• cultural.am
  • Թատրոն
  • Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոն, որը յուրօրինակ է իր ձևաչափով և հայեցակարգով: Այստեղ միահյուսվում են ֆրանկոֆոն մշակութային դրսևորումների ամենանուրբ տարրերը՝ պար, պերֆորմանս և, իհարկե, դրամատուրգիա:

Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, կարևորելով միջազգային փորձն ու համագործակցությունները,  հնարավորություն է ընձեռում համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների ներկայանալ Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում: Իրենց ներկայացումներով ու փորձով կկիսվեն ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Նրանց են միանալու նաև ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը: Միջազգային հարթակներում հանդես եկած արվեստի գործիչներից զատ, փառատոնի շրջանակում նաև տեղի կունենա միջազգային թատերական կարևորագույն նախագծի ներկայացումը՝ հայ գործիչների մասնակցությամբ: Դրա շուրջ համախմբվել են հայտնի դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանը: Կապանի դրամատիկական թատրոնում նախանշված ծրագրի հիմքում Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագիծն է:

Teatron 2

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Սաթէ Խաչատրյանի ցանկությունն ու նպատակն է, որ փառատոնի շնորհիվ Հայաստանը դառնա ֆրանկոֆոն մշակութային աշխարհի համար ժամադրությունների վայր:

«Այս փառատոնի և նաև այլ տարբեր նախագծերի առանցքում մշտապես եղել են ֆրանկոֆոն մշակույթի հանրահռչակումը Հայաստանում: Այս փառատոնը տրամաբանական շարունակությունն է և նոր ճանապարհի սկիզբն է բոլոր այն նախագծերից հետո, որոնք նախկինում արվել են: Մենք նաև կարևորում ենք մշակույթի ապակենտրոնացումը և մեր աշխարհագրությունն ընդլայնվել է, ներկայացումները լինելու են նաև մարզերում»,- ասում է Սաթէ Խաչատրյանը:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Պիկսել» ներկայացումը: Այն միահյուսում է հիփ-հոփը և թվային պրոյեկցիաները։ Կատարողները շարժվում են փոփոխական տարածքում, որի հատակը շարժվում է: Առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման թվային լուծումների հեղինակներն են Ադրիեն Մոնդոն և Կլեր Բարդենը: Երաժշտությունը՝ Արմանդ Ամարի, պարողներ՝ Ռեմի Օտեշո, Մաքսիմ Տաշ, Հյուգո Սիոնա, Փոլ Տաո, Սոֆիան Տիե, Մարկ Բրիյան, Նինա Վան Դեր Պիլ, Իբրահիմա Մբուպ, Ռաշիդ Ազիկի, Կադեր Բելմոքթար, Մեդեսեգանվի Ետոնգնոն: Մերզուկիին Հայաստանում հանդիսատեսը կհիշի նախորդ տարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական «Նռան գույնը» բեմադրությունից: Ներկայացման դրամատուրգիական կոնցեպտի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է: Այն ձևավորվել է Սաթէ-Աթղը» թատերական միությունը նախագծի հիման վրա:

Teatron 6

Պերֆորմանսի սիրահարներն էլ հնարավորություն ունեն նոյեմբերի 3-ին Կասկադ համալիրում` Գաֆէսճեան քանդակների պարտեզում, հետևել աշխարհահռչակ արտիստ, մարմնի պոետիկ մեխանիզմների վարպետ Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձեր»-ին: Ինչպես փառատոնից են հայտնում, Բուրժուան վերացնում է պարի և կրկեսի միջև եղած սահմանները։

Նոյեմբերի երեքին կանցկացվի նաև «PRELUDE» բացօթյա պարային ներկայացումը (Կադեր Ատու, Ֆրանսիա): Կադեր Ատուն ևս հիփ-հոփը դարձնում է հանդիսատեսին առավել մոտ: 1994 թվականին նրա «Athina» բեմադրությամբ հիփ-հոփ պարային ժանրը բերում է բեմական հարթություն։ Պարողներ՝ Մարգո Սենըշո, Նաբժիբ Սաիդ, Մաքսիմ Վիսենտե, Սիմոն Հերնանդեզ, ԴամիանԲուրլեցիս, Յան Միետո, Ալեքսի Դը Սան Ժան:

Teatron 3

Տեղի կունենան նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը հեղինակների ներկայությամբ։

Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Փառատոնի մասին հիմնադիրը երազել է դեռ 2012 թվականից: Միավորվել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Բելգիայի դեսպանատները, աջակցում է Երևանի քաղաքապետարանը և Արտաքին գործերի նախարարությունը: Փառատոնի շրջանակում համագործակցում են հայ-ֆրանսիական քույր քաղաքները:Փառատոնի աջակիցներն են «Արարատ» բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը և Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ և Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաև Կապանի և Գավառի համայնքապետարանները։ Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, Կապանի պետական դրամատիկական թատրոնը, Գավառի դրամատիկական թատրոնը, Թումո Երևանը և Թումո Կապանը, Հայաստանի պարարվեստի ուսումնարանը, Լոֆթ Երևանը, Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնը, Գորիսի և Կապանի ֆրանկոֆոն կենտրոնները, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Համազգային թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, «Ալեֆ» հրատարակչատունը և «Զանգակ» գրատունը:

Ալմաստ Մուրադյան

  • Hits: 1049

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: