Փորձելու, սխալվելու և կրկին փորձելու ազատությունը. «Ազատ թատրոն»

Թատրոնի երիտասարդ ստեղծագործողների ճանապարհը երբեք հեշտ չի լինում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելիս և ավարտելիս քչերն են հստակ պատկերացնում իրենց հետագա մասնագիտական ուղին։ Պատճառն այն է, որ արդեն գործող թատրոնները միշտ չէ, որ ունեն նոր հաստիքների կարիք՝ հատկապես դերասանների և ռեժիսորների համար։ Այնուամենայնիվ, անկախ այս իրողությունից` դերասանությունն ու ռեժիսուրան շարունակում են մնալ թատերական կրթության ամենապահանջված մասնագիտությունները։
Ավարտելուց հետո երիտասարդները, ստեղծված իրավիճակից ելնելով, հաճախ դիմում են այլընտրանքային ուղիների՝ ստեղծում անկախ թատերախմբեր, հանդես գալիս ազատ բեմերում, նախաձեռնում փորձարարական նախագծեր։ «Ազատ թատրոնը» (հիմնադիր՝ Դավիթ Միրիջանյան) հենց այդպիսի նախաձեռնություն է՝ մի տարածք, որտեղ երիտասարդներն ազատ են մտածելու, փորձարկելու, սխալվելու և կրկին փորձելու։
Թատերախումբն այժմ իր առաջին փորձերն է անում, և հասկանալի է, թե ինչու են ընտրել հենց Ուիլյամ Սարոյանին։ Նրա ստեղծագործությունները հայ բեմում մշտապես հնչել են համոզիչ` շնորհիվ նրանցում առկա հայկական ոգու, մարդակենտրոն ու հումանիստական աշխարհընկալման։ Դավիթ Միրիջանյանի բեմադրած «Հանճարի ճանապարհը» ներկայացումը ևս այս շարքի շարունակությունն է։ Այն օրերս ներկայացվեց հանդիսատեսին Խուլերի մշակույթի և սպորտի պալատի բեմում։
Ներկայացման հիմքում Սարոյանի երկու պատմվածքներն են՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» և «Հանճարը»։ Սարոյանի հերոսները հասարակ մարդիկ են՝ բանվորներ, մանր առևտրականներ, թափառաշրջիկներ, որոնք, չնայած կյանքի հարվածներին, պահպանում են արժանապատվությունը և հավատը դեպի լավը։ Նրանք ընդունում են գոյության դժվարությունը, սակայն չեն հուսահատվում․ նրանք ապրում են՝ պահպանելով մարդկային պարզությունն ու ներսում ապրող հույսը։
Ներկայացման գլխավոր կերպարը մարմնավորում է Դավիթ Եղյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող։ Դերասանի խաղը կառուցված է ներքին լարումով և հակադրություններով՝ փորձելով արտահայտել կերպարի երկմտանքն ու ներքին որոնումները։ Հետաքրքիր է նաև Կարեն Ծատուրյանի կերպարը։ Նրա հերոսը բեմում խոսք չունի, ինչն առավել բարդացնում է դերակատարումը։ Երբ կերպարը բեմում խոսք չունի, պետք է առավել զգոն լինել, ոչ մի պահ պարզապես կանգնած չպետք է լինի, որպեսզի տեսանելի լինի հանդիսատեսի համար։ Այս մոտեցումը լիովին արտահայտվում է խաղային կառուցվածքում․ կերպարը ներկայություն է ստեղծում ոչ թե բառերով, այլ շարժումով, հայացքով։
Թատրոն ստեղծելու ընթացքը ոչ միայն ստեղծագործական, այլև ինքնաճանաչման ճանապարհ է։ Դեռևս առաջին քայլերն անող թատերախումբն այժմ որոնումների փուլում է։ Ներկայացման որոշ տեսարաններ պահանջում են խորացում, իսկ առանձին լուսային կամ երաժշտական լուծումներ՝ ավելի նպատակային մոտեցում կամ վերանայում։ Բայց այս բացերն առավել քան հասկանալի են՝ ճանապարհի հենց այս հատվածում։ Այս ներկայացումը առաջին հերթին խոստում է։ Խոստում այն մասին, որ երիտասարդներն ուզում են ստեղծագործել, փնտրել և ձևավորել իրենց գեղագիտական լեզուն։ Թեև դեռ պարզ չէ՝ ինչպիսի թատրոն կձևավորվի հետագայում, ամենակարևորը հենց այս որոնումներն են։ Արվեստում հաճախ ամենաարժեքավորը հենց ընթացքն է՝ փորձերն ու սխալները, որոնումներն ու բացահայտումները։
Նման նախաձեռնությունները մշտապես արժանի են ուշադրության։ Հենց ձևավորման փուլում է նրանց կողքին լինելը դառնում առավել կարևոր՝ աջակցությամբ, քննարկմամբ, երբեմն պարզապես դիտողի ներկայությամբ։ Այսպիսի փորձերը կարող են վերածվել կայուն թատերախմբերի միայն այն դեպքում, երբ նոր ձայները լսելի են դառնում, իսկ նոր ձևաչափերը՝ տեսանելի։ Նրանց հաջողությունն ամբողջությամբ պայմանավորված է նաև այն մշակութային միջավայրով, որն ի զորու է խթանել նման փորձերը։
Արմինե Դանիելյան
- Hits: 3046