասկանան իրենց կերպարներին, եթե նրանք չզգան, չի ստացվի։ Պետք է մոտենան և զգան, և ինչ-որ պահի դադարում են ասել ինչ կերպար է։

Atom Egoyan 5 

Ֆիլմերի ժանրային առանձնահատկության կարևորության մասին․

«Մենք պետք է ունենանք ֆիլմի ներքին կառուցվածքը, սեփական գաղափարը, հասկանանք՝ ինչ ենք տալիս լսարանին։ Փարաջանովը, օրինակ, ներքին մի համակարգ է կիրառել, նա օգտագործել է կովկասյան, ուկրաինական, ադրբեջանական տարրեր, մենք ուսումնասիրում ենք դրանք կարդալով և հայկականացնելով։ Պետք է հասկանանք, որ դա արվեստի առանձին աշխարհ է։

Ես հավատում եմ ժանրի հզորությանը, այս ֆիլմերը մի բանի մասին են, որ չես կարող խաբել լսարանին, իսկ լսարանը շատ ազնիվ է արձագանքում։ Կհաջողես, եթե սիրում ես ֆիլմի ժանրը, որտեղ աշխատում ես։ Դու պետք է քո առջև ազնիվ լինես»։

Արդյոք Էգոյանի ֆիլմերը մշտապես ինչ-որ մի երևույթի պակաս լինելու մասի՞ն են․

«Երբեմն զգայականը կարող է ծածկել ռացիոնալությունը։ Դու չես կարող իմանալ՝ ինչպես լսարանը կընկալի և կհավատա։ Ես գիտեմ՝ ինչ եմ մտածում և աղոթում եմ, որ լսարանն ինձ ընկալի»։

Ամենակարևորի՝ Հայաստանի մասին․

«Երկար տարիներ չեմ եղել Հայաստանում։ Հրաշալի է և էմոցիոնալ կարևոր է ամենը, փոփոխություններ են եղել։ Շատ դժվար բաներ են եղել։ Այժմ երկիրը շատ է փոխվել, ունենք նոր սփյուռք։ Ոչ ոք այս հոսանքը չի հասկանում, որովհետև մենք առաջինն այն ենք, որ մեր ձայնն ենք բարձրացնում պատմական ճշմարտության համար, բայց մեզ չլսեցին։ Մենք միայնակ ենք և միայն իրար ունենք»։

Ալմաստ Մուրադյան

 

  • Created on .
  • Hits: 452

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: