«Թատրոնել»․ «ԹԷԱՏՐՈՆ»-ը՝ բեմից դուրս
Սեպտեմբերի 14-28-ը «ԹԷԱՏՐՈՆ» ֆրանկոֆոն կատարողական արվեստների միջազգային փառատոնը Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում կներկայացնի ներկայացումներ, աշխատարաններ, մասնագիտական հանդիպումներ և ժամանակակից դրամատուրգիայի ծրագրեր:
«Միշտ փորձել եմ հասկանալ՝ ինչու հայերենում կան «պարել», «երգել» բայերը, բայց չկա «թատրոնել» բայը։ «Թէատրոն» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ «թատրոնենք»։ Եկեք թատրոնենք։ Ինչ-որ առումով սա նաև հրավեր է՝ մասնակցելու հրաշալի միջոցառումների»։
«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի այս ձևակերպմամբ «թատրոնել»-ը դառնում է ոչ միայն բառային խաղ, այլև փառատոնի գաղափարը բնութագրող մոտեցում։ 2026 թվականին փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ:

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական Saté-Âtre թատերական ընկերությունը և ART-IMAGES-ը։ 2026 թվականի թողարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են կատարողական արվեստի ներկայացումներ, մասնագիտական հանդիպումներ, աշխատարաններ և ժամանակակից դրամատուրգիայի նախաձեռնություններ:
«Երբեմն նաև ընտրում եմ հետևյալ սկզբունքով․ երբ ես ուսանող էի և ապրում էի Հայաստանում, մտածում էի՝ ինչ ներկայացումներ կցանկանայի դիտել, որոնց դիտելու հնարավորություն այստեղ չկա։ Ես կարծում եմ, որ մենք հատկապես կարևորում ենք այն ներկայացումներն ու արվեստագետներին, որոնց հետ կապը, շփումը և հնարավոր համագործակցությունը կարող են արգասաբեր լինել մեզ համար»,- ասում է Սաթէ Խաչատրյանը:

Փառատոնի գլխավոր հյուրերից է ֆրանսիացի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին։ Նրա Compagnie Käfig-ը սեպտեմբերի 22-ին և 23-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Folia» բեմադրությունը։ «Folia»-ում հիփ-հոփի և ժամանակակից պարի լեզուն միավորվում է բարոկկո երաժշտության հետ։ Բեմում պարողներին միանում են Le Concert de l’Hostel Dieu-ի երաժիշտները, իսկ ներկայացման երաժշտական և շարժողական լուծումներում օգտագործվում են ֆոլիայի և տարանտելլայի ռիթմեր, էլեկտրոնային երաժշտություն, դասական և ժամանակակից պարի տարրեր։ Մերզուկիի մասնակցությունը չի սահմանափակվում Երևանի ներկայացումներով։ Սեպտեմբերի 19-ին Մեղրիի մշակույթի կենտրոնում նախատեսված է հանդիպում-աշխատարան նրա և Käfig-ի արվեստագետների հետ, իսկ սեպտեմբերի 23-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում՝ Käfig-ի պարի աշխատարանը։ Մերզուկիի և Հայաստանի համագործակցությունն արդեն ունի նախապատմություն։ 2022 թվականին նա Սաթէ Խաչատրյանի հրավերով այցելել էր Հայաստան և ծանոթացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին։ Այդ հանդիպումից հետո ձևավորվեց համատեղ բեմադրության գաղափարը։ 2024 թվականին ստեղծված «La Couleur de la grenade» («Նռան գույնը») բեմադրության հիմքում Փարաջանովի ֆիլմն է։ Նախագծում ներգրավված էին հայ և ֆրանսիացի արվեստագետներ, իսկ երաժշտության մեջ համադրված են հայկական ավանդական երաժշտությունն ու ժամանակակից էլեկտրոնային հնչողությունը։

«ԹԷԱՏՐՈՆ»-ի աշխարհագրությունն այս տարի չի սահմանափակվում Երևանով։ Գավառի, Մեղրիի և Արտաշատի ծրագրերը տարբեր ձևաչափեր ունեն և ընդգրկում են ժամանակակից դրամատուրգիա, մասնագիտական հանդիպումներ, աշխատարաններ և միջազգային արվեստագետների մասնակցությամբ միջոցառումներ։ Գավառում նախատեսված են ժամանակակից դրամատուրգիայի և գրականության հետ կապված միջոցառումներ։ Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ներկայացվելու են հայերեն թարգմանությամբ ժամանակակից պիեսներ, իսկ դրանց շուրջ կազմակերպվելու են հանդիպումներ։
Արտաշատում անցկացվելու է «Ecub(e)» դրամատուրգիական ռեզիդենցիան՝ կանադացի դրամատուրգ Օլիվիե Կեմեյդի և Սաթէ Խաչատրյանի ղեկավարությամբ։ Ռեզիդենցիայի արդյունքները սեպտեմբերի 27-ին կներկայացվեն Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ թատերական ընթերցումների ձևաչափով։ Մեղրիում, Մերզուկիի հետ հանդիպումից բացի, նախատեսված են նաև ժամանակակից դրամատուրգիայի հետ կապված նախաձեռնություններ։ Ծրագրերի աշխարհագրությունը կարելի է դիտարկել նաև որպես մշակութային ապակենտրոնացման փորձ։ Այդպես միջազգային արվեստագետների և ժամանակակից դրամատուրգիայի ծրագրերը դուրս են գալիս Երևանի սահմաններից:

Իսկ ժամանակակից դրամատուրգիան փառատոնում ներկայացված է ոչ միայն բեմադրությունների, այլև մասնագիտական քննարկումների միջոցով։ Սեպտեմբերի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բաց բեմում նախատեսված է «Արդի դրամատուրգիայի զարգացման ուղիները» քննարկումը։ Այն անդրադառնալու է ժամանակակից հեղինակների հայտնաբերմանը, նրանց պիեսների տարածմանը և թատրոնների խաղացանկերում նոր դրամատուրգիայի ներառմանը։
Մասնակիցների թվում են ֆրանսիական թատերական հրատարակչության ներկայացուցիչ Ֆրանսուա Բերերը, ENS Lyon-ի թատրոնի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Օլիվիե Նևոն, Սաթէ Խաչատրյանը և Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Փառատոնի ուշադրության կենտրոնում ոչ միայն ներկայացումն է, այլև այն մասնագիտական միջավայրը, որտեղ ձևավորվում, քննարկվում և տարածվում է դրամատուրգիան։

Փառատոնի մեկ այլ ուղղություն սոցիալական թեմաների ներառումն է։ Սեպտեմբերի 17-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացվելու է Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային բեմադրությունը։ Այն անդրադառնում է հիշողության, ընտանեկան կապերի և սերունդների միջև հարաբերությունների թեմաներին։ Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև Ալցհայմերի հիվանդությանը վերաբերող քննարկումներ և կրթական բաղադրիչ։ Սաթէ Խաչատրյանը հենց այս նախաձեռնությունն է առանձնացնում որպես փառատոնի սոցիալական բաղադրիչ.
«Ամեն դեպքում, թույլ տվեք խոսել մի նախաձեռնության մասին, որը փառատոնի սոցիալական բաղադրիչն է։ Այս տարի մենք խոսելու ենք Ալցհայմերի հիվանդության մասին՝ պարի միջոցով, և համագործակցելու ենք Առողջապահության նախարարության հետ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արվեստագետի սոցիալական պատասխանատվությունն է իր արվեստի միջոցով անդրադառնալ նաև այնպիսի հարցերի, որոնք կարող են լինել ցավոտ և խոցելի»։

Կարևորվել է նաև ներառականության թեման։ Սեպտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում նախատեսված է բելգիական Cie Tchaïka-ի «LOCO» տիկնիկային ներկայացումը։ Այն հիմնված է շարժման և տեսողական արտահայտչամիջոցների վրա և նախատեսված է տարբեր լսարանների համար, այդ թվում՝ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց։ Այստեղ կատարողական արվեստը դուրս է գալիս զուտ գեղարվեստական ներկայացման շրջանակից և առնչվում սոցիալական հարցերի՝ հիշողությունից և ծերությունից մինչև ներառական մշակութային միջավայրի ձևավորում։
Սաթէ Խաչատրյանը «ԹԷԱՏՐՈՆ»-ը ցանկանում է տեսնել որպես Հայաստանում ամենամյա մշակութային իրադարձություն։ Այդ նպատակին միտված 2026 թվականի ծրագիրը միավորում է միջազգային ներկայացումներ, մասնագիտական հանդիպումներ, կրթական աշխատարաններ, մարզային ծրագրեր, ժամանակակից դրամատուրգիա և սոցիալական թեմաներ։ Ինքը՝ Խաչատրյանը, փառատոնի հիմնական արժեքը կապում է մշակութային հանդիպման և համագործակցության հնարավորության հետ.
«Յուրաքանչյուր փառատոն առաջին հերթին տոն է։ Կատարողական արվեստների այս միջազգային փառատոնը, վստահ եմ, հրաշալի հնարավորություն կլինի մշակութային հանդիպումների համար, կձևավորի միջավայր և կստեղծի նոր համագործակցություններ հայ և միջազգային ճանաչում ունեցող մշակույթի գործիչների միջև»։
Գուցե հենց այստեղ է «թատրոնել» բառի իմաստը․ ոչ միայն գնալ թատրոն և դիտել ներկայացումը, այլ մասնակցել մշակութային հանդիպմանը՝ որպես հանդիսատես կամ արվեստագետ:
Ալմաստ Մուրադյան