Կյանքի գույնը կորցրած հույսերի տանը

«Կորցրած հույսերի տունը» փիլիսոփայական պլաստիկ ներկայացում է՝ կյանքի, արժեքների վերաիմաստավորման և սեփական սահմաններից դուրս գալու, ինքդ քեզ ընդդիմանալու ու փոխվելու փորձի մասին։ Սա անկեղծ և սուր երկխոսություն է մարդու ներաշխարհի հետ՝ այն պահի մասին, երբ մարդը փորձում է ազատվել ուրիշների սպասումներից, վերագտնել սեփական ձայնն ու պաշտպանել ինքն իրեն մոտ լինելու իրավունքը։ Սա սեփական կյանքը վերանայելու, «ոչ» ասելու և սեփական ընտրության պատասխանատվությունը ստանձնելու պատմություն է։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում բեմադրված «Կորցրած հույսերի տունը» պլաստիկ ներկայացումը պատմում է չկատարած ընտրությունների, չիրականացած սպասումների և հետաձգված երազանքների մասին։ Բեմում ԵԹԿՊԻ-ի Ժիրայր Դադասյանի արվեստանոցն այս տարի ավարտած՝ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդ դերասաններն են։ Նրանք Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսը ներկայացնում են մարմնի լեզվի միջոցով՝ բացահայտելով կերպարների ներքին աշխարհը։ Բեմադրող ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է, ռեժիսորը՝ Ինա Հախնազարյանը։

Այս բեմադրության առանցքում Չեխովի դրամատուրգիայի այն առանձնահատկությունն է, որն առաջին հայացքից կարող է թվալ անորսալի, սակայն դերասանական արվեստում դառնում է ամենաէականը՝ չասվածի, լռության և ներքին հոգեբանական շարժման գոյությունը։

Kortsrats huyseri tuny 2

Ռեժիսորական աշխատանքի հիմքում դրված է հոգեբանական ռեալիզմի հետ դերասանների անմիջական առնչությունը։ Այս մոտեցումը բեմում ստեղծում է յուրահատուկ լռության գոտի։ Չեխովյան աշխարհում խոսքը երբեք ամբողջական չէ․ կերպարի իրական ասելիքը հաճախ գտնվում է հայացքում, շարժման կիսատության, մարմնի լարվածության կամ հանկարծակի դադարի մեջ։ Հետևաբար դերասանի խնդիրն այստեղ միայն մեկը չէ։ Նա պետք է կարողանա տեսանելի դարձնել այն հոգեբանական գործընթացը, որը տեղի է ունենում ամբողջ պիեսի ընթացքում։  Հենց այստեղ է առանձնահատուկ նշանակություն ստանում մարմինը։  Այս իմաստով ներկայացման մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունենում, այլև այն, թե ինչ է տեղի ունենում իրադարձությունների հետևում։ Կերպարների արտաքին գործողությունների հետևում շարունակվում է անընդհատ հոգեբանական շարժում՝ ներքին դիմադրություն, սպասում, ցանկություն, վախ, մերժում, կապ հաստատելու կամ չհաստատելու փորձ։ Դավիթի, Տանյայի, Ժորժի և Մարիայի հետ բեմում հայտնվում է նաև Քեռի Վանյան՝ անշունչ տիկնիկի կերպարով։ Դերասաններն իրենց խաղով նրան կենդանություն են հաղորդում, հաղորդակցվում նրա հետ, փոխանակում հայացքներ, դիմադրում, կապվում, սիրում ու հեռանում։ Նրանց և քեռի Վանյայի փոխհարաբերությունն աստիճանաբար վերածվում է ինքնուրույն բեմական գործողության՝ դառնալով կերպարների ներաշխարհն արտահայտելու կարևոր միջոց։ Ներկայացման բեմական լեզվի կարևոր առանձնահատկություններից են ստվերային թատրոնի տարրերը, մինիմալիստական բեմական տարածքն ու ռեկվիզիտի սահմանափակ օգտագործումը։ Ներկայացման հիմնական շեշտը, այնուամենայնիվ, դերասանական խաղի վրա է։

Kortsrats huyseri tuny 3

Բեմադրության կարևորագույն ձեռքբերումներից մեկը Ժիրայր Դադասյանի և Ինա Հախնազարյանի ռեժիսորական մեկնաբանությունն է։ Նրանք Չեխովի պիեսը չեն փորձում պարզապես տեղափոխել պլաստիկ թատրոնի տարածություն․ փոխարենը ստեղծում են միանգամայն այլ բեմական իրականություն, որտեղ խոսքի բացակայությունը դառնում է նոր գեղարվեստական հնարավորություն։ Ռեժիսորների մանրակրկիտ աշխատանքը դերասանների հետ հատկապես զգալի է կերպարների փոխհարաբերությունների կառուցման մեջ։ Այստեղ յուրաքանչյուր շարժում, հայացք ու դադար ունի իր ներքին պատճառաբանությունը։  

Առանձնահատուկ է նաև երաժշտության հետ դերասանների փոխհարաբերությունը։ Նրանք ոչ միայն շարժվում են ռիթմին համահունչ, այլ կարծես լսում են այն ամբողջ մարմնով։ Երաժշտությունը դառնում է նրանց համար գործողության ներքին ռիթմը՝ ազդելով շարժման տեմպի, դադարի, շնչառության և միմյանց հետ հաղորդակցության վրա։ Այս զգացողությունն է, որ պլաստիկ գործողությանը տալիս է երաժշտականություն։

Սա միայն Չեխովի հերոսների պատմությունը չէ։ Այն մարդու մասին է, որը կանգնած է անցյալի ու ապագայի սահմանագծին և ստիպված է ընտրել՝ մնա՞լ իր վախերի ու հիասթափությունների մեջ, թե՞ փորձել փոխել սեփական կյանքի ընթացքը։ Ներկայացումը հարց է բարձրացնում՝ ի՞նչ կլինի, եթե մարդը չվախենա փոփոխությունից և փորձի դուրս գալ այն անդունդից, որտեղ նրան տանում են անտարբերությունը, վախը և սեփական ճակատագրի հետ հաշտվելը։ Եվ հենց այստեղ է ներկայացման ամենակարևոր շերտերից մեկը՝ փոփոխության հնարավորությունը։ Մարդկային հարաբերությունների էությունը հասկանալու, չեխովյան հերոսների ներաշխարհին մոտենալու և սեփական կյանքի մասին խորհելու համար արժե տեսնել այս ներկայացումը։

Վովա Արզումանյան

211
Սեպտեմբեր 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: