Տեղի կունենա «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան

Հոկտեմբերի 30-ին՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթը: Մրցույթի հաղթող է ճանաչվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիան: Նախագիծը կդառնա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը:

Ինչպես հայտնում են օպերային թատրոնից, հոբելյանական երեկոյին կկայանա նշված ստեղծագործության պրեմիերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ, մաեստրո Կարեն Դուրգարյանն է, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը, մենակատարներն են Արման Առաքելյանն ու Տիգրան Հակոբյանը:

«Աբու Լալա Մահարի» օրատորիան խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծված ստեղծագործություն է: Շուրջ 37 րոպե տևող ստեղծագործությունը հիմնված է Իսահակյանի պոեմի վրա՝ արաբ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի կերպարի հիմքով:

Ստեղծագործության հեղինակ Վաչե Շարաֆյանը Հայաստանի ժամանակաից լավագույն կոմպոզիտորներից է, որը փայլում է նաև միջազգային հարթակներում: Շարաֆյանը հեղինակել է հարյուրից ավելի ստեղծագործություններ, այդ թվում ՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային երաժշտություն, ինչպես նաև «Աբգար Արքա» օպերան, «Երկրորդ լուսինը» բալետը, «Հին աստվածներ» և «Անապատի հարսնացուն» բալետը մեկ գործողությամբ: Կոմպոզիտորի գործերը մեծ արձագանք են ունենում միջազգային ամենահեղինակավոր դահլիճներում: ԱՄՆ-ում, Եվրոպայում, Թայվանում, Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Իսրայելում, Լիբանանում և այլ երկրներում կոմպոզիտորի ստեղծագործությունները պատվիրվել և կատարվել են բազում ժամանակակից երաժշտական փառատոների շրջանակներում: Խոշորագույն New York Times-ը, բնութագրելով կոմպոզիտորի ստեղծագործությունները, գրել է, որ «դրանք կատարյալ, խորհրդավոր և հոյակապ են»: Շարաֆյանը հայտնի է իր համադրման ու միջմշակույթային փոխակերպումների յուրահատուկ ոճով: Վաչե Շարաֆյանը նաև երեք բալետի հեղինակ է, որոնցից երկուսը բեմադրվել են արտերկրում։ Դրանցից առաջինը նվիրված է Գյուրջիևին՝ «Երկրորդ լուսինը» խորագրով: Այն ներկայացվել է Իտալիայում։ Հաջորդը «Անապատի հարսնացուն» խորագիրն ունի, ըստ Սոնա Վանի ինքնակենսագրականի: Այն ներկայացվել է Կանադայում՝ Օնտարիոյի նվագախմբի կատարմամբ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան կոմպոզիտորի առաջին ներկայացումը չէ: 2022 թվականին անդրադարձել ենք թատրոնում կայացած Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետի համաշխարհային պրեմիերային: «Ձգողականություն» խորագրով երկու գործողությամբ բալետը ստեղծվել է Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ի հիման վրա: Բեմադրության երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, իսկ բալետի լիբրետոյի և բեմականցման հեղինակն է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 109

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: