Բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը
Հուլիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ փառատոնը:
Այս տարի ավանդական կարմիր գորգի արարողութուն տեղի չունեցավ, փոխարենը ներկայացվեց արվեստագետ Դավիթ Քոչունցի էսքիզների հիման վրա պատրաստված «Տեղորոշում» խորագրով կարմիր գորգի հավաքածուն` 21մ երկարությամբ ձգվող 7 գորգ: Այն ստեղծվել է արցախահայության բռնի տեղահանումից հետո և կառուցված է հայկական գյուղերի ու քաղաքների տեղագրական քարտեզների հիման վրա: Այսկերպ վերաիմաստավորվել է կինոփառատոնի կարմիր գորգի խորհրդանիշը՝ առաջին պլան մղելով արդի խնդիրների վեր հանումն ու երկխոսությունը:
Փառատոնի մեկնարկը ազդարարեցին դրա համահիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և 12 տարի անց «Ոսկե ծիրան» վերադարձած Ատոմ Էգոյանը:
Փառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը հիշեց, որ երբ ուզում էին ստեղծել այս փառատոնը, իրենց ընդդիմանում էին՝ ասելով, որ կինո ու կինոթատրոն չունենք, ինչու պետք է կինոփառատոն ունենանք: Բայց ստեղծվեց այն, ու հենց առաջին մրցանակը ստացավ հայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Եվ ահա տարիներ անց՝ 21-րդ անգամ անցկացվող փառատոնի շրջանակում, համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար «Փարաջանովյան թալեր» (ի պատիվ հռչակավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի) մրցանակը ստացավ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և փառատոնի պատվավոր հյուր, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսին:
«Երջանիկ եմ այստեղ գտնվել։ Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ այսքան պատվարժան կինոգործիչների, ժյուրիի անդամների հետ։ Մեծ պատիվ է, որ այս երեկո որոշել եք ինձ հյուրընկալել։ Երբ նայում եմ իմ ֆիլմերից ներկայացված հատվածները, մտքովս անցնում են ռեժիսորները, սցենարիստները, խաղընկերները և թիմակիցները։ Ինձ պատվելով՝ դուք իրականում պատվում եք բոլոր նրանց, ովքեր նպաստել են այդ ֆիլմերի ստեղծմանը: Դրանք իմ կյանքը փոխել են մեծապես ու շրջադարձային»,- նշեց Քևին Սփեյսին։
Կինոփառատոնի մեկնարկը տրվեց Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ, որը «Սալոմե»-ի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունն է։
«Ամբողջ կյանքում սիրահարված եմ եղել թատրոնին, նույնիսկ կինոյից առաջ ինձ հիացնում էին պիեսները: 40 տարի է, որ գեղարվեստական ֆիլմեր եմ նկարում, բայց միաժամանակ նաև թատրոնով էի զբաղվում: Անցյալ տարի կանադական օպերայում «Սալոմե»-ի իմ ներկայացումն էի թարմացնում և մի խելառ միտք անցավ մտքովս՝ որոշեցի դրա շուրջ մի պատմություն հյուսել: Այս ֆիլմով իմ պարտքն եմ մատուցում երկու մեծ արվեստագետի՝ անգլիացի թատերագիր Օսկար Ուայլդին, որ այս պիեսն է հեղինակել և Ռիխարդ Շտրաուսին, որ պիեսի հիման վրա օպերան է գրել: Նրանք հիմնովին ազդել են ինձ վրա: Սա իմ փորձն է վերցնել այս գլուխգործոցը և դիտարկել այսօրվա հասարակության խնդիրների ներքո»,- իր խոսքում նշեց Ատոմ Էգոյանը՝ հիշեցնելով, որ Ամանդա Սեյֆրիդի հետ աշխատել է 15 տարի առաջ, որը անմոռանալի է կերտել իր դերը:
«Ոսկե ծիրանը դարձել է երևանյան ամառների մեր անբաժան ուղեկիցը: Սա նաև մի իրադարձություն է, որը չի սկսվում ու ավարտվում այս օրերով: Կինոփառատոնի մասին քնարկումներն ու խոսակցությունները սկսվում են շատ ավելի վաղ և շարունակվում են դրանից հետո, ինչը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է այս հարթակը մեր կինոարտադրության, կինոմշակույթի և ընդհանուր առմամբ մշակույթի համար»,- իր ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք առավել քան վստահ ենք, որ կինոն զարգանալու է նաև մեր երկրում հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին փոփոխություններ են արվել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում և նոր հնարավորություններ են ստեղծվել հատկապես համատեղ կինոարտադրությունների համար»: Ըստ նախարարի՝ այս փոփոխությունների համաձայն՝ համարտադրությամբ ստեղծված ֆիլմերի դեպքում հնարավոր կլինի 10-40 տոկոս ներդրումների վերադարձ իրականացնել, ինչը, ըստ էության, նոր զարկ կտա համատեղ կինոպրոյեկտների ստեղծմանը, ինչին կարող է նպաստել նաև «Ոսկե ծիրանը»: «Կինոարտադրության առումով կարծում եմ՝ Հայաստանը լավագույն վայրերից է իր լանդշաֆտով, բնությամբ, տեսարաններով»:
Միջազգային այս կինոտոնի շրջանակում առաջիկա օրերին հանրությանը կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից և ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Փառատոնի ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/45UDM92 :
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 380