Ընթանում է «Հայ Ֆեստ» միջազգային փառատոնը

Հոկտեմբերի մեկին մեկնարկեց «Հայ Ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը: «Հայ Ֆեստ»-ն ընդգրկված է EFFA Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի 24 լավագույն փառատոների ցանկում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընթացող փառատոնն այս տարի ունի «Փառատոնային ձերը» (Festivally Yours!) խորագիրը: «Հայ Ֆեստ»-ն այս տարի համագործակցում է «Ավինյոն ՕՖՖ» փառատոնի հետ: Միջազգային գործընկեր երկրների թիվը հասնում է 11-ի: «Հայ Ֆեստ» փառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Գլխավոր աջակիցներն են ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը և «Հոսք» հիմնադրամը։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են Բենչա թատրոնի «Խորքային տարածություն» (Նիդերլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)» (Հարավային Կորեա), Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների պարը» (Բելգիա), PR-Էվոլուշն պարային ընկերության «Կյանքի գույներ» (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ: Փառատոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 1-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ ՊեկինԴենս/LDTX-ի (Չինաստան) «Լույսեր որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ: Բեմադրիչը Վիլլի Ցաոն է:
«Փառատոնը բացում ենք չինացի արվեստագետների ժամանակակից պարով: Դա շքեղ ու տեխնիկապես հագեցած ներկայացում է։ Հունգարիայից կլինի PR Revolution թատրոնի աշխատանքը, կտեսնենք նաև մոնոներկայացումներ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից։ Վերջինս կմիավորի կրկեսային շարժում, մնջախաղ և հանդիսատեսի ինտեգրում բեմական գործողությանը: Հատուկ ուշադրության են արժանի նաև բացօթյա ծրագրերը: Հոկտեմբերի 5-ից 8-ը Կարապի լճում կցուցադրվի Sacred Places թատերախմբի պրոյեկցիոն շոուն Բելգիայից, որտեղ ջրի կաթիլները կդառնան էկրան՝ ստեղծելով եզակի «վաու էֆեկտ»։ Իսկ հոկտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում, նախկին ԱԳՆ շենքի վրա, Նիդեռլանդների Bench Theatre-ը կներկայացնի պար պատի վրա․ Երևանի համար սա աննախադեպ փորձ կլինի»,- ասում է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։
Ա. Ղուկասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը փառատոնին հատկացրել է 8 միլիոն դրամ, իսկ Երևանի քաղաքապետարանը՝ 16 միլիոն դրամ, ինչը կարևոր աջակցություն է միջազգային մեծամասշտաբ միջոցառման կայացման համար:
Փառատոնը կարևորում է նաև կրթական գործոնը, համագործակցություններն ու փոխշփումները: Նախատեսվել են կլոր սեղան քննարկումներ ժամանակակից կատարողական արվեստի խնդիրների շուրջ։ Փառատոնի ծրագրում ներառված են վարպետության դասեր՝ արտասահմանյան մասնագետների կողմից։ Հայկական թատրոնների և միջազգային փառատոների միջև կապերի ստեղծման էլ հենց ուղղված է կլոր սեղանը:
Վարպետության դասի ձևաչափով իր մտորումներով կկիսվի Լեհաստանից արվեստի կառավարիչ և Կրակովի փառատոների ծրագրային համակարգող Բարտոշ Շիդլովսկին` ներկայացնելով փառատոների կառավարման և ծրագրերի համակարգման առանձնահատկությունները։ Միջազգային Բարի Կամքի Մշակութային դեսպան, դերասան և թատերական գործիչ Ռոնալդ Ռանդն էլ վարպետության դասի ընթացքում կանդրադառնա կերպարանափոխության արվեստին և դրա առանձնահատկություններին։
Փառատոնի ծրագիրը բազմաժանր է: Ահա օրինակ` Քրոնոտոպ Թատերական Ընկերությունը կներկայացնի «Ժպտալու Ժամանակն է» տրագիկոմեդիան։ Ներկայացումը պատմում է մարդկանց մասին, ովքեր պատերազմում են ու երգում երգեր, շրջում են անընդհատ շրջապտույտով, և թե ինչպես Երկրորդ Գալուստը կարող է փոխել այդ ամենը։ Ռեժիսորը Իլյա Մոշչիցկին է։ Փառատոնի ընթացքում նաև Երևանի Պետական Կամերային Թատրոնում տեղի կունենա «Ազնավուր. Ճանապարհորդություն Ժամանակի և Երաժշտության Միջով» համերգ-ներկայացում։ Համերգ-ներկայացումը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին և բեմադրվել է Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» հուշագրության հիման վրա։ Այն պատմում է երազանքին հասնելու բարդ ճանապարհի՝ ընկնելու և ոտքի կանգնելու, խիզախելու և հաջողության մասին։ Ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է։
Ալմաստ Մուրադյան
- Hits: 1444