«Ծիրանի ծառ» 10-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Դեբետում
Oգոստոսի 24-31-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ հոբելյանական միջազգային փառատոնը:
Կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 40 ֆիլմ՝ 20-ից ավելի երկրից: Մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Իրանը, Կանադան, Հայաստանը, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, ինչպես նաև կան տարբեր երկրների կողմից համարտադրությամբ ստեղծված ֆիլմեր: Փառատոնը կունենա 25-30 տեղացի և արտասահմանցի մասնակից, որոնք հնարավորություն կունենան մի քանի օր ապրել Լոռու մարզում, բացահայտել տեղի մշակույթն ու կենցաղը:
Փառատոնը կբացվի ռեժիսոր Ջումանա Մաննայի «Կերամատակարարները» ֆիլմով (2022թ): Կիսախաղարկային, բայց փաստական այս պատումի կենտրոնում Իսրայելի բնապահպաններն ու պաղեստինցի կերամատակարարների բուռն հարաբերություններն են քաղաքական ֆոնին: Ֆիլմը շատ վառ ներկայացնում է, որ բնաջնջումը ոչ միշտ է թրով կամ գնդակահարություններով լինում, այն կարող է լինել նաև անարյուն՝ զուտ մշակութային արժեքների հետևողական վերացմամբ կամ յուրացմամբ։
Կինոփառատոնի կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկված է 19 ֆիլմ, որոնց մի մասն արդեն ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում՝ Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Ամստերդամում և այլն, իսկ մի քանիսն իրենց համաշխարհային պրեմիերան կունենան այս տարվա «Ծիրանի ծառ»-ի շրջանակում։
«Մեր փառատոնի կորիզը միշտ մնում են կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերը: Այս տարվա հատկապես լիամետրաժ մրցութային ծրագրով շատ հպարտ եմ, որովհետև մեկը մեկից հոյակապ ֆիլմեր են՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից, վավերագրական կինոյի տարբեր ժանրերում՝փորձարարական, մարդաբանական, ազգագրական, անիմացիոն և այլն»,- փառատոնին ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեց փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը:
Արտամրցութային ծրագրերի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Սերգեյ Փարաջանովին և Շառլ Ազնավուրին՝ վերջիններիս 100-ամյակների կապակցությամբ, իսկ վավերագրական կինոյի հայր, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ջեյ Ֆլաերթիի 140-ամյակի կապակցությամբ կցուցադրվի նրա լեգենդար «Նանուկը հյուսիսից» կինոնկարը (1922թ):
Արտամրցութային բաժնում կան նաև հատուկ ցուցադրություններ, որտեղ ընդգրկվել է 6 ֆիլմ: Արթուր Վարդիկյանի խոսքով՝ սրանք այն ֆիլմերն են, որոնք տարբեր պատճառներով չեն ընդգրվել լիամետրաժ մրցութային ծրագրերում, օրինակ՝ որոշ ֆիլմեր արդեն շատ մրցանակներ են ստացել, բայց դրանք շատ հետաքրքիր են և արժանի ցուցադրության:
«Դրանցից մեկը ամերիկացի ռեժիսոր Զոի Բելոֆի «Թափառաշրջիկի նոր աշխարհը» ֆիլմն է: Այն ուշագրավ է նրանով, որ Չարլի Չապլինի չիրագործված սցենարներից մեկի մասին է, որի գաղափարը ծնվել էր Հերոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո՝ ամերիկացի գրող Ջեյմս Էյջի մոտ, որը սցենարը գրել և ուղարկել էր Չապլինին: Այս ֆիլմում ռմբակոծությունից հետո զարթնած թափառաշրջիկի միջոցով ներկայացվում է՝ ոնց է նա վերակերտում աշխարհը և ապրում կենդանի մնացած մարդկանց հետ: Պատմագիտական առումով էլ այն շատ հետաքրքիր է»,- մանրամասնեց Վարդիկյանը:
Փառատոնային կինոցուցադրությունները տեղի կունենան Դեբեդ գյուղում՝ «Դեբատուն» հյուրատան այգում և գյուղապետարանի գրադարանի դահլիճում։ Հաղթողներին կորոշի ժյուրին:
Ժյուրիի կազմում ներառված են անվանի ֆրանսահայ կինովավերագրող Ժակ Քեբադեանը, որի մի քանի ֆիլմ ևս կցուցադրվի հետահայաց ծրագրի շրջանակում, իրանցի ռեժիսոր Մեհդի Բաղերին և հայ կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։
Հաղթողների համար նախատեսված են մրցանակներ՝ ձեռագործ գորգերի ու կերամիկական իրերի տեսքով՝ պատրաստված ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի կողմից:
Ասուլիսի ընթացքում «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանը անդրադարձավ նաև փառատոնի շրջանակում գործող կինոդպրոցին, որի միջոցով փորձում են ամեն գյուղի մասին ստեղծել սեփական առօրյա պատմությունը, որը հնարավորություն կտա տարիներ անց պատկերացում ունենալ, թե ինչ կենցաղ ու ապրելակերպ է ունեցել այս կամ այն գյուղը:
Կինոփառատոնի տնօրենն էլ հավելեց, որ «Ծիրանի ծառ»-ը ի սկզբանե տեղի է ունեցել Երևանում, բայց հետո որոշել են այն անցկացնել Երևանից դուրս, որովհետև իրենց համար շատ կարևոր է կինոմշակույթը մայրաքաղաքից դուրս ապրողներին հասանելի դարձնելն ու գյուղական շունչը զգալը: 2017-ից այն իրականացվել է Ուջանում, 2023-ից՝ Դեբետում: Ավելին՝ կազմակերպիչները միտք ունեն փառատոնը շրջիկ դարձնելու:
*Կինոցուցադրությունների մուտքն անվճար է։
**Կինոփառատոնի ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 293