Ինչպիսի՞ ներկայացումների են պատրաստվում թատրոններն Ամանորին
Տարվա ամենասպասված տոներին՝ Սուրբ Ծնունդին և Նոր տարուն սպասում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Տոնական օրերը զարդարվում են լույսերով ու երաժշտական տրամադրությամբ: Ավանդական երգ ու պարին և համերգներին նոր շունչ ու գույներ են հաղորդում նաև թատերական ներկայացումները: Հագեցած տարին ամփոփելով ամանորյա գեղեցիկ ներկայացումներով` թատրոնները հրավիրում են Նոր տարին սկսել բարձր տրամադրությամբ և հրաշքների սպասումով: Մանկական գունեղ ներկայացումները գեղեցիկ ու տպավորիչ հիշողություններ են պարգևում երեխաներին, չէ՞ որ լավագույն տպավորությունները մեծագույն հարստություն են: Cultural-ն իր ընթերցողներին առաջարկում է ծանոթանալ առաջիկա սպասվող թատերական ներկայացումներին, ներկա գտնվել ու վայելել տոնական տրամադրությունը:
Մեծահասակների ու մանուկների համար ինչպես միշտ անակնկալներ ունի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Իսկ այս տարի տարեմուտին ընդառաջ սպասվում է մեծ առաջնախաղ։ Դեկտեմբերի 27-ին, 28-ին, ժամը 18:00-ին կկայանա Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» 2 գործողությամբ բացառիկ բալետային ներկայացման առաջնախաղը: Թատրոնում ամիսներ առաջ մեկնարկել են մեծածավալ նախապատրաստական աշխատանքները, կատարվում են բեմադրական փորձերը, պատրաստվում բեմական դեկորները և հագուստը։

Արդեն ավանդական դարձած «Մարդուկ Ջարդուկը» ներկայացումն էլ լավագույն նվերն է դասական երաժշտության և հեքիաթի սիրահար թե՛ մեծահասակների, թե՛ մանուկների համար, որոնք սպասում են տոնին։ Երկու գործողությամբ բալետային ներկայացմանը կարող եք հետևել դեկտեմբերի 12-ին և 13-ին։ Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, բեմադրող բալետմայստերը Գեորգի Կովտունն է, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև։
Խաչատրյանական շունչը, իհարկե, այս տարի ևս թևածելու է Օպերային թատրոնում: «Դիմակահանդես» ներկայացման բեմադրող բալետմայստերն է Վիլեն Գալստյանը, բեմադրության և զգեստների նկարիչը Ավետիս Բարսեղյանն է, դիրիժոր՝ Րաֆֆի Միքայելյան, երաժշտական խմբագիր՝ Անուշ Կարապետյան, փորձավարներ՝ Էլվիրա Մնացականյան, Սոնա Առուստամյան, Հրաչյա Հովհաննիսյան, Արթուր Գրիգորյան: Դերերում՝ Արբենին՝ Յուրա Մարտիրոսյան, Նինա՝ Անահիտ Վասիլյան, Անհայտը՝ Գրիգոր Գրիգորյան, Շտրալ՝ Կանա Սեմբա, Զվեզդիչ՝ Միլիտոն Կիրակոսյան, Ծաղրածուներ՝ Վահե Բաբաջանյան, Դավիթ Կխբելյան: Ամանորի գիշերն էլ Օպերային թատրոնն առաջարկում է տոնել թատրոնի նկուղում՝ Ջազ-Ֆոլկ համերգի հնչյունների ուղեկցությամբ։ Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:30-22:00-ին հանդես կգան Վահագն Հայրապետյանը՝ դաշնամուր, վոկալ, Ավագ Մարգարյանը՝ ժողովրդական գործիքներ, Միխաիլ Ֆոմինիխը՝ կոնտրաբաս, Կարեն Քոչարյանը՝ հարվածային գործիքներ։
Մուտքի տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից` www.opera.am, հեռ.`+37433533391։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ևս տիրելու են Ամանորյա հրաշքներով լի տրամադրություն, երգեր, պարեր` շքեղ ու կախարդական մանկական նոր ներկայացման խորհրդով։ Դեկտեմբերի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, հունվարի 2-ին, 3-ին, 4-ին Մայր թատրոնում կարող եք հետևել «Երկնագույն նետը» ներկայացմանը` ըստ Ջաննի Ռոդարիի: Վարկածը և բեմադրությունը՝ Գոհար Փոքրիկյանի, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների ձևավորումը՝ Մերի Սարգսյանի, կոմպոզիտորը Վահե Հայրապետյանն է,
խորեոգրաֆը Արիկ Ասատուրյանը։ Տոմսերը ստորև՝ https://bit.ly/4945tA4

Սուրբծննդյան հրաշքների հետևից է գնում նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ «Բևեռային ճեպընթացը» ներկայացումը կպատմի հավատի, երազանքների և հենց Սուրբ Ծննդի մասին։ Ներկայացման ընթացքում փոքրիկները Թոմի և Ջուլիի հետ կուղևորվեն դեպի Հյուսիսային բևեռ: Ճանապարհին էլ հանդիպելու են նոր ընկերների, կանցնեն բազմաթիվ փորձություններով ու դա կհաղթահարեն հրաշքների շնորհիվ։ Վարկածի և բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է, խորեոգրաֆ` Քրիստինա Ավագիմյան, բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Կարինե Բաբայան։ Ներկայացումների օրերն են` դեկտեմբերի 20-30 և հունվարի 2-7, ժամը` 11։00, 13:00, 15:00, 17:00։ Տոմսերը կարող եք ձեռք բերել թատրոնի պաշտոնական կայքից՝ https://comedytheater.am/buy_ticket.php?filter=2412

Մանուկներին ևս մեկ գեղեցիկ ներկայացում կպարգևի Ազգային տիկնիկային թատրոնը։ «Էլֆերի Նոր Տարին» ուրախ, երաժշտական և ինտերակտիվ ներկայացում է՝ լի չարաճճի էլֆերի արկածներով և տոնական կախարդանքով: Տոմսերը ստորև`
https://rebrand.ly/elferi-nor-tarin, նաև tomsarkgh.am-ում` https://rebrand.ly/650d4e

«Կատվի տունը» խորագրով երաժշտական հեքիաթով էլ կներկայանա Պատանի Հանդիսատեսի թատրոնը։ Հեքիաթը կպատմի Տիկին Կատվի մասին, որն ապրում է շքեղ տանը, սիրում է խնջույքներ կազմակերպել և ուրախանալ: Նրա անօթևան զարմիկները` փոքրիկ կատուները, նրանից օգնություն են խնդրում, բայց տիկին Կատուն արհամարհում է նրանց և տնից դուրս շպրտում: Մի օր Կատվի տունը վառվում է և նա դառնում է անօթևան: Նա օգնություն է խնդրում իր հարևաններից՝ Հավից, Այծից, Խոզից, բայց բոլորը նրան մերժում են, ինչպես նա էր մերժել փոքրիկ կատուներին: Ո՞վ կօգնի Տիկին Կատվին, կբացահայտեք հեքիաթ-ներկայացման ընթացքում: Բեմադրության հեղինակը Հասմիկ Սուվարյանն է, բեմանկարչությունը և զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի, խորեոգրաֆիան՝ Միլենա Խաչատրյանի։ Տոմսեր կարող եք ձեռք բերել ստորև՝ https://www.tomsarkgh.am/hy/event/50178

Կաթիլ կրթական կենտրոնում էլ դեկտեմբերի 20-ից հունվարի 10-ին «Ձնեմարդ Օլիվերը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացմամբ հանդես կգա Բեբուկ թատրոնը։ Ամանորյա գունեղ ու զվարճալի տիկնիկային ներկայացումը կպատմի Ձնեմարդ Օլիվերի մասին, որը հոգնել է անշարժ կանգնելուց և ցանկանում է տեսնել ու ճանաչել աշխարհը: Ապա վերջապես իմանալ, թե ինչպես են տոնում Ամանորը։ Գնալով մեծ արկածի հետքերով` փոքրիկ ձնեմարդը մեկնում է մեծ ճանապարհորդության։ Տոմսերը կարող եք պատվիրել www.tomsarkgh.am կայքում։

Թատրոն Կայարանն էլ մանուկներին առաջարկում է թատրոն գալ նամակներով՝ ուղղված Սանտա Կլաուսին: «Գրինչ» ներկայացումը պատմելու է համանուն հերոսի մասին, որը եղել է տարբերվող Էլֆ՝ իր անսովոր արտաքինով: Տոմսերը ստորև` https://www.tomsarkgh.am/hy/event/46105/%D4%B1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B2-%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9.html

Շատ սիրված ամանորյա հեքիաթի հետքերով Տոպ Տոպ շոուն էլ ներկայացնում է The Nutcracker (Մարդուկ Ջարդուկը) մանկական ինտերակտիվ ներկայացումը:
Դեկտեմբերի 28-ին, հունվարի 3-ին, 4-ին սպասվող շքեղ ինտերակտիվ շոու ներկայացումը կհամախմբի սիրված և ճանաչված դերասաններին, Ձմեռ Պապի և Ձյունանուշի մասնակցությամբ` հագեցած լուսային և երաժշտական լուծումներով: Տոմսերը ստորև` https://www.tomsarkgh.am/hy/event/48567/The-Nutcracker.html

Ամանորյա երաժշտական-հումորային տրամադրությունն էլ որոշել էր ապահովել Բոհեմ թատրոնը։ Ինչպես հայտնում են թատրոնից` «Նվեր Ձմեռ Պապիկին» մանկական ներկայացման շնորհիվ փոքրիկները կհասկանան, որ հրաշքները դեռ կան՝ միայն պետք է հավատալ, ժպտալ և բացել սիրտը տոնական կախարդանքի համար։ Կազմակերպիչները խոստանում եմ ամենասպասված տոնական ներկայացմանը ապահովել անկրկնելի հիշողություններ ամբողջ ընտանիքի համար։ Տոնական հրաշքին կարող եք միանալ դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 14։00-ին, դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 12:00-ին, դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին, դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 16:00-ին, դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 12:00-ին, դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 14:00-ին, դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 16:00-ին, դեկտեմբերի 27-ին, ժամը՝ 16:00-ին։
Տոմսերը կարող եք ամրագրել կայքում` www.boheme-theater.am

Տոնական, ինտերակտիվ ու ամենաուրախ ներկայացմանն է պատրաստվում նաև Երգի պետական թատրոնը։ Դեկտեմբերի 13-ից հունվարի 11-ին տեղի ունեցող «Ամանոր առանց Wi-Fi» ներկայացումը խոստանում է մանուկներին դեպի հեքիաթային աշխարհ տեղափոխել և առանց համացանցի ապրելու խորհուրդներով կիսվել։ Տոմսերը ստորև`

Թատրոն Տանիքում-ն էլ պատրաստվում է հյուրընկալել Հրաշագործ Օլիվիային։ «Հրաշագործ Օլիվիան» մանկական ամանորյա ներկայացումը պատմում է հրաշագործների աշխարհում ամեն տարի անցկացվող «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթի մասին, որին մասնակցում են աշխարհի ամենատաղանդավոր կախարդները։ Թեկնածուների ցուցակում է նաև փոքրիկ Օլիվիան։ Կիսով չափ մարդ, կիսով չափ կախարդ Օլիվիան պետք է ընտրի՝ լինել լավագույն հրաշագործ, թե՞ լինել պարզապես բարի։ Օլիվիայի ծնողները վաղուց հեռացել են կախարդների աշխարհից։ Նրանք պատրաստվում են Ամանորին, զարդարում են տունը, հույզերով պատմում են իրենց մանկության երջանիկ հիշողությունները։ Իսկ ամենակարևորը՝ չեն հավատում, որ Ամանորը կարելի է չնշել։ Աղջնակը գիտի, որ հրաշքներն իրականանում են այնտեղ, որտեղ կա սեր, համարձակություն ու ազնվություն։ «Հրաշագործ Օլիվիան»՝ սիրո, ընտանեկան տոնի, բարության և համարձակ ընտրության մասին ներկայացում է: Մանուկներին ներկայացումից հետո հյուր կգա նաև Ձմեռ պապը, իսկ փոքրիկները կարող են իրենց նամակը փոխանցել նրան։ Ներկայացման օրերն են` դեկտեմբերի 16-ից հունվար 13-ը։ Տոմսերը ստորև` https://www.tomsarkgh.am/hy/event/48534/%D5%80%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%95%D5%AC%D5%AB%D5%BE%D5%AB%D5%A1%D5%B6.html

«Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրի փակ սահադաշտում էլ մանուկներին և մեծերին սառցե գունագեղ շոու է սպասվում։ «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի պրեմիերիան ներկաներին կհամակի բարությամբ, հույսով ու նոր հեքիաթ կպարգևի։ Դեկտեմբերի 20-ին և 21-ին, ժամը 19։00-ին, «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրի փակ սահադաշտում սպասվող ներկայացումը հուզիչ պատմություն ունի։ Այն բեմադրվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի չքնաղ հեքիաթներից մեկի մոտիվներով։ Ներկայացումը նաև մի յուրատեսակ հարգանքի տուրք է` ցույց տալով, որ Ալենի անունը շարունակում է ապրել, ոգեշնչել մշակութային և կրթական նախագծերի։ Սառցե շոու ներկայացումը ստեղծված է Հայաստանում՝ տաղանդավոր հայ գեղասահորդների մասնակցությամբ՝ գեղասահքի, շքեղ բեմական զգեստների և աներևակայելի գեղեցիկ երաժշտության գունեղ համադրությամբ։ Կհնչեն Պ.Ի. Չայկովսկու, Ռ. Վագների, է. Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և այլոց գլուխգործոցները՝ համադրված սիրված մուլտֆիլմերի և ֆիլմերի սաունդթրեքների հետ։

Սա նաև առաջին անգամն է, երբ հայ հեղինակի ամանորյա պատմությունը վերածվում է սառույցի վրա գունեղ շոուի։ Գունագեղ հեքիաթում փերիներն ու խաղալիք-կենդանիները Ամանորից ընդամենը մի քանի ժամ առաջ փորձում են իրենց բարության ու սիրո շնորհիվ հաղթահարել չար վհուկի խաթարած կախարդանքը։ Իսկ Ձմեռ պապը, Ձյունանուշը, հրեշտակները և տոնածառի խաղալիքները պատրաստվում են կախարդական պարահանդեսին՝ հաստատելու մի կարևոր ճշմարտություն։ Հենց դա է հեքիաթի կարևոր ուղերձը, որ ոչ մի մութ ուժ ի զորու չէ խափանել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը։ Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/alensmagicalfairy
Cultural-ը շնորհավորում է բոլորի Սուրբ Ծնունդն ու Ամանորը՝ մաղթելով հրաշքներով լի, բարձր ու հեքիաթային ամանորյա տրամադրություն:
Ալմաստ Մուրադյան
- Hits: 735