Մարդը թղթե աշխարհում
Արի գնանք երկիրը մեր,
Ուր թղթից են և՛ դաշտ, և՛ լեռ,
Ուր թղթե գետակն է հոսում,
Ու թղթե մի երգ է ասում։
Նաիրա Եդիգարյան, «Թղթե մարդը»
Այստեղ երկինքն ու երկիրը թղթից են։ Ամեն ինչ թղթից է։ Նույնիսկ մարդիկ ու կենդանիներն են թղթից։ Ամեն ինչ անսովոր է, բայց միաժամանակ՝ զարմանալիորեն բնական։ Մենք հայտնվում ենք թղթե աշխարհում, որտեղ ճանապարհորդության է հրավիրում դերասան-տիկնիկավար Աղասի Մելքոնյանը։ Բեմում սովորական թուղթն ու առարկաները նրա ձեռքերում կենդանություն ու հոգի են ստանում։ Խճճված գունավոր կառուցվածքները փոխարինում են բնության տարրերին։
«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի շրջանակում կայացած Աղասի Մելքոնյանի «Թղթե մարդը» մանկական մոնոներկայացման առաջնախաղը տպավորիչ էր։ Ռեժիսորն ու դերակատարը, լինելով հայկական տիկնիկային արվեստի ամենափորձառու ներկայացուցիչներից մեկը, բեմական գործողությունը կառուցում են պարզության, խաղի և անընդհատ կերպարանափոխության սկզբունքով։ Նրա պատմելու եղանակը դինամիկ է, պատկերավոր և լի երևակայությամբ, իսկ թղթի ամենահասարակ կտորը նրա ձեռքերում վերածվում է կերպարի՝ լինի դա մարդ, քամի, ծառ, թե կենդանի։ Բեմադրությունը կառուցված է բազմազան թատերական արտահայտչամիջոցների վրա՝ տիկնիկային խաղ, երգ, հանդիսատեսի անմիջական ներգրավում և բազմաթիվ բեմական հնարքներ։ Սակայն այս ամբողջ տեսողական բազմազանությունը երբեք ինքնանպատակ չէ․ դրա առանցքում թղթե աշխարհի պատմությունն է՝ հուզիչ ու դիտարժան։
«Թղթե մարդը» թեև մանկական ներկայացում է, բայց իր ներքին կառուցվածքով և գաղափարական շերտերով այն չի սահմանափակվում միայն մանկական հեքիաթի շրջանակում։ Ներկայացումը կառուցված է թղթե և իսկական աշխարհների հակադրության վրա, սակայն պիեսի հեղինակը՝ Նաիրա Եդիգարյանը, աստիճանաբար ցույց է տալիս, որ «իսկական» լինելն արտաքին կամ նյութական հատկանիշ չէ։ Թղթե երկիրը խոցելի է․ այնտեղ ամեն ինչ կարող է ճմռթվել, թրջվել, քամուց քշվել։ Բայց հենց այդ փխրուն աշխարհն է դառնում հերոսի տունը, նրա ինքնության, հիշողության և սիրո տարածքը։

Աղասի Մելքոնյանի դերասանական աշխատանքը կառուցված է տիկնիկի և դերասանի հավասարակշռված համակեցության վրա։ Նա երբեք չի ձգտում ստվերել տիկնիկին, բայց նաև չի վերածվում անտեսանելի տիկնիկավարի։ Ընդհակառակը՝ նրա հայացքը, պլաստիկան, ձայնային փոփոխություններն ու շարժումների ճշգրիտ ռիթմը կենդանացնում են յուրաքանչյուր կերպար՝ պահպանելով նրանց անհատականությունը։ Նույն դերասանը մի քանի վայրկյանում անցնում է պատմողի, Թղթե մարդուկի և մյուս կերպարների միջև՝ պահպանելով յուրաքանչյուրի ինքնուրույն բնավորությունն ու ռիթմը։ Այդ բնական անցումներն են, որ հանդիսատեսին հնարավորություն են տալիս հավատալ թղթե աշխարհի գոյությանը։ Ռեժիսորական կարևոր լուծումներից մեկն էլ այն է, որ ներկայացումը չի թաքցնում իր պայմանականությունը։ Թղթի ֆակտուրան, բաց տիկնիկավարությունը, թելերից ու թղթից կառուցված կերպարներն ու առարկաները ներկայացվում են որպես խաղի կանոններ, որոնք հանդիսատեսն առանց դժվարության ընդունում է։ Արդյունքում բեմում ստեղծվում է ոչ թե պատրանք, այլ երևակայության տարածք։
Թղթե մարդուկի կերպարը ներկայացման բարոյական կենտրոնն է։ Նա թղթից է, այսինքն՝ թույլ է, խոցելի, վտանգի առաջ անպաշտպան, բայց նրա արարքներն ավելի ամուր են, քան իսկական աշխարհի շատ բնակիչների պահվածքը։ Նա չի հրաժարվում իր երկրից, չի գայթակղվում իրական աշխարհի գույներով, համերով ու հոտերով, որովհետև իր համար տունը միայն գեղեցիկ կամ հարմար վայր չէ, այլ հարազատության զգացում։
Բեմանկարչական լուծումը ներկայացման հավասարազոր դերակատարներից է։ Թղթից պատրաստված կոնստրուկցիաները չունեն մեկ հաստատուն նշանակություն։ Դրանք ներկայացման ընթացքում վերածվում են գետի, ծառի, ճանապարհի, երբեմն էլ հերոսի ներքին ապրումների տեսանելի արտահայտության։ Այդ փոփոխականությունը բեմին հաղորդում է խաղային ազատություն, որտեղ յուրաքանչյուր դետալ դառնում է գործողության ակտիվ մասնակից։ Տիկնիկավար-դերասանը ոչ միայն ֆունկցիոնալ է դարձնում տիկնիկ-կերպարներին, այլև ֆիզիկապես «ապրում» է նրանցով՝ մերթ գրկելով երկարավիզ ընձուղտին, մերթ զրուցելով Թղթե մարդուկի հետ, մերթ էլ ամբողջ մարմնով արձագանքելով նրանց ապրումներին։
Թղթե ծառի կերպարը զարգացնում է ինքնության որոնման թեման։ Նա հոգնում է իր թղթե լինելուց, ուզում է հեռանալ և իսկական ծառ դառնալ։ Սակայն իրական անտառում նրան չեն ընդունում ո՛չ թռչունները, ո՛չ ծառերը։ Այս տեսարանը ցույց է տալիս, որ ուրիշի կերպարանքով ապրելու ցանկությունը կարող է մարդուն հեռացնել սեփական արմատներից։ Թղթե ծառը հասկանում է, որ իսկական լինելը չի նշանակում փոխել արտաքին տեսքը կամ նմանվել ուրիշներին։ Նրա վերադարձը Թղթե երկիր ինքնաճանաչման վերադարձ է։

Ներկայացման առանցքային կերպարներից է նաև քամին։ Այն քաոսի, անկայունության և փորձության խորհրդանիշ է։ Քամին խաթարում է թղթե երկրի խաղաղությունը, քշում է հերոսներին, բայց հենց նրա շնորհիվ է սկսվում ճանապարհորդությունը, որի ընթացքում բացահայտվում են հերոսների ներքին որակները։ Այս առումով քամին միայն կործանարար ուժ չէ, այլ նաև դրամատուրգիական շարժիչ, որը ստիպում է հերոսներին փորձության միջով անցնել։
Թղթե մարդուկն անձրևի տակ սեփական մարմնով պաշտպանում է ծառին, թեև ջուրը հենց իր համար է վտանգավոր։ Այդ տեսարանում առավել ամբողջական է բացահայտվում նրա բարոյական կերպարը։ Նրա թղթե մարմինը կարող է թրջվել և կորցնել ձևը, բայց նրա հոգատարությունը, նվիրվածությունն ու ընկերասիրությունը չեն քանդվում։ Իսկ երբ Թղթե ծառը նրան ասում է, որ միասին պետք է տուն գնան, նրանց հարաբերությունը փոխվում է․ ծառը նույնպես հասկանում է, որ իր տունը այնտեղ է, որտեղ իրեն սիրում են և ընդունում այնպիսին, ինչպիսին կա։
«Թղթե մարդը» ներկայացումը փոքրիկներին սովորեցնում է հավատարմություն, ընկերասիրություն և պատասխանատվություն, իսկ մեծահասակներին հիշեցնում է, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ նյութից է նա ստեղծված, այլ այն աշխարհով, որը կարողանում է պահպանել իր ներսում։
Վովա Արզումանյան