«Դերասանը պետք է ձայն ունենա ու այն չկորցնի, որպեսզի մարդիկ նրան լսելիս հետաքրքրվեն՝ ով է խոսում, գնան այդ ձայնի հետևից». Քևին Սփեյսի
Երբ մի քանի ակնթարթում իրար հաջորդում են «Յոթը» (1995), «Կասկածելի դեմքերը» (1995), «Վճարիր ուրիշին», «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (1999), «Դեյվիդ Գեյլի կյանքը» (2003), «Սուպերմենի վերադարձը» (2006), «Փոքրիկը վարելիս» (2017) ֆիլմերից և «Խաղաթղթե տնակ» հեռուստասերիալից դրվագները, հանդիսատեսն ակտիվանում է, ոգևորվում, և բեմին է մոտենում սպասված հյուրը՝ Քևին Սփեյսին։ Ու սկսվում է խաղը, որից կտրել և կտրվել հնարավոր չէ՝ այն էլ համեմված հումորով, զուգահեռներով և անսահման տարբեր պատմություններով։ Այդ օրը Երևանի Կինոյի տունն ուղղակի միայն մարդաշատ չէր, այլ... «Ոսկե Ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի ընթացքում կինոսերները սպասում էին բազմաթիվ մրցանակների դափնեկիր, ամերիկացի դերասան Քևին Սփեյսիին։
Իր հանդիսատեսի հետ դերասանը կիսվեց կինոաշխարհի հետ առաջին հարաբերությունների մասին։ Հիշեց հուզիչ դրվագը, երբ մայրիկին տպավորություններ պարգևելու խորհրդով առաջին նմանակումներն էր անում։
«Մայրս ինձ միշտ հետը տանում էր ֆիլմեր դիտելու, ինչի շնորհիվ էլ ծանոթացա մեծ դերասանների հետ՝ Քեթրին Հեփբերն, Ստյուարտ և այլք։ Հետո ես նկատում էի, թե ինչպես է մայրս նրանց հետևելիս ծիծաղում։ Ես էլ տանը նրանց նման էի խոսում ու մայրս նորից ծիծաղում էր։ Ծանր ժամանակներ էին, հայրս չէր կարողանում աշխատանք գտնել, ու ես լսում էի, թե մայրիկն ինչպես է ծիծաղում»։
Սփեյսին խոսում է, կատակում, նմանակումներ անում, իսկ հանդիսատեսը գոհ ու կենսուրախ հետևում է այս պատմություններին, որոնք Սփեյսիի խոսքով՝ ողջ կյանքն են զարդարել։
«Բախտավոր եմ և օրհնված, որ կյանքս անցկացրել եմ նման պատմություններ ներկայացնելով, որպեսզի բոլորդ վայելեք դրանք։ Խաղացածս դերերն առանձնահատուկ են ինձ համար, քանի որ հիշեցնում են իմ անցած ճանապարհը և մարդկանց, որոնց հետ այս ամենը ստեղծել ենք»։
Առանձնահատուկ դերը, որը նոր է կերտելու.
«Բայց համարում եմ, որ յուրահատուկ դերերը դեռ չեմ խաղացել, ապագայում կանեմ: Ամեն կերպար տարբեր է ստացվում, քանի որ միշտ տարբեր ռեժիսորների հետ եմ աշխատում։ Առհասարակ, ոչ միայն սցենարի հեղինակներին եմ ծառայում, գրողին եմ ծառայում, այլ նաև ռեժիսորներին։ Ես գունապնակ եմ, և ինչ-որ մեկը դրանով ներկում է»։
Սցենարի և կերպարների հետ աշխատանքի մասին.
«Ամեն ինչ սկսվում է սցենարին ծանոթանալուց, պետք է ծառայեմ հեղինակի գրածին ու փորձեմ նրա ներկայացրածի քողը բացել, գաղափարներն ու մտահղացումները պատմել ու բացատրել, թե ինչ է ցանկացել, որ լսարանը զգա։ Սա անընդհատ գործընթաց է, և միշտ անցնում եմ դրա միջով։ Երբ սցենարն ինձ գրավում է և տեսնում եմ, թե որքան հրաշալի պատմություն է, ուզում եմ՝ իմ ստացած առաջին տպավորությունը դուք էլ զգաք, հենց այդ մտքով էլ դերս կերտում եմ»։
Իսկ որտե՞ղ է ավարտվում վատ դերասանը և սկսվում լավ դերասանը։ Կինոյի և թատրոնի յուրահատկությունը.
«Դերասանն ամենուր նույնն է․ բեմի վրա, որևէ դպրոցի թատերախմբում կամ ֆիլմում նրա խաղը նույնն է։ Լավ դերասանն ամենուր լավն է, իսկ վատը՝ վատը։ Ինձ բախտավոր եմ համարում, քանի որ համոզված եմ եղել, որ լավ գործ եմ անում։ Թատրոնը կյանք է ու շատ իրական, այն անընդհատ է փոփոխվում, իսկ կինոյում ամեն ինչ սառած է։ Բեմում կախարդական պահեր եմ ունեցել և վայելել դրանք։ Թատրոնն անդադար առաջ գնալու հնարավորություն է տալիս, դրա համար էլ այդքան առանձնահատուկ է ինձ համար։
Դերասանը պետք է ձայն ունենա ու այն չկորցնի, որպեսզի մարդիկ նրան լսելիս հետաքրքրվեն՝ ով է խոսում, գնան այդ ձայնի հետևից։ Անհրաժեշտ է նաև չկորցնել մարզավիճակը, մանավանդ թատրոնում է դա շատ կարևոր»։
Սփեյսին մի բացառիկ խորհուրդ էլ հիշեց.
«Ես միշտ հիացել եմ թատերական ռեժիսոր Սեմ Մենդեսով, նա յուրահատուկ ու տարբերվող ոճ ուներ։ Կարողանում էր դերասանների հետ բացառիկ աշխատանք տանել, տարբերվող լուսավորություն և ձևավորում ընտրել։ Երբ իմացա, որ որոշել է ֆիլմ նկարել, այդ ժամանակ Լոնդոնում նկարահանումների էի։ Երբ հանդիպեցինք, համոզվեցի որ շատ խելացի ռեժիսոր է։ Նա հարցրեց, թե «Բնակարան» ֆիլմը երբ եմ վերջին անգամ դիտել և խորհուրդ տվեց մեկ անգամ ևս վերանայել։ Հետագայում վերադարձանք այս խոսակցությանը, ու նա նշեց. «Ֆիլմում Լեմոնի դերակատարը երբեք չի փոխվում, անգամ մազը չի շեղվում, ուզում եմ՝ դու էլ այդպես կերտես Լեսթերին «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում»։ Այդ խորհուրդն ինձ շատ օգնեց, ռեժիսորի կողմից հիանալի ուղղորդում էր։ Հասկացա, որ Մենդեսն իր գործը լավ է անում, ու նույն կերպ էլ ես պետք է վարվեմ»։
Սփեյսին երկու «Օսկար»-ի (1996, 2000), BAFTA-ի (2000), «Ոսկե գլոբուս»-ի (2015), «Թոնի»-ի (1991) մրցանակակիր է։ Երևանյան այցից հետո Սփեյսիի մրցանակային ավարին կմիանա նաև հայկականը՝ պատվավոր «Փարաջանովյան թալեր»-ը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 467