Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Փարաջանովյան տարրերով նոր ցուցահանդեսը

«Նա մեծ արարիչ էր: Ես հիշում եմ` «Սայաթ-Նովա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ինչպես էր աշխատում այդ «կենդանի հրաբուխը»: Մենք, իհարկե, նրան չպահպանեցինք: Արդարացումներ չկան, նրան պետք էր ձեռքերի վրա տանել, իսկ այս դիմանկարները միայն մեղքերի քավության փորձ են»,- Հենրիկ Սիրավյան։

Փարաջանովյան 100-ամյակն անմահացնող միջոցառումները ողջ տարվա ընթացքում հաջորդում են իրար՝ հրատարակություններ, գրական միջոցառումներ, կինոդիտումներ ու քննարկումներ և վերջապես` ցուցադրություններ։

Փարաջանովյան տարրերն են ներառված նաև Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսում։ Այն նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին և ներկայացնում է Փարաջանովին պատկերող Սիրավյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները:

Siravyan Parajanov 4

Ցուցադրությունում տեղ են գտել նաև կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ որոշել են անմասն չմնալ Հայաստանում և աշխարհում տոնվող Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներից, իսկ հենց այս ցուցադրությունում մի արվեստագետին դիտարկելու ենք մեկ այլ արվեստագետի աչքերով, հայացքով, Փարաջանովին ճանաչելու և բացահայտելու ենք Սիրավյանի միջոցով:

«Ցուցադրությունը երկխոսություն է երկու արվեստագետների, ինչպես նաև արվեստասերների և արվեստագետների միջև: Այդ կերպ ցուցադրությանը հետաքրքիր երկխոսություն է ձևավորվել նրանց միջև: Գեղանկարչական և գրաֆիկական յուրատիպ շարքերի միջոցով մենք ուսումնասիրում, մեզ համար խտացնում, նորովի ենք ընկալում Փարաջանովի ուղին Սիրավյանի վրձնի շնորհիվ»,- նշեց Մ. Հակոբյանը։
Ցուցահանդեսը նաև ուղեկցվում է եռալեզու կատալոգով (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։

Siravyan Parajanov 1

Նկարչի որդին` Գագիկ Սիրավյանը, մեծ աշխատանք է կատարել համադրողի հետ համատեղ ցուցահանդեսի կազմակերպման համար։ Ցուցահանդեսի համադրողն է Զարուհի Դիլանյանը։

«Հենրիկ Սիրավյանը 20-րդ դարի կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից է: Առավելապես ստեղծագործել է դիմանկարի և բնանկարի ժանրում: Դիմանկարներ ստեղծելիս նա նախապատվությունը տալիս էր վառ և ինքնատիպ անհատներին, և պատահական չէ, որ անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարչին այնքան է տպավորել, որ Սիրավյանը նրան հիսունից ավելի նկարչական և գրաֆիկական ծավալուն աշխատանքներ է նվիրել և հետաքրքիր անվանումներ գտել՝ «Փարաջանովը նռան մեջ», «Խնջույք», «Մաճառ», «Բազմաձեռք Փարաջանով» և այլն»,- ասաց համադրողը։

 Siravyan Parajanov 2

Պատմելով Սիրավյանի և Փարաջանովի շփմումից՝ Գագիկ Սիրավյանն ասաց, որ երկու արվեստագետներն ընկերներ չեն եղել, սակայն հաճախ են հանդիպել, շփվել: Իսկ հայրը նշել է, որ անմիջապես ընդունել է Փարաջանովի էսթետիկան, ընդունել նրան` որպես անհատի, նկարչի, և խորապես հասկացել նրան։ Իսկ ցուցահանդեսը ոչ միայն արվեստագետի և արվեստասերների համար է տոն, այլև ցուցանմուշների, քանի որ դրանք տարիներ շարունակ մի անկյունում սպասում էին իրենց ժամին՝ կարոտ լինելով մարդկանց հետ շփմանը։

«Սերգեյ Փարաջանովի էքսցենտրիկ կերպարը կերտելիս Սիրավյանն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերել, ինչն էլ խոսում է պորտրետային ճկուն վրձնի մասին: Հանճարեղ ռեժիսորը, որն իր կյանքը յուրօրինակ ձևով էր ապրել և այն վերածել արվեստի՝ դիմակայելով կյանքի դժվարություններին, ազատազրկմանը, հետապնդումներին, Սիրավյանի գործերում ձեռք է բերել ֆանտաստիկ հերոսի դիմագիծ»,- ասաց Գ. Սիրավյանը։

Թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երևակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է ու գեղեցիկ, և այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ մարդ-տոնը։  Ցուցահանդեսը արվեստասերների համար բաց կլինի մեկ ամիս շարունակ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 119

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: