Հումորի առաջին միջազգային փառատոնը Հայաստանում

    Ապրիլի 1-ին,  Հայաստանի  նկարիչների միությունում  ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ  բացվել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Այն  կազմակերպվել է  նկարիչների միության և  Հայաստանի երգիծանկարիչների  ասոցիացիայի կողմից: Փառատոնը եզրափակեց  հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Փառատոնն իր տեսակով առաջինն է և աննախադեպ: Այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն. մասնակիցները  52 երկրներից են՝ Ալբանիա, Ալժիր, ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Էստոնիա, Թաիլանդ, Թուրքիա, Ինդոնեզիա, Իսպանիա,   Իսրայել,  Իտալիա,   Իրան, Լիբանան, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կանադա, Կոստա-Ռիկա,  Հարավային Կորեա, Կուբա,  P1040676Հայաստան,  Հնդկաստան,  Հունաստան,  Ղազախստան, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Մարոկկո, Չեխիայի  Հանրապետություն, Չինաստան, Պերու,  Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Սլովակիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆինլանդիա և Ֆրանսիա:  Աշխատանքների  քանակական առատությամբ  առաջին տեղում է Իրանը, այնուհետև՝ Չինաստանը: Հայաստանը նույնպես  աչքի է ընկնում ակտիվ մասնակցությամբ: Ավելի քան 2400  աշխատանքներից ընտրվել են 1600 երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր, որոնք և ներկայացված են ցուցադրման: Հետաքրքիր է դիտել յուրաքանչյուր ազգին բնորոշ երգիծանկարը,  որտեղ  էթնիկ, թեմատիկ ու  տրամաբանական  առանձնահատկությունները շեշտակի են: Գրատպությունը    համարվում է փառատոնի հիմնական  թեմաներից մեկը:  Այդուհանդերձ,  այլազան թեմաներով   երգիծանկարներ  ենք նկատում  և  տարբեր  երկրներին   ներհատուկ     տարատեսակ   խնդիրներ ենք տեսնում: Սուքիաս Թորոսյանի խոսքերով (Տոտո), ով ցուցահանդեսի կազմակերպիչներից է, փառատոնի կարևորությունը նաև այն է, որ յուրաքանչյուր արտասահմանցի մասնակից  իր  աշխատանքն ուղարկելուց  առաջ  ուսումնասիրել է Հայաստանը, ճանաչել  հայկական սիմվոլներն ու դրոշը: Սա ևս կարևորագույն ձեռքբերում  է համարվում:
    P1040677Մասնակիցները կարժանանան մրցանակների: Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով:  Ցանկացողները կարող են քվեարկել նաև  հենց ցուցասրահում:  1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են` Ոսկե Արևավիշապ,  Արծաթե Արևավիշապ  և  Բրոնզե Արևավիշապ:  Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը՝ «Հայ գրատպության 500 ամյակը», հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը  և նկարիչների միության մրցանակը:  Աշխատանքները կցուցադրվեն մինչև  սույն թվականի ապրիլի 7-ը:  Նույն օրը, ժամը  17:00-ին, տեղի  կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև,  ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:  
    Կազմակերպիչների նպատակներից է նաև, որ հետագայում Երևանը ճանաչվի  որպես երգիծանկարի մայրաքաղաք: Կարծում ենք, մեկնարկը խոստումնալից է  և հաջողված: 
                        
                                                                                                                          Լիլիթ Ստեփանյան
 
 
 
  • Created on .
  • Hits: 3541

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: