Բեմն ու իրականությունը․ վերարտադրո՞ւմ, թե՞ վերակառուցում

Արդեն քանի տասնամյակ թատերական աշխարհը չի դադարում վիճել մի երևույթի շուրջ, որը 20-րդ դարավերջին ներխուժեց բեմ ու տակնուվրա արեց դասական պատկերացումները։ Խոսքը վավերագրական թատրոնի մասին է, ուղղություն, որը մինչ օրս մնում է ամենաքննարկվողը։ Ինչո՞ւ է սա բորբոքում կրքերը։ Քննադատների մի բանակ պնդում է՝ սա թատրոն չէ, այլ ընդամենը «կենդանի լրագիր»։ Ըստ նրանց՝ դերասանն այստեղ կորցնում է իր կերպարաստեղծ գործառույթը՝ վերածվելով չոր ինֆորմացիա հաղորդող միջոցի։ Սակայն մյուս կողմում նրանք են, ովքեր վստահ են. վավերագրական թատրոնը վաղուց արդեն կայացած, ինքնատիպ ու ինքնաբավ էսթետիկա է՝ իր հստակ տեխնիկայով ու «Նոր դրամայի» պոստմոդերնիստական ազդեցությամբ։

երկաթ ծամեմ

Չնայած վավերագրական թատրոնը` որպես առանձին ուղղություն, ձևավորվեց 20-րդ դարի վերջին, դրա սաղմերը պետք է փնտրել շատ ավելի վաղ շրջանում։ 20-րդ դարը, որը դաջված է համաշխարհային պատերազմների արհավիրքներով, արվեստագետներին ստիպեց փնտրել նոր ճշմարտություններ։ Թատրոնը չէր կարող մնալ լուռ դիտորդ։ Իրական վավերագրական պայթյունի հիմքում գերմանական դպրոցն էր։ Դեռ 1925 թվականին Էրվին Պիսկատորն իր «Չնայած ամեն ինչի» ներկայացմամբ ցնցեց հանդիսատեսին։ Նա առաջինն էր, որ բեմ բերեց իրական թերթային հոդվածների մոնտաժը, լուսանկարներն ու պատմական դեմքերի կենդանի խոսքը։ Պիսկատորն ու Պետեր Վայսը դարձան այն ռահվիրաները, որոնց ստեղծած հիմքի վրա այսօր կառուցվում են ժամանակակից վավերագրական պիեսները։

2026 թվականին, երբ տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը թափանցել են արվեստի բոլոր ծակոտիները, թատրոնը վերադառնում է իր ամենաառաջնային աղբյուրին՝ մարդկային փաստին։ Վավերագրական թատրոնը, որը Հայաստանում վերջին տարիներին նոր շունչ է ստացել, այլևս լոկ «արձանագրում» չէ, այլ իրականության հետ առերեսվելու ամենաուղիղ ճանապարհը։ Այս յուրահատուկ ժանրի, դրա մարտահրավերների և «արխիվային» էմոցիաների մասին զրուցել ենք դրամատուրգ Անահիտ Ղազարյանի և ռեժիսոր Նադեժդա Իսրայելյանի հետ։ Նրանց պրպտումների շնորհիվ է բեմադրվել «Պլանային անջատում», «Ներբեռնում, վերբեռնում, սերբեռնում» և «Երկաթ ծամեմ» վավերագրական ներկայացումները։

 պլանային անջատում

«Պլանային անջատում» ներկայացումը յուրօրինակ դոկումենտալ խոստովանություն է, որտեղ երեք դերասանուհիների միջոցով բեմում կենդանանում են մեր հավաքական անցյալի դրվագները։ Սա զուտ մանկության հուշերի վերապատում չէ, այլ հետսովետական Հայաստանի դաժան իրականության գեղարվեստական վերարտադրումը։

Ինչպե՞ս են ծանոթությունների հավելվածները վերագծում մեր հույզերի քարտեզը և թելադրում հաղորդակցության նոր կանոններ։ «Ներբեռնում, վերբեռնում, սերբեռնում» ներկայացումը սուր ու արդիական հետազոտություն է այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը ձևավորում ժամադրության նոր մշակույթ ու ստեղծում սիրո նոր լեզու։ Իսկ «Երկաթ ծամեմը» վավերագրական ներկայացում է՝ նվիրված Էլվինա Մակարյանին։ Երգչուհին ներկա չէ ոչ մի դրվագում, սակայն նրա էներգիան, ձայնն ու դրամատիկ ճակատագիրը դառնում են այն անտեսանելի առանցքը, որի շուրջ հյուսվում է ամբողջ գործողությունը։

ներբեռնում սերբեռնում

Դրամատուրգ Անահիտ Ղազարյանը նշում է, որ վավերագրական թատրոնի կարիքն առաջանում է հենց այն ժամանակ, երբ «իրականությունը շատ է խեղդում և տեղ չի մնում գեղարվեստի համար»։ Սակայն, ըստ նրա, սովորական պատմությունը դեռ դրամատուրգիական նյութ չէ. այն դառնում է այդպիսին միայն կոնկրետ հղացքի ու ընտրության միջոցով։ «Դոկումենտալ ներկայացումը ոչ թե իրականության նույնությամբ վերապատկերումն է, այլ իրականության վերակառուցումը բեմում՝ ուրիշ տեսակի գործիքակազմով։ Մի սխալ պատկերացում կա, որ եթե անում ես դոկումենտալ ներկայացում, ապա նույնությամբ պետք է կրկնվի իրականությունը։ Չէ՛, դա վերակառուցումն է, որտեղ ստեղծագործողն օգտագործում է գեղարվեստական միջոցներ»,- նշում է Անահիտը։ Դրամատուրգի համար աշխատանքի հիմքը հետազոտությունն է՝ երբեմն ֆիզիկապես արխիվներ գնալը, մամուլը թերթատելը կամ «ինքնաարխիվացումը»։ Նրա բնորոշմամբ՝ թատրոնը պետք է դառնա մի «էմոցիոնալ արխիվ», որտեղ իրականությունը ոչ միայն ներկայացվում է, այլև վերամտածվում քննադատական հայացքով։

Նադեժդա Անահիտ

Երբ թատրոնը դուրս է գալիս դասական պիեսի սահմաններից և մտնում իրական կյանք, առաջ է գալիս էթիկայի հարցը։ Ռեժիսոր Նադեժդա Իսրայելյանը շեշտում է, որ իրական պատմության հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, քանի որ գործ ունես կենդանի մարդկանց հետ։

«Մի հատ պատասխանատվության շերտ է գալիս, երբ որ դու աշխատում ես իրական պատմության հետ, պատմություն, որը քո կողքն է, քո իրականության մեջ է։ Դու ոչ մի մեծ բացահայտում չես անում, դու բերում ես քո տեսանկյունը, քո զգացածը տվյալ իրականության հետ կապված։ Դա մարտահրավեր է. հանդիսատեսը տեսնում է իր պատմության մի մասը, ու դու պատասխանատու ես այդ ձևի համար»,-մանրամասնում է Նադեժդան։ Այս պատասխանատվությունն է հենց թելադրում բեմադրական սկզբունքները։ Ըստ ռեժիսորի՝ կարևոր է մնալ նյութին հավատարիմ, բայց չլինել նյութին զոհ։

Նադեժդայի և Անահիտի համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ ունի տարածքի ընտրությունը։ Նրանց ներկայացումներից մեկը խաղացվել է 12-րդ հարկի տանիքում, որտեղից երևում է ողջ քաղաքը։

 ներբեռնում

«Տարածությանը նույնպես պետք է վերաբերվել որպես որոշակի դոկումենտ։ Դու պետք է հանդիսատեսի համար արդարացնես, թե ինչու ես իրեն բերում հենց էս տարածք։ Օրինակ՝ մենք մի շենքում արեցինք ներկայացում, որտեղ սովետի ժամանակ արտադրվել են առաջին համակարգիչները, ու մենք հիմա այդտեղ խոսում ենք սիրո մասին, որն անցնում է առցանց ձևին»,- պատմում է ռեժիսորը։

Դրամատուրգի և ռեժիսորի աշխատանքը վավերագրական թատրոնում ընթանում է համատեղ՝ փուլ առ փուլ։ Անահիտը պատմում է, որ իրենց վերջին գործի ժամանակ, երբ ուսումնասիրում էին Էլենա Մակարյանի կյանքը, մամուլում տեղեկությունները հանկարծակի կտրվում էին։ «Մենք այս բացակայությունը վերցրեցինք որպես ֆորմա և թարգմանեցինք թատերական լեզվի։ Դա եկել է նյութը նկատելուց. դոկումենտալ նյութի հանդեպ ուշադիր լինելը՝ ինչ է քեզ պատմում նյութը և ինչ չի պատմում։ Չպատմելը դառնում է ձև»,- ասում է Անահիտ Ղազարյանը։ Իսկ Նադեժդան հավելում է, որ այս ընթացքում դերասանները նույնպես պետք է լիարժեք տիրապետեն հետազոտությանը. «Իրենք պետք է ծանոթ լինեն ժամանակին, էն մտքին, որը մենք ենք անում, որովհետև էդ գիտելիքն օգնում է կառուցել կերպարը»։

Վավերագրական թատրոնը Հայաստանում այսօր փորձում է արխիվացնել մեր էմոցիաները՝ 90-ականների պլանային անջատումներից մինչև թվային դարաշրջանի միայնություն։ Ինչպես նշում են արվեստագետները, այս թատրոնը ժամանցի մասին չէ։ Սա նրանց համար է, ովքեր պատրաստ են տեսնել իրականության վերակառուցումը և գուցե հենց այդտեղ գտնել սեփական պատմության արտացոլանքը։

Վովա Արզումանյան

409
Մայիս 01, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: