Կանաչ կարմիր աշխարհում՝ միրհավի հետքերով․․․
Հայ արձակի գոհարներից մեկը համարվող Աքսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը բովանդակային խորության, իրատեսականության և կենսական ողբերգականության տեսանկյունից անտարբեր չի թողել հայ ընթերցողին ստեղծման օրից, և ընթերցասեր հանրության կողմից համարվում է հեղինակի ամենաճանաչելի ստեղծագործություններից մեկը։
1983 թվականին «Միրհավ» պատմվածքի հիման վրա տպագրվեց Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ կարմիր աշխարհը» կինովիպակը, որին էլ հաջորդեց համանուն ֆիլմը։
Երկու հեղինակների ստեղծագործությունների առանցքը գլխավոր հերոսների՝ Դիլանի և Սոնայի սիրո պատմությունն է։ Սակայն Հրանտ Մաթևոսյանը, ի տարբերություն Բակունցի, մի փոքր «բացել» է գլխավոր հերոսների կերպարները, առավել շեշտադրել նրանց բնավորությունները։

Աքսել Բակունցի «Միրհավում» Սոնան զուսպ է, զգույշ, խոհեմ․․․ Ակնհայտ է հերոսների միմյանց հանդեպ սերը․ նրանք փոքրուց միասին են մեծացել և այդ մանկական համակրանքը տարիների ընթացքում վերածվել է հասուն սիրո։
Սոնային ծնողներն ամուսնացնում են «մեծատուն» հարևանի հետ և նա, չընդդիմանալով ծնողների կամքին, ընդունում է իրեն բաժին հասած ճակատագիրը։ Ողջ ստեղծագործության մեջ Բակունցը ցույց է տալիս Դիլանի ապրումները, կիսատ մնացած սիրո տառապանքները, տղամարդկային անզորությունը։ Մյուս կողմից, Սոնան նույնպես անմասն չէ այդ տառապանքներից, նա նույնպես զուսպ տառապում է։ Եվ թերևս, հենց դա է պատճառը, որ օրերից մի օր Սոնան ներս է մտնում Դիլանի հնձանի դռնով, արդեն հարևանի հարսի կարգավիճակում։ Եվ այն մասին, թե ինչ է տեղի ունենում դռների ներսում հեղինակը զուտ ակնարկում է․ «Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց... Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը՝ որպես անարատ զոհ»։ «Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանից, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը»։ Այսպիսին էր Աքսել Բակունցի Սոնան․․․

Հրանտ Մաթևոսյանի Սոնան մի փոքր այլ է։ Նա քմահաճ է, խանդոտ, պահանջկոտ, ոչ այդքան խոհեմ։ Հասուն Սոնայի մեջ նստած է այն երես առած աղջիկը, ով պահանջում է, որ Դիլանը խնձոր բերի իր համար հենց այն ծառից, որի տակ մրափում է հսկա գամփռը։ Նա ավելի համարձակ է գնում Դիլանի մոտ՝ ամուսնացած լինելով ուրիշի հետ։
Այս տարվա Փետրվարի 14-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի ունեցավ «Այս կանաչ կարմիր աշխարհը» ներկայացման պրեմիերան։ Դերերում՝ Գարիկ Առաքելյան, Զոի Սահակյան, Աննա Պետրոսյան, Հասմիկ Գյոկչյան, Լուսինե Հայրապետյան, Վազգեն Մկրտչյան։ Զգեստների և պաստառի ձևավորում՝ Իվանա Կրչադինաց, պլաստիկ լուծումներ՝ Հայարփի Զուռնաչյան։ Ներկայացման ընթացքում հնչում է Տիգրան Համասյանի գեղեցիկ երաժշտությունը, որը բավական համահունչ է և երանգավորում ու շեշտադրում է ներկայացման տեսարանների մթնոլորտը։
Տաթևիկ Մելքոնյանի բեմադրության հիմքում Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունն է։
Ներկայացումը սկսվում է գլխավոր հերոսի հիշողություններով։ Տարեց Դիլանը հիշում է իր ու Սոնայի սիրո ողջ պատմությունը։ Նա հիշում է, թե ինչպես է երեխա Սոնան վազում, վազվզում, ծերունու հիշողության դեմ բազմապատկվում, դառնում շատ աղջնակներ, որոնցից մեկը վազում է դեպի հովտի միակ կակաչը, հոգնա՜ծ մեկը բարձրանում է հովտից, մեկը ծամածռություն է անում, մյուսը կանգնել է թերթահան կակաչը ձեռքին և խռոված թոթվում է ուսը, մեկն ահա շուռ եկավ և հեռանում է աղջնակի նազանքով, իսկ մյուսն ահա ետ-ետ է անում անընդհատ շրթունքների նույն շարժումով։ Այս իրադարձությունները պատմում է հենց ծերունի Դիլանի դերակատարը, չնայած նա բեմում ծերունու կերպարի մեջ չի ներկայանում հանդիսատեսին։ Եվ այս կերպարային անհամապատասխանությունը որոշակի անհասկացողություն է առաջացնում դահլիճում, հատկապես նրանց համար, ովքեր չեն ընթերցել Մաթևոսյանի պատմվածքը։
Ներկայացման մեջ պատկերված Սոնան խոհեմ չէ, ինչպես Աքսել Բակունցի պատմվածքում։ Ավելի շուտ, այստեղ Սոնան մեկը չէ, մի քանիսն են՝ Սոնայի տարբեր էությունները տարբեր դերասանուհիների կերպարներում։ Դրանք ծիծաղկոտ են, հոգեառ, հանդուգն, ավելի իռացիոնալ, զգայական։
Բեմադրության մեջ ռեժիսորական լուծումները տպավորիչ են։ Կերպարների ընտրությունը դիպուկ է․ Սոնայի բազմաշերտության պատկերումը մի քանի դերասանուհիների միջոցով իսկապես ինքնատիպ մտահղացում է։ Այս առումով, դերասանուհիների կերպարների ընտրությունն էլ ներդաշանակ է, քանի որ բոլոր դերասանուհիները մարմնավորում են երիտասարդ տարիքին բնորոշ ֆիզիկական հմայք, հակասականություն, կիրք և հույզերի պոռթկունություն։ Չնայած այս պոռթկունությունը կանացի հերոսուհիների մոտ երբեմն դրսևորվում է գերհուզական խաղի ձևով, ընդհանուր առմամբ, նրանք կարողանում են փոխանցել մաթևոսյանական Սոնայի հակասական խառնվածքը։

Գլխավոր հերոսի՝ Դիլանի կերպարի ընտրությունը, որին մարմնավորում է դերասան Գարիկ Առաքելյանը, նույնպես կարելի է հաջողված համարել, քանի որ, երևի թե, ընթերցողը հենց այսպիսի Դիլան է պատկերացնում ստեղծագործությունը կարդալիս։ Ներկայացման մեջ հույզերն ավելի ցայտուն են, հերոսների տառապանքն ու ապրումներն ավելի ակնառու, քան գրքային տարբերակում։ Երևի թե ռեժիսորի խնդիրն է եղել ցույց տալ ստեղծագործության էությունը ակնառու հուզականության և զգացողական տեսանկյունից, ցույց տալով հերոսների ներքին ցավն ու տառապանքը, դերասանների ներքինից գալով դեպի արտաքին արտահայտչամիջոցների, ինչը կարելի է համարել ստացված։
Ռեժիսոր և բեմանկարիչ Տաթևիկ Մելքոնյանը փորձել է բեմում վերարտադրել գյուղական մթնոլորտը, որոնք մանրակրկիտ նկարագրված են հեղինակների ստեղծագործություններում։ Բեմի երկայնքով մի քանի շարքով պարաններին փռած սպիտակ ժանյակազարդ կտորները ինչ-որ տեղ առաջացնում են այդ գեղջկական զուգորդությունները, իսկ բեմի կենտրոնում դրված է մեծ ժայռաքար, որը բացվելով վեր է ածվում ջրափոսի։ Այնուամենայնիվ, բեմի մթնոլորտը չի կարելի համարել գյուղական, այլ ավելի շատ էսթետիկ-զգայական։ Թերևս այդ զգայականության մթնոլորտն ամբողջացնում են նաև ներկայացման գլխավոր գույները՝ կարմիր ու սև։
Կարելի է ասել ներկայացման դերակատարները վերարտադրել են Հրանտ Մաթևոսյանի նկարագրած իրադարձությունները պահպանելով դրանց էությունը, միևնույն ժամանակ, ավելի արդիական մատուցմամբ։ Դերասանուհիների կարմիր զգեստների ընտրությունը կարծես ամբողջացնում է Սոնաների վառ բնավորությունները։
Ի տարբերություն հերոսուհու կամ հերոսուհիների՝ Դիլանը, հակառակը, հանդիսատեսին է ներկայանում մոխրագույն շապիկով, ոչ վառ գույների մեջ, ինչը կարելի է համարել նրա մռայլ հոգեվիճակի և դժգույն իրականության արտացոլումը Սոնայի ամուսնությունից հետո։ Սակայն դրանից կերպարի բնավորությունը չի տուժում։ Գլխավոր դերակատարը՝ Գարիկ Առաքելյանը, կարողանում է ըստ արժանվույն պատկերել իր հերոսի ապրումները․ սիրո օբյեկտի հանդեպ ուժգին սիրո տառապանքը, տղամարդկային էներգիայի պոռթկունությունը, երբ այն չի գտնում իր ճիշտ ելքը և ողջ ուժը թափում է քարի վրա։ Հերոսի հոգեկան տվայտանքները, երբ Սոնան ամուսնանում է մեկ ուրիշի հետ, հուզում են հանդիսատեսին, առաջացնում զուտ տղամարդկային սիրո դժբախտության հանդեպ խոր ապրումակցում։
Ռեժիսորը ցույց է տալիս նաև Սոնայի ապրումները, երբ նա ստիպված է ամուսնանալ ոչ սիրելի անձնավորությանի հետ։ Պարզ սպիտակ շորի կրելը դառնում է իսկական տանջանք Սոնայի համար։ Եվ նա, փախչելով առկա իրականությունից, բախվում է մյուս Սոնաներին, որոնցից մեկը վերցնում է նրա ձեռքից զգեստը և ինքն է հագնում։ Այս տեսարանը ի ցույց է դնում նաև կանացի էության ներքին պայքարը, կռիվը սեփական ցանկությունների հետ և, ի վերջո, համակերպումը այն իրողության հետ, ինչն անզոր ես փոխել։

Հետաքրքրական է, որ ի տարբերություն Բակունցի, Հրանտ Մաթևոսյանը չի բացահայտում Սոնայի ամուսնության դրդապատճառը։ Եթե ընթերցողը կարողանում է կռահել, որ «Միրհավում» ծնողները Սոնային ամուսնացնում են համեմատաբար ապահոված գյուղացու հետ, ապա Մաթևոսյանն այս թեման բաց է թողնում։ Սրան հակառակ՝ Մաթևոսյանը ավելի հանգամանալից է բացահայտում Սոնայի ամուսնու կերպարը։ Նա ոչնչով Դիլանից առավել չէ, համագյուղացի է, ում հետ միասին ամեն օր աշխատում են արտում, շփվում միմյանց հետ՝ առանց թշնամության։
Բեմադրության մեջ Դիլանի ընտրյալը չի հայտնվում, նրա մասին հանդիսատեսին պատմվում է։ Եվ նույնիսկ այս «մինիմալիզմը», երբ իրադարձությունները վերարտադրվում են ոչ թե կոնկրետ հերոսների գործողությունների, այլ գլխավոր հերոսների պատմության միջոցով, միևնույնն է, հանդիսատեսի մոտ առաջացնում են համապատասխան մտապատկերները։ Հանդիսատեսը կարողանում է պատկերացնել և Սոնայի խանդը, երբ Դիլանը սիրաբանում է մեկ այլ աղջկա հետ, և Դիլանի մոր կերպարը որդուն մխիթարելիս, երբ Սոնան ամուսնանում է մեկ ուրիշի հետ։
Շատ իրատեսական է ներկայացված Դիլանի և Սոնայի ամուսնու ապրումները, երբ Սոնան մահանում է։ Այստեղ կարելի է տեսնել իրական կարեկցանք սիրելի էակի ամուսնու կորստի ցավի հանդեպ, մարդկայնություն, որը վեր է մրցակցությունից։ Ի վերջո սա ընդհանուր ցավ է, ընդհանուր կորուստ, որը միավորում է երկուսին։
Դիլանը ջուր է առաջարկում Սոնայի ամուսնուն։ Հետո որոշում է ինքը փորել գերեզմանափոսը։ Անխոս այս տեսարանի դառնությունն ու ողջ կսկիծը դերասանները գերազանց են փոխանցում։ Նույնիսկ ավելի ազդեցիկ, քան պատկերված է համանուն ֆիլմում։ Հանդիսատեսին անտարբեր չի թողնում մարդկային ցավի խորությունն ու հերոսի պահվածքի վեհությունը, այդ վշտի լիարժեք ապրումը։
Ինչպես արդեն նշվեց բեմի ձևավորումը և դեկորացիաները լավ են մտածված և հարմարեցված տեսարանների փոփոխնան հետ։ Այն քարը, որը Դիլանի անզուսպ և անհագուրդ էներգիայի հարվածների կրողն է, վերափոխվում է Սոնայի գերեզմանաքարին։

Սոնայի ամուսնու կերպարը ում մարմնավորում է Վազգեն Մկրտչյանը ներկայացված է զուսպ, հանգիստ խառնվածքով։ Եվ չնայած նա է ակամայից դարձել է Դիլանի դժբախտության հիմնական պատճառներից մեկը, իր խաղի շնորհիվ՝ հանդիսատեսը կարեկցանքով է լցվում նաև նրա հանդեպ։ Երկու դերասանները կարողանում են բեմում ցույց տալ տղամարդկային համագործակցության օրինակ, ինչպես նաև վերարտադրել այն գյուղական կենցաղը, որ նկագրված է Մաթևոսյանի պատմվածքում։
Բեմադրության մեջ հետաքրքիր ձևով է ներկայացված միրհավի որսի տեսարանը, անտառապետի բարկությունը, երբ Դիլանը փորձում է «փախցնել» նրա որսը։ Չնայած անտառապետին հանդիսատեսը չի տեսնում, բայց բեմի ետևից լսվող նրա ցասումով լի ձայնը, մտրակի հարվածների իմիտացիան վերակենդանացնում են այդ տեսարանը հանդիսատեսի համար։
Դիլանին այդպես էլ չի հաջողվում որսալ այդքան բաղձալի միրհավը։ Այստեղ Բակունցը անտեսանելի զուգահեռներ է տանում այս թռչունի և հերոսուհու միջև։ Բակունցի Սոնան էլ միրհավի պես թռչում-անհետանում է Դիլանի կյանքից՝ դառնալով Դիլանի սրտում առհավետ դաջված մնայուն հուշ։
Ընդհանուր առմամբ ներկայացման գլխավոր առավելուլություններից մեկը կարելի է համարել այն երիտասարդական, ինչ-որ տեղ տաքարյուն էներգիան, որը դերասանների միջոցով փոխանցվում է հանդիսատեսին։
Ներկայացումը ծանր է իր ասելիքի տեսանկյունից։ Բայց, թերևս հենց այս հուզական շեշտադրումների ցայտունությունն է, որ բեմադրությունն արժանացնում է հանդիսատեսի ծափահարություններին։ «Այս կանաչ կարմիր աշխարհը» բարձրաձայնում է չիրականացած երազանքների, կյանքի ողբերգականության, ճակատագրական սիրո մասին։ Հարց է առաջանում՝ արդյոք այս ամենը նույնքան ողբերգական ավարտ կունենա՞ր, եթե հերոսները լինեին միասին։ Բնականաբար, հարցը չունի պատասխան։ Եվ այստեղ հանդիսատեսը սկսում է մտորել հասարակական բարքերի, ճակատագրի անխուսափելիության, վշտի և ուրախության հաջորդականության, և կյանքի շարունակության մասին․․․
Հայրապետ Հակոբյան