Լինում է, չի լինում, ծառան առանց տիրոջ է լինում

Ի՞նչ է պատահում, երբ ծառան զրկվում է տիրոջից, կամ ավելի ստույգ՝ ազատվում նրանից։ Այս հարցադրումը կարող է տարօրինակ թվալ, սակայն իտալացի դերասան Քրիստիան Իզզոյի «Պուլչինելլա. առանց տերերի ծառան» ներկայացումը հենց այս էկզիստենցիալ և թատերական առանցքի շուրջ է հյուսվում։

Պուլչինելլան՝ իտալական կոմեդիա դելլ'արտեի առանցքային տիպարը, լոկ դիմակ չէ, այլ Նեապոլի մշակութային կոդի մարմնավորումը։ Նրա բազմաշերտ կենսագրությունն աչքի է ընկնում դինամիկ կերպարանափոխություններով. սկիզբ առնելով որպես ճարպիկ ու անհնազանդ ծառա՝ նա ժամանակի ընթացքում ձեռք է բերում նոր էկզիստենցիալ շերտեր։ Ըստ Անտոնիո Պետիտոյի թողած ավանդույթի՝ Պուլչինելլան ներկայանում է որպես դերասանի մետաֆորիկ կերպար, մի մշտարթուն վտարանդի, որը թափառում է թատերական տարածություններում՝ փնտրելով իր սեփական բեմն ու հանգրվանը։ Կոմեդիա դելլ'արտեն թատերական այն հազվադեպ ձևերից էր, որը շեշտը դնում է դիմակի, դերասանի հանպատրաստից խաղի, մարմնի պլաստիկայի վրա: Օգտագործելով կոմեդիա դելլ'արտեի ողջ ներուժը՝ երիտասարդ դերասան Քրիստիան Իզզոն բացահայտում է ստեղծագործական գործընթացը. ցույց տալիս՝ ինչպես է ստեղծվում գեղարվեստական գործը, և թե ինչպես են այդ գործընթացում հարաբերվում երևակայությունը և իրականությունը, արվեստը և կյանքը։

Pulchinella 3

Հենվելով այս ավանդույթի վրա՝ ծառան առանց տիրոջ դրամատիկական հորինվածքը վերակենդանացնում է Պուլչինելլայի ոդիսականը։ Սա պատմական վավերագրության և թատերական առասպելի միահյուսում է. 16-րդ դարի դերասանական ընտանիքների ճակատագրին համահունչ՝ կերպարը, փախչելով ժանտախտի ճիրաններում հեծեծող Իտալիայից, հայտնվում է Վերսալի շլացուցիչ արքունիքում։ Այստեղ նեապոլիտանական տարերքը բախվում է ֆրանսիական կլասիցիզմի խստությանը։ Պուլչինելլայի նպատակն է նվաճել «Արև-արքա» Լուի XIV-ի հովանավորությունը և ստանձնել թագավորության առաջին կատակերգուի դերը։ Այս տեղափոխությունը սոսկ աշխարհագրական տեղաշարժ չէ, այլ մշակութային տրանսֆորմացիա, որտեղ փողոցային թատրոնի կենսախինդ դիմակը փորձում է իր տեղը գտնել բացարձակ միապետության աստիճանակարգված հիերարխիայում»։ Նեապոլիտանական դիմակի հուսահատ ճիգը՝ ներկայացում բեմադրել անմիջապես արքունի պալատի առջև, վերածվում է բարդ մետաթատերական կառուցվածքի։ Պուլչինելլայի համար սա սոսկ ներկայացում չէ, այլ սոցիալական ու կենսաբանական գոյատևման միակ հնարավորությունը՝ փորձ՝ գրավելու արվեստասեր ու «լուսավորյալ» Արքայի ուշադրությունը և ապահովելու անցումը դեպի հարմարավետ կյանք՝ հեռու սովի ու աղքատության մղձավանջից։

Պուլչինելլայի և Արքայի միջև այս հանդիպում-բախումը դառնում է առանցքային հարթակ, որտեղ միահյուսվում են տիրակալի կերպարի իդեալիստական մեծարումն ու իշխանության և արվեստի փոխհարաբերությունների դաժան քննադատությունը։ Այս հակադրությունը զարմանալի ժամանակավրեպությամբ արձագանքում է մերօրյա իրականությանը. 2020 թվականի համավարակի մեկուսացմանն ու դրան հաջորդած պատերազմական աղետներին, որտեղ արվեստագետը կրկին հայտնվում է իշխանական լծակների և գոյաբանական ճգնաժամի արանքում։

Pulchinella 1

Այս բարդ ու բազմաշերտ դրամատուրգիան բեմում կենդանություն է առնում Քրիստիան Իզզոյի բարձրակարգ դերասանախաղի շնորհիվ։ Նրա կատարումն աչքի է ընկնում զարմանալի հավասարակշռվածությամբ. դերասանը վիրտուոզ կերպով տիրապետում է թե՛ կոմեդիա դելլ'արտեի խիստ կանոնիկ պլաստիկային և թե՛ հոգեբանական թատրոնի նրբերանգներին։ Իզզոն չի սահմանափակվում սոսկ դիմակի պատյանով. նա կառուցում է հանդիսատեսի հետ անմիջական, կենդանի ու հագեցած շփում՝ քանդելով «չորրորդ պատը» և դահլիճին դարձնելով իր խաղի հավասարազոր մասնակիցը։

Դերասանական խաղի թեթևությունն ու իմպրովիզացիոն ճկունությունը թույլ են տալիս հանդիսատեսին զգալ կերպարի յուրաքանչյուր ներքին տատանումը։ Սա մի բարդ սինթեզ է, որտեղ դերասանի էներգետիկան հագեցնում է բեմական տարածությունը՝ ստեղծելով մտերմիկ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր հայացք և շարժում ունի իր հստակ գեղագիտական արժեքը։

Pulchinella 4

Ներկայացման վերջաբանը կանխորոշված է յուրօրինակ դրամատուրգիական ֆատալիզմով, որտեղ ձախողումն անխուսափելի է դառնում հենց սկզբից։ Պուլչինելլան բեմում կիրառում է սինկրետիկ թատրոնի իր ողջ հարուստ զինանոցը՝ հմտորեն միահյուսելով սինթետիկ արտահայտչամիջոցները, երաժշտությունն ու մարմնի պլաստիկան ժանրային ինքնատիպ հիբրիդացման հետ։ Այստեղ ժողովրդական թատրոնի անկաշկանդ տարերքը ներդաշնակվում է դասական տեքստերի հետ՝ ստեղծելով միջտեքստային բարդ շերտեր, որտեղ նույնիսկ հղումներ են արվում հերոսի ժամանակակից Շեքսպիրին՝ ընդգծելով արվեստագետի տիեզերական ու ժամանակային անսահմանությունը։ Սակայն Արքայի վստահությունը նվաճելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Պուլչինելլայի անկեղծությունը, նրա քաղաքական ու գեղարվեստական անհաշտությունը միայն դժգոհություն և բարկություն են հարուցում Լուի XIV-ի մոտ։ Արդյունքում՝ դերասանը ստիպված է լինում փախչել՝ փրկվելու համար մահապատժից։ Նրա ոդիսականը վերածվում է հավերժական ճամփորդության՝ փնտրելու այն ուտոպիստական վայրը, որտեղ Արվեստը վերջապես կունենա իր տունն ու բացարձակ ազատությունը։

Հ․Գ․ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը հերթական անգամ դարձավ այն ստեղծագործական հարթակը, որտեղ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակից դառնալու թատերական նորագույն միտումներին և ռեժիսորական ինքնատիպ լուծումների բազմազանությանը։

Վովա Արզումանյան

1369
Հունիս 28, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: