«Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսի հիման վրա բեմադրված «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան։

Բեմադրությունը՝ Սերգեյ Եղիկյանի

Bohem Vanadzor 2

Bohem Vanadzor 3

Ներկայացումից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը և թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանը։ Խոսվեց թատրոնի ստեղծման, անցած ճանապարհի, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին։ Իր խոսքը հայտնեց նաև լրագրող, «Էկոնոմիկա» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը։

Bohem Vanadzor 4

Bohem Vanadzor 5

Պրեմիերային ներկա էին պիեսի հեղինակ Աննա Պետրոսյանի դուստրը՝ Նարինե Թուխիկյանը, նրա ընկերները, Գյումրիից ժամանած գործընկերները, ինչպես նաև թատերասեր հանդիսատեսը։

«Վերջին հանգրվան»-ը պատմում է Հայաստանից արտագաղթած մի ընտանիքի մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում։ Ընտանիքի հայրը հիվանդանում է և մահից առաջ հայտնում իր վերջին ցանկությունը՝ թաղվել հայրենիքում։

Bohem Vanadzor 7

Bohem Vanadzor 9

Հոր մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում։ Մայրը ցանկանում է կատարել ամուսնու վերջին ցանկությունը և նրա աճյունը տեղափոխել Հայաստան, մինչդեռ որդին դեմ է՝ իր առջև ունենալով հայրենիքի, հիշողության և սեփական կյանքի միջև բարդ ընտրություն։

Ներկայացումը խոսում է հայրենիքից հեռանալու և վերադառնալու, ընտանիքի, հիշողության, կորստի ու ազգային արմատների հետ մարդու կապի մասին՝ հարցեր, որոնք բեմից հասնում են հանդիսատեսին և շարունակում իրենց ճանապարհը նրա մտքերի մեջ։

Bohem Vanadzor 11

Bohem Vanadzor 13

Շնորհակալ ենք մեր հանդիսատեսին՝ պրեմիերան ջերմությամբ ընդունելու, մեզ հետ այս կարևոր պատմությունը կիսելու և անկեղծ արձագանքների համար։

Ձեր խոսքն ու վերաբերմունքը մեզ համար ամենակարևոր արձագանքն են և մեծ ուժ են տալիս շարունակելու ստեղծագործական ճանապարհը։

Այս մասին հայտնում են Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնից։

Bohem Vanadzor 26

Bohem Vanadzor 19

104
Սեպտեմբեր 28, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: