Մենախոսության ուժը բեմում․ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը վերադառնում է

Ապրիլյան այս օրերին Երևանը կրկին դարձել է թատերական մենախոսության կենտրոն: Մեկնարկել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը՝ իր հետ բերելով բեմի վրա կենտրոնացած մարդու ձայնը, ներքին դրաման ու հանդիսատեսի հետ անմիջական երկխոսությունը։ Մեկ դերասան, մեկ բեմ, բայց՝ բազմաթիվ իրականություններ: Հենց այս սկզբունքով է ձևավորվում փառատոնի գեղարվեստական առանցքը։ Տարիների ընթացքում այն վերածվել է ոչ միայն թատերական իրադարձության, այլև մշակութային կարևոր հարթակի, որտեղ փոխակերպվում են նոր ձևեր, լեզուներ, հանդիսատեսի հետ հաղորդակցության հնարավորություններ:

Տարիներ շարունակ փառատոնը բացահայտում է դերասանի՝ մարդու ներքին ուժն ու դիմադրողականությունը։ Այս տարի ևս այն վերադարձել է նոր անուններով, նոր պատմություններով և նույն խորքային հարցադրումներով, որոնք շարունակում են հնչել նույնիսկ վարագույրի փակվելուց հետո։

Armmono 2026 2

Ապրիլի 14-ից մայիսի 1-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ կանցկացվի «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Իսպանիան, Իտալիան, Սերբիան, Ռումինիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Կուցադրվի 22 մոնոներկայացում, 8-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև մոնոներկայացումներ՝ ՀՀ մարզերից։ Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Դանս», «Արմմոնո-Fairy Tail» խորագրերի շրջանակում։

Armmono 2026 1

«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ թատերասերներին սպասվում է բավականին հարուստ ծրագիր:

«Այն կներառի երկու տասնյակից ավելի ներկայացումներ։ Ինչպես միշտ, այս անգամ մենք ներկայացնում ենք բազմազան ծրագիր։ Մենք ունենք հետաքրքիր ներկայացումներ և նոր թողարկումներ թե՛ միջազգային, թե՛ տեղական փառատոնային ծրագրերում։ Ելույթներ են ունենում թե՛ երիտասարդ արտիստներ, թե՛ արդեն իսկ կայացած կատարողներ։ Մենք ունենք նաև ներկայացումներ երեխաների համար։ Փառատոնը բացվում է Փոքր թատրոնում Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» մոնոներկայացմամբ»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Armmono 2026 4

Փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ խթանել մոնոներկայացումների զարգացումը Հայաստանում:

«Այն ոչ միայն հրաշալի անհատական ​​ներկայացումներ վայելելու հնարավորություն է, այլև հիանալի հարթակ է մեր տեղացի արվեստագետների համար՝ միջազգային գործընկերների հետ կապվելու, նոր գաղափարներ քննարկելու և համագործակցության ուղիներ ուսումնասիրելու համար: Մենք միասին աշխատում ենք այս նախաձեռնության վրա, և կարծում եմ, որ որոշ մանրամասներ պարզաբանելուց հետո շուտով կկարողանանք հայտարարել դրա մասին»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Մեկնարկը տրվեց ապրիլի 14-ին՝ ժամը 18։00-ին, Փոքր թատրոնում: Ներկայացվեց Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» մոնոներկայացումը։ Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Միջազգային ծրագրում հանդես կգան՝ Գեորգի Գասվիանի «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ» (Վրաստան), Վիտալի Յարոշ «Պարալիմպիկ» (ՌԴ), Անդրեյ Յակովլև «Փրկել կամեր-յունկեր Պուշկինին» (ՌԴ), Խոսե Անտոնիո Լուսիա «Կարիճ կամ արարողություն (Իսպանիա), Ռադե Կոստիչ «Չապլին․ իմ պատերազմը» (Սերբիա), Դորսա Միրզայի «Պրոմեթևս» (Իրան), Քրիստիան Իզզո «Պուլչինելլա`ծառա առանց տիրոջ» (Իտալիա):

Armmono 2026 5

Տեղական ծրագրում հանդես կգան Աղասի Մելքոնյանը «Թղթե մարդը», Ալլա Սահակյանը «Լույսի ծածկագիրը», Լիլիա Մուկուչյանը «Կոնտրաբաս», Կարինե Խոդիկյանը «Ինքնաթիռների և մարդկանց մասին», Բաբկեն Զաքարյանը «ՆԵԵսենին», Սամվել Էլբակյանը «Կոմիտաս», Անահիտ Ղազարյանը «Պարուհին» մոնոներկայացումներով:

Փառատոնի ծրագրում ներկայացված են բեմադրություններ, որոնք վերաիմաստավորում են մեծ արվեստագետների ճակատագրերն ու ստեղծագործական ճանապարհը՝ նոր բեմական ընթերցմամբ։ Փառատոնը կամփոփվի մայիսի 1-ին Կարինե Խոդիկյանի «Ինքնաթիռների և մարդկանց մասին» մոնոներկայացմամբ:

Ալմաստ Մուրադյան

155
Ապրիլ 18, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: