«Ընկերացե՛ք հուսահատության հետ, որովհետև դա կարևոր է ֆիլմեր նկարահանելու համար». Ալեքսանդր Փեյն

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում համաշխարհային կինոյում ներդրած ավանդի համար Փարաջանովյան Թալերի արժանացավ նաև օսկարակիր ամերիկացի ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը։ Վերջինս այս տարի կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր։ Կրկնակի օսկարակիր (2005, 2012) ռեժիսորի ֆիլմերը հայտնի են իրենց սև հումորով և ժամանակակից ամերիկյան հասարակության երգիծական պատկերներով։ 1990-ականների սկզբի ինդիվիդուալիստ ռեժիսորների շարքում իր ուրույն տեղը մշտապես զբաղեցրած Ալեքսանդր Փեյնն իր կարիերայի ընթացքում շարունակում է նկարահանել ոգով անկախ ֆիլմեր: Փեյնը մշտապես խաղում է սցենարի հետ, ինքն է հյուսում, իսկ արդյունքում հերոսները բոլորին են հայտնի, քանզի նվաճել են ամերիկյան կինոյի ամենաբնորոշ կերպարների շղթայում իրենց առաջատար դիրքերը։

Նախքան ֆիլմի դիտումը և մրցանակաբաշխությունը ռեժիսորը նաև հանդիպեց իր արվեստի սիրահարներին։ Պատմեց, խորհուրդներ տվեց, պատասխանեց հարցերին։

«Երևան գալուց ի վեր քնելու ժամանակ չեմ ունեցել։ Երկար եմ մնացել օդանավակայանում, տեսել եմ արևածագը։ Այստեղ ամեն բան երազի է նման։ Երրորդ օրն է, որ Հայաստանում եմ, և հրաշալի է ամեն բան. լավ մարդկանց եմ հանդիպել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերը ևս  լավ են անցնելու»,- նշեց Փեյնը։

FB IMG 1721080119881

Փառատոնի ընթացքում կինոսերներն առիթ ունեցան դիտելու ռեժիսորի սև-սպիտակ «Նեբրասկա» (2013) ֆիլմը։ Այն կարծեք թե ամփոփում է հեղինակի մեթոդը. ճանապարհ, ամերիկյան առասպելներ, ընտանիք, անցյալի խոհեր։ Փեյնն այստեղ ևս, հավատարիմ լինելով սիրելի ժանրին, ընտանեկան ճանապարհային ֆիլմ է ստեղծում։ Սա ճամփորդություն է, որտեղ ճանապարհը մետաֆոր է, որը բացահայտում է իմաստն ու կյանքի ուղիները։ Իսկ այդ ճանապարհին կարևոր արժեքներ են պտտվում, հիմքում՝ ընտանիքը։

«Իմ «Նեբրասկա» ֆիլմն ի սկզբանե որպես թատերախաղ է եղել։ Ես սցենարիստին պատմեցի գաղափարը, ինչը խմորվել էր տարիներ շարունակ։ Հասկանում էի, որ ակադեմիական աշխարհից չեմ ու պետք է ուսումնասիրեի այն։

Որպես հրաշք իմ ձեռքում հայտնվեց նախնական սցենարը, կարծես մանանա թափվեց իմ գլխին։ Ես սցենարիստներին ասացի, որ լավ կլինի՝ իմ գաղափարները ևս հաշվի առնեն, համաձայնեցի ու միասին աշխատեցինք։ Սցենարը երկուսիս էլ բավարարեց»,- պատմեց Ալեքսանդր Փեյնը։

FB IMG 1721080139622

«Բոլոր ռեժիսորներն էլ իրենց ֆիլմերում փորձում են որևէ անձնական բան մտցնել, անգամ եթե սցենարի հեղինակները չեն։ Նրանք նյութի հետ երկխոսության մեջ են մտնում, կյանքի փորձառությունն են դնում, զգայունությունը, պատկերացումները դրամայի, կատակերգության մասին։ Ես երկար ժամանակ ցանկացել եմ որևէ ժամանակաշրջանի մասին ֆիլմ նկարահանել և այն օգտագործել ապագայի կամ անցյալի որոշ շրջան նկարագրելու համար»։

Փեյնն իր վրա ազդեցություն ունեցած ֆիլմերի և ժամանակաշրջանի առանձնահատկությունների մասին.

«Հիշում եմ, թե իմ երիտասարդության տարիներին ինչ ֆիլմեր էի դիտում։ Դրանք վերանայելով՝ հիշում եմ իմ մանկությունը՝ 1960-ականների վերջը, 1970-ականների սկիզբը։ Դա յուրահատուկ շրջան էր կինոյի պատմության համար։ Երբ դիտում եմ այդ շրջանի ֆիլմերը, զգացողություն ունեմ, որ այն, ինչ ցույց ես տալիս էկրանին, ասես ժամանակից պոկած լինես։ Շատ գեղեցիկ կինոնկարներ կան, որոնք  տպավորում են մարդկանց։ Միշտ մտածել եմ, որ կապ չունի, թե որ դարաշրջանի մասին եմ ֆիլմ նկարահանում, պարզապես ցանկացել եմ ստեղծել կինոնկարներ, որոնք կտարբերվեն այլ ռեժիսորների ֆիլմերից»։

FB IMG 1721080188465

Կինոնկարների իր մենաշնորհի մասին.

«Կինոն պետք է լինի հետաքրքիր, հասանելի մարդկանց,  ծիծաղեցնի հանդիսատեսին կամ ստիպի լաց լինել։ Սիրում եմ բարդ սիրո մասին ֆիլմեր նկարել,  երբ պետք է խոչընդոտներ հաղթահարել, պայքարել, սենտիմենտալ մոտեցում ցույց տալ։ Ուզում եմ, որ նման ֆիլմերն անկեղծ լինեն։ Իրականում հիմա շատ քիչ կինոնկարներ կան, որոնք լավ պատմություն են պատմում։ Քիչ են ֆիլմերը, որոնցում մարդկային պատմություններ են, չկան խառը, գժական երևույթներ, կռիվներ և այլն։ Միայն մի բան գիտեմ, որ անցյալում շատ էի ֆիլմեր դիտում, իսկ ժամանակակից կինո՝ ոչ»,- ասաց ռեժիսորը։

Խորհուրդ, որով երիտասարդները պետք է առաջնորդվեն.

«Երբ կինոյի ֆակուլտետում սովորող ուսանողների հետ եմ խոսում, իմ առաջին խորհուրդը նրանց այն է, որ ընկերանան հուսահատության հետ, որովհետև դա կարևոր է ֆիլմեր նկարահանելու համար։ Իրականում ռեժիսորի աշխատանքը շատ գեղեցիկ է. մենք ինչ-որ չափով վիրաբույժներ ենք։ Եթե անգամ շատ քիչ բյուջե լինի, ես ուզում եմ մարդկային պատմություններ նկարահանել, մարդկային ֆիլմեր»։
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կայացան ռեժիսորի հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 373

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: