Տարատեսակ միջոցառումներ՝ Թատերական շաբաթվա շրջանակում

Միավորելով դասական ավանդույթներն ու ժամանակակից բեմարվեստը՝ Հայաստանի թատրոնները շարունակում են մնալ մշակութային կյանքի առանցքային օղակներից մեկը։ Հագեցած ներկայացումներ, առաջնախաղեր, հյուրախաղեր և թատերական փառատոններ․ թատերական աշխարհը փորձում է պահել ձեռքը ժամանակի զարկերակին՝ բեմ բարձրացնելով հանրության կյանքն ու խնդիրները արտացոլող կարևոր թեմաներ։ Երևանից մինչև մարզեր գործող պետական և անկախ թատրոնները ոչ միայն պահպանում են ազգային թատերական ժառանգությունը, այլև շարունակաբար ներկայացնում են նոր բեմադրություններ՝ ներգրավելով տարբեր սերունդների հանդիսատեսին: Թատրոնները հատկապես մեծ ոգևորությամբ են սպասում հագեցած միջոցառումներով լի Թատերական շաբաթին, որն այս տարի մեկնարկել է մարտի 21-ին և ավարվել է մարտի 29-ին։ Թատերական շաբաթվա շրջանակում հանդիսատեսին ներկայացվեցին բազմաբնույթ ծրագրեր՝ ներկայացումներ, առաջնախաղեր, բաց դասեր և շրջայցեր թատրոններում։ Այն նաև կարևոր կրթամշակութային հարթակ է հանրակրթական դպրոցների աշակերտների համար։ Այս օրերին թատրոնը բացել էր իր փակ դռները՝ վերածվելով կենդանի ուսումնական միջավայրի, որտեղ աշակերտները ոչ միայն դիտում էին ներկայացումներ, այլև ներսից ճանաչում են բեմական աշխարհը։ Նրանք հնարավորություն ստացան շրջել թատրոնի կուլիսներում և ծանոթանալ դերասանական կազմին: Իսկ անմիջական շփումը արվեստի հետ ձևավորում է ոչ միայն գեղագիտական ճաշակ, այլև խորացնում է հետաքրքրությունը մշակույթի հանդեպ՝ թատրոնը դարձնելով նրանց համար ավելի հասկանալի, մոտ ու կենդանի։

Taterakan shabat 2

ԿԳՄՍ նախարարության «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում մարտի 24-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հյուրընկալել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ տեղի է ունեցել շրջայց։ Աշակերտները ծանոթացել են թատրոնի շենքի պատմական նշանակությանը և գործունեությանը, ապա հնարավորություն են ունեցել լինելու հետնաբեմում։

Թատրոնի համաշխարհային օրվա և Թատերական շաբաթվա միջոցառումների շրջանակում մարտի 21-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես եկավ «Թմկաբերդի առումը» բաց դասով, որը կայացավ թատրոնի ստուդիայում։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել շրջայց, ցուցադրվել է «Անբան Հուռին»։ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն էլ ներկայացրել է «Բրեմենյան երաժիշտներ» և «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացումները։

Թատերական տոնին միացել է նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Կոստյումով տղամարդիկ» ներկայացմամբ։ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ևս կազմակերպել է շրջայց թատրոնում, ապա նախատեսված է եղել «Արթուր Ադամով․ ընթերցումներ» միջոցառումը։
Մարտի 22-ին ևս թատերական կյանքը նշանավորվեց մի շարք բեմադրություններով։ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում ցուցադրվել են «Օպերացիա Համեղ պատառիկ» և «Մատնաչափիկը» ներկայացումները, իսկ Երևանի խամաճիկների պետական թատրոնը հանդես է եկել «Հենզելն ու Գրետելը» բեմադրությամբ։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացվել է «Լոռեցի Սաքոն», իսկ Երևանի կամերային պետական թատրոնում՝ «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ»-ը գործերը: Մարտի 24-ին էլ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Մկների ժողովը» ներկայացման առաջնախաղը, իսկ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Արտիստը»: Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը հանդես եկավ «Շունն ու կատուն» ներկայացմամբ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Հաղթանակի գենեզիս»-ով, իսկ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում անցկացվեց շրջայց։

Taterakan shabat 3

Մարտի 25-ին թատերական միջոցառումները շարունակվեցին տարբեր քաղաքներում։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Քնած գեղեցկուհին», Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Տարբեր նվագներ»-ը, իսկ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Ոսկու կարասը»։

Երևանի խամաճիկների պետական թատրոնում ներկայացվեց «Թոմ Սոյերի արկածները», Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Մարդը ափի մեջ», իսկ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ «Հրաշագործի նվերը» ներկայացմամբ: Մարտի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Մատնաչափիկը», Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «2+2», Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում՝ «Սուտլիկ որսկանը», իսկ Երևանի խամաճիկների պետական թատրոնում՝ «Թոմ Սոյերի արկածները»։

Մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Պայացներ» օպերայի առաջնախաղը։ Մարտի 28-ին միջոցառումները շարունակվեցին նոր բեմադրություններով։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Թմկաբերդի առումը» բաց դասը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Ամենագեղեցիկ Ջրահեղձը» առաջնախաղը։ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Վինի Փու արջուկը» և «Կարմիր գլխարկը», Երևանի խամաճիկների պետական թատրոնը՝ «Փոքրիկ Իշխանը», իսկ Երևանի կամերային պետական թատրոնը՝ «Ալբանիա +» ներկայացումները։ Մարտի 29-ին թատերական շաբաթը ամփոփվեց նոր ներկայացումներով։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրկին ներկայացվեց «Պայացներ» օպերան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Կոշկավոր կատուն», «Վերջին կանգառ» և «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացումները։ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես եկավ «2+1» ներկայացմամբ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպե, օ՜ Պենելոպե»-ով։

Taterakan shabat 4

«Արդեն երրորդ տարին է՝ մենք կազմակերպում ենք թատերական շաբաթ ծրագիրը։ Այս տարի մարտի 21-ից 29-ն է, և կունենանք տասնյակ միջոցառումներ։ Թատերական ներկայացումներից սկսած՝ թատրոններում վարպետաց դասեր, հանդիպումներ դերասանների հետ քննարկումներ կունենանք: Մի խոսքով, այնպիսի ծրագրեր, որոնք այլ օրերի տեղի չեն ունենում։ Թատերական շաբաթը բաց դռների օր է, որը տևում է մեկ շաբաթից ավելի։ Սա եվս մեկ հնարավորություն է, որպեսզի մեր երիտասարդները և աշակերտները ծանոթանան այն բոլոր մասնագիտություններին, որոնք կան թատրոնում, քանի որ մենք ճանաչում ենք միայն դերասաններին։ Նկատում ենք հիանալի մի դինամիկա, քանի որ երկրորդ տարում արդեն իսկ ունեցանք 5000 այցելուներ»,-ասում է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

Այսպիսով, հերթական տարին է, որ թատերական շաբաթը վերածվել էր յուրօրինակ մշակութային տոնի, որտեղ բեմը դառնում է իրականության հայելին, իսկ թատրոնը՝ հասարակության կենդանի ձայնը։ Այս օրերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայկական թատրոնը ոչ միայն պահպանում է իր հարուստ ավանդույթները, այլև շարունակաբար նորոգվում է՝ խոսելով ժամանակի մարդու լեզվով և ձևավորելով մտածող, զգացող ու արվեստին մոտ նոր սերունդ։

Ալմաստ Մուրադյան

149
Մարտ 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: