Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ փառատոնը

Այսօր Կինոյի տանը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Հայտնի դարձան կինոփառատոնի մրցանակակիրները: Այսպիսով՝

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Հրանտ Վարժապետյանի «Տուն» ֆիլմը, «Արծաթե ծիրան»՝ Աննա Մկրտումյանի «Արմատ»-ը։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում  «Ոսկե ծիրան» ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», «Արծաթե ծիրան»՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք», «Արծաթե ծիրան»՝ Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը՝ նվիրված Արցախին: Այն ստացավ նաև Fipresci-ի մրցանակ։

Voske ciran 21 mrtsanakabashxutyun 2

Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակին արժանացավ իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Ջաֆար Փանահին: 14 տարվա ազատազրկումից հետո սա փառատոնային նրա առաջին այցն էր:

«Կուզեի 15 տարի հետ գնալ, երբ հեռուստացույցով նայում էի Բեռլինի կինոփառատոնի ամենացնցող և հուզիչ տեսարաններից մեկը, որտեղ կար դատարկ աթոռ՝ վրան գրված Ջաֆար Փանահի: Բեմում կարդացվեց դատապարտված Փանահիի նամակը: Նամակ, որտեղ 20 տարով Փանահին հրաժեշտ էր տալիս կինոյին՝ ասելով, որ շարունակելու է ֆիլմեր նկարել իր գլխում, երևակայության մեջ: Նա հույս ուներ, որ այդ տարիները կանցնեն, և ինքը կկարողանա տեսնել մի փոքր ավելի փոփոխված աշխարհ, որտեղ բարձրացվում են թեմաներ, որոնք ինքն է բարձրացնում՝ ազատություն, ժողովրդավարություն, բազմակարծություն, մարդու իրավունք… Անցան այդ տարիները, ոչ՝ 20,  բայց չեմ կարծում, ցավոք, որ այդ երազանքներն ի կատար են ածվել: Բայց կատարվել է այն երազանքը, որ այսօր մենք տեսնում ենք աթոռ, որին նստած է ինքը՝ Ջաֆար Փանահին»,- ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Voske ciran 21 mrtsanakabashxutyun 3

«Միշտ մտածել եմ՝ երբ է արվեստագետը մահվան մասին մտածում: Այն ժամանակ, երբ դժվարություններն արդեն անտանելի են: Բայց վստահ եմ՝ քանի դեռ արվեստագետը չի ստեղծել իր լավագույն ստեղծագործությունը, մահվան մասին չի մտածի: Քանի դեռ ինքս չեմ նկարել իմ լավագույն ֆիլմը, մահվան մասին չեմ մտածում»,- մրցանակը ստանալիս ասաց Ջաֆար Փանահին՝ ավելացնելով,-«Այսօր գնացել էի Փարաջանովի թանգարան և զարմացել՝ որքան նրբություն կա նրա  աշխատանքներում: Հուսամ՝ այս մրցանակը ստացողները չեն մտածի, որ արվեստում իրենց լավագույն գործն արդեն արել են»:

Voske ciran 21 mrtsanakabashxutyun 4

«Փարաջանովյան թալեր» մրցանակին արժանացավ նաև օսկարակիր Ալեքսանդր Փեյնը: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նրան նվիրեց «Տեղորոշում» հայկական գորգերի հավաքածուից մի գորգ: Նշված հավաքածուն փոխարինել էր այս տարվա կինոփառատոնի ավանդական կարմիր գորգին՝ ձեռք բերելով խորհրդանշական իմաստ:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 689

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: