• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո». Հայաստանի պատմության թանգարանում բանախոսում էր պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը

«Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո». Հայաստանի պատմության թանգարանում բանախոսում էր պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ միջազգային բանախոսություններից հերթականը, որն իրականացավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության շրջանակում: Միջազգային համագործակցության արդյունքում թանգարանի հյուրն էր Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը: Պրոֆեսորն այս անգամ ներկայացավ «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ։ Ք. Ա. 7-5-րդ դարերում ստեղծված աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզն այսօր պահպանվում է Բրիտանական թանգարանում:

Babelonyan qartez 7

Այս հնագույն արտեֆակտը բացառիկ է, կավե սալիկի վրա պահպանված քարտեզը հնագույնն է, որի վրա հիշատակվում են աշխարհի հնագույն երկրները: Դրանց շարքում է նաև Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։

Քարտեզը հայտնաբերել է Հորմուզդ Ռասսամը 1881 թվականին ներկայիս Իրաքում՝ Սիպպարում: Արտեֆակտի չափերն են՝ 12,2 x 8,2 սմ, պատկերված են Միջագետքը և այլ թագավորություններ։ Նշվում են նաև առասպելական արարածներ և պատմական դեմքեր, օրինակ՝ Ուտնապիշթիմը և Սարգոնը։

Babelonyan qartez 8

«Երևանում շրջայց կատարելու ժամանակ նկատեցի ու հաճելիորեն զարմացա, երբ ինչ-որ տեղ տեսա աշխարհի բաբելոնյան հնագույն քարտեզի մետաղական կրկնօրինակը։ Մարդիկ կարող են դրա միջոցով ծանոթանալ ներկայացված կարևոր նմուշին ու դրա նշանակությանը, մինչդեռ բրիտանական կղզիներում շատերն աշխարհի հնագույն սեպագիր քարտեզի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեն»,- ասաց պրոֆեսոր Ֆինքելը:

 Babelonyan qartez 9

Imago Mundi անվամբ կավե սալիկը հնագույն արտեֆակտ է, որը շատ փորձագետների կողմից համարվում է մեր մոլորակի ամենահին հայտնաբերված քարտեզը: Այն հայտնի է աշխարհի սխեմատիկ պատկերով և երկու աքքադերեն մակագրություններով: Բրիտանական թանգարանը ձեռք է բերել արտեֆակտը 1882 թվականին, բայց այն շարունակում էր մնալ առեղծված, մինչև համադրողները հայտնաբերեցին անհայտ կորած կտորը և վերծանեցին սեպագիրը:

Babelonyan qartez 10

«Սեպագիր արձանագրությունը գրված է ձախից աջ, այն շրջապատված է երկշերտ գծավանդակով, իսկ ներքևում արդեն քարտեզի գծապատկերն է։ Քարտեզն իր հերթին բաժանված է երեք տարբեր մասերի, որոնց փոխկապակցվածության հարցը մշտապես հուզել է գիտնականներին։ Շատերը կասկածանքով են վերաբերվում սեպագիր գրերին, սակայն ես վստահեցնում եմ, որ 130 հազար սեպագիր այլ նմուշներ կան, որոնք մանրազնին ուսումնասիրվել են՝ մարդկությանը փոխանցելով արժեքավոր տեղեկություններ։ Իմ կողմից ցուցադրվող նմուշը գրված է հին սեմական լեզուներից մեկով, պատկանում է նույն լեզվաընտանիքին, որում ընդգրկված են եբրայերենը, արաբերենն ու այլ լեզուները»,- ներկայացրեց պրոֆեսոր Ֆինքելը։

Գտածո սեպագիր քարտեզի արտապատկերումը մշակվել է հենց Բրիտանական թանգարանի կողմից։ Սեպագիր քարտեզի հիմքում ներկայիս Իրաքի տարածքն է, որտեղ եղել է Հին Բաբելոնը՝ ժամանակաշրջանին բնորոշ պատկերացմամբ՝ աշխարհի կենտրոնը։ Ըստ այդմ՝ հետազոտողները նշում են, որ Միջագետքի շուրջ պտտվող շրջանը ցույց է տալիս, որ բաբելոնացիներն այս տարածքը համարում էին աշխարհի կենտրոնը։ Քարտեզում պատկերված է նաև Եփրատ գետը, որը հոսում է Միջագետքով։

Babelonyan qartez 11

«Սեպագիր արձանագրության մեջ կան հիշատակումներ նաև համաշխարհային ջրհեղեղի ու տապանի մասին, կան նշված կոնկրետ տեղանքներ։ Կարևոր նշանակություն ունեն հատկապես սեպագիր քարտեզում առկա եռանկյունները, որոնք ցույց են տալիս տարբեր ուղղություններ ու տարածաշրջաններ։ Տարբեր ուղղություններ կամ տարածքներ ցույց տվող եռանկյունները կոչվում են Նագու։ Ուղղորդող եզրանկյուններից մեկը տանում է դեպի պատմական Ուրարտու։ Ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ հին աշխարհի բաբելոնյան սեպագիր այս արձանագրության մեջ նշվում է, որ տապանը կանգ է առել բարձր լեռան՝ Ուրարտուի կամ Արարատի գագաթին, ընդ որում խոսվում է ոչ թե մեկ լեռան, այլ լեռնաշղթայի մասին։ Փորագրված է մասնավորապես Ուրաշտու բառը, որն Ուրարտուի բարբառային տարբերակն է և ցույց է տալիս այն տարածքը, որտեղ եղել է ուրարտական թագավորությունը։ Ապշեցուցիչ բացահայտումն այն է, որ բոլոր ուսումնասիրությունների համաձայն՝ խոսքը վերաբերում է պատմական Հայաստանի տարածքին։ Անժխտելի փաստ է, որ Աստվածաշունչը սեպագիր արձանագրություններից վերցրել է ողջ պատմությունը՝ ստեղծելով անժխտելի կապ իրականության ու սեպագիր արձանագրության միջև»,- հավելեց բրիտանացի գիտնականը։ 
Հնագույն գտածոն բացահայտում է բաբելոնացիների պատկերացումներն այդ ժամանակաշրջանի աշխարհի մասին։ Քարտեզն ունի սեպագիր տեքստեր, որոնք նկարագրում են աշխարհի ստեղծումը և այն, ինչ հեղինակի կարծիքով գոյություն է ունեցել դրանից դուրս:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 180

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: