Հենրիկ Իբսենի «Ազգի թշնամին»՝ նոր բեմական ընթերցմամբ

Նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի «Ազգի թշնամին» դրաման գրվել է 1882 թվականին։ Ստեղծագործության կենտրոնում բժիշկ Թոմաս Ստոկմանն է, որը կանգնում է քաղաքի համար կարևոր մի խնդրի առաջ և փորձում է բարձրաձայնել այն՝ բախվելով ոչ միայն իշխանության, այլև հասարակական շահերի և ընդունված պատկերացումների հետ։ Իբսենի դրաման միայն մեկ քաղաքի կամ մեկ մարդու պատմություն չէ։ Հեղինակը ստեղծագործության միջոցով անդրադառնում է անհատի և հասարակության հարաբերություններին, ճշմարտության ու հանրային շահի բախմանը, մեծամասնության կարծիքի ուժին և այն հարցին, թե ինչ կարող է պատահել մարդու հետ, երբ նրա ասածը հակասում է հասարակության համար ընդունելի կամ շահավետ տեսակետին։ «Ազգի թշնամին» Իբսենի այն գործերից է, որտեղ սոցիալական և քաղաքական հակասությունները միահյուսվում են մարդկային հարաբերությունների հետ։ Դրամատուրգը հարցեր է առաջադրում, բայց պատրաստի պատասխաններ չի տալիս՝ հանդիսատեսին թողնելով սեփական վերաբերմունքը ձևավորելու հնարավորությունը։

Այս ստեղծագործությունն այսօր նոր բեմական ընթերցմամբ ներկայացնում են ռեժիսորներ Նարե Նավասարդյանն ու բանաստեղծ Լուսինե Եղյանը։ Բեմադրությունը ստեղծվել է «Laboteathoria» ռեժիսորական ինտենսիվի շրջանակում և առանձնանում է իր կառուցվածքով․ Իբսենի բազմամարդ աշխարհը ներկայացվում է չորս կերպարի և չորս դերասանի միջոցով։ Ռուսերենով ներկայացվող բեմադրությունը կներկայացվի հոկտեմբերի 4-ին՝ Երիտասարդական փորձարարական թատրոնի բեմում։ Ներկայացումը նախատեսված է մեկ ցուցադրությամբ: Ներկայացման առանձնահատկությունների, Իբսենի գործի ընտրության, չորս դերասանով ամբողջական բեմական աշխարհի ստեղծման մասին զրուցել ենք համառեժիսոր Լուսինե Եղյանի հետ։ Փորձել ենք շատ գաղտնիքներ չբացահայտել՝ դրանց բացահայտումը թողնելով ձեզ՝ ներկայացումը դիտելուց հետո։

Vrag naroda

Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց Հենրիկ Իբսենի «Ազգի թշնամին» պիեսը։ Ի՞նչն է այս ստեղծագործության մեջ այսօր ձեզ համար ամենաարդիականը։

Մենք բավական երկար մտածում էինք՝ ինչ ընտրել և ինչից հրաժարվել, որպեսզի մեր աշխատանքը որոշակի առումով կապ ունենա և արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում այսօր Հայաստանում։ Տարբեր թեմաներ քննարկելուց հետո որոշեցինք կանգ առնել դասական հեղինակներից մեկի՝ Հենրիկ Իբսենի պիեսի վրա։ Ընտրեցինք ոչ թե նրա ամենահայտնի գործերից մեկը, այլ մի ստեղծագործություն, որը, մեր ընկալմամբ, շատ արդիական է թե՛ սյուժետային, թե՛ կերպարային առումով։ Ինձ համար տեքստը շատ կարևոր, ֆունկցիոնալ և հիմնարար բան է։ Հետաքրքիր էր նաև հետևել, թե ինչպես է այդ տեքստը նյութականանում բեմում՝ ինչպես է այն վերածվում կենդանի թատերական նյութի։

Ձեր բեմադրությունը Իբսենի բազմամարդ պատմությունը ներկայացնում է չորս կերպարի և չորս դերասանի միջոցով։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ձևաչափը, և ի՞նչ է այն փոխում պիեսի բեմական ընկալման մեջ։

Մեր պատկերացման մեջ սկզբից էլ կար դասական թատրոնի կոնցեպցիան՝ թատրոնն իր ամբողջ ատրիբուտիկայով, սիմվոլներով և ավանդական կառուցվածքով։ Բայց քանի որ մեզ հետաքրքրում էր ժամանակակից դերասանի և ռեժիսորի մեկնաբանության ու փորձի խնդիրը, որոշեցինք աշխատել ընդամենը չորս դերասանի միջոցով։ Չորս կերպարի ընտրությունը չի փոխում սյուժեի գործողությունների ընթացքը։ Այն շարունակում է մնալ նույն իբսենյան գաղափարների և թեմատիկ շրջանակի մեջ։ Մենք չենք փոխում այն հիմնական ասելիքը, որը դրված է Իբսենի ստեղծագործության հիմքում։ Փոխվում են ներկայացման կառուցվածքը և կերպարների բեմական գոյության ձևը։

Ի՞նչն եք պահպանել Իբսենի բնագրից, իսկ ի՞նչն եք փոխել կամ վերաիմաստավորել՝ ձեր բեմական տարբերակը ստեղծելիս։

Չենք փորձում պարզապես վերարտադրել Իբսենի տեքստը։ Մեր աշխատանքի վրա ազդեցություն են ունեցել նաև Իբսենին վերաբերող հոդվածներն ու գրախոսականները, տարբեր մեկնաբանություններ, որոնք մեզ համար դարձել են լրացուցիչ նյութ։ Բայց, միևնույն ժամանակ, բեմադրությունն ունի նաև մեր սեփական տեսակետը՝ մեր քաղաքական, սոցիալական և քաղաքացիական դիտանկյունից։ Այսինքն՝ մենք փորձում ենք ոչ միայն փոխանցել Իբսենի ասելիքը, այլև հասկանալ, թե ինչ է այդ նյութը նշանակում մեզ համար այսօր, ինչ ենք ուզում ասել այդ պիեսի միջոցով և ինչպես է այն արձագանքում մեր ժամանակին։

Չորս դերասանով պետք է ստեղծել մի ամբողջ քաղաք՝ իր հասարակությամբ, իշխանությամբ, մամուլով, ճնշումներով և հակասություններով։ Ինչպե՞ս եք այդ քաղաքը կառուցում բեմում։

Մենք աշխատում ենք հավաքական կերպարների սկզբունքով։ Օրինակ՝ Ստոկմանի ընտանիքի մի քանի անդամների գործառույթները մեր բեմադրության մեջ միավորվում են մեկ կերպարի՝ նրա կնոջ կերպարում։ Եթե պիեսում Ստոկմանն ունի մեկ դուստր՝ Պետրան, և երկու որդի՝ Էյլիֆն ու Մորտենը, որոնք առանձին կերպարներով են ներկայանում, ապա մեր տարբերակում ընտանիքի այդ տարբեր գործառույթները ներկայացված են նրա կնոջ միջոցով։ Տարբեր կերպարների ներկայությունն ու գործառույթը մարմնավորվում են մեկ կերպարի մեջ։ Նույն սկզբունքը գործում է նաև մամուլի և մյուս հասարակական կերպարների դեպքում։ Մենք փորձել ենք պիեսի բազմաթիվ կերպարները ոչ թե պարզապես կրճատել, այլ վերաիմաստավորել և խտացնել՝ ստեղծելով հավաքական կերպարներ։

Ինչպե՞ս ընտրեցիք այս չորս դերասաններին։ Փորձերի ընթացքում եղե՞լ են պահեր, երբ դերասանների աշխատանքը փոխել է ձեր նախնական պատկերացումը որևէ կերպարի կամ տեսարանի մասին։

Դերասաններին, իրականում, բավական հեշտ գտանք։ Նրանք պրոֆեսիոնալ դերասաններ են։ Հայտարարություն էինք տարածել, բաց կանչ էինք կազմակերպել և այդ գործընթացի արդյունքում ընտրեցինք դերասաններին։ Նրանք շատ աշխատասեր են և շատ լուրջ են մոտենում նախագծին։ Մեր աշխատանքում կարևոր է նաև այն, որ մենք մեզ չենք դիտարկում դասական «ռեժիսոր-դերասան» հարաբերության շրջանակում։ Մենք ավելի շատ խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք միասին հասկանալ նյութը և հետևում ենք դերասանների բոլոր փորձարարական փոփոխություններին։ Իհարկե, կան որոշակի կետեր, որոնք մեզ համար սկզբունքային են և պետք է պահպանվեն։ Բայց դրանցից դուրս մենք դերասաններին բավական մեծ ազատություն ենք տալիս։ Մնացածը հենց փորձարկման, էքսպերիմենտի և համատեղ որոնման գործընթաց է։

Ներկայացման մեջ քաղաքի վրա տարածվող գոլորշին առանձնահատուկ բեմական պատկեր է։ Ի՞նչ է այն նշանակում ձեր բեմադրության մեջ, և ինչպե՞ս է այդ գաղափարը վերածվում տեսանելի թատերական լեզվի։

Այս հարցի պատասխանը կուզեմ, որ տեսնեք ներկայացման ընթացքում։

Իբսենի պիեսում ճշմարտության և հասարակական շահի միջև առաջացող հակասությունը աստիճանաբար սրվում է։ Ձեր բեմադրության մեջ ո՞ր պահին է ճշմարտությունը դառնում վտանգավոր։

Իրականում այստեղ խնդիրը միայն ճշմարտությունը չէ։ Խնդիրը նաև սովորական գիտնականի՝ միջին խավի ներկայացուցիչ մարդու հարաբերությունն է հասարակության հետ և այն, թե ինչպես են հասարակության վերաբերմունքն ու տրամադրությունները անընդհատ փոխվում։ Սկզբում մարդիկ քեզ հետ են, հետո այլևս քեզ հետ չեն։ Սկզբում աջակցում են, հետո սկսում են քննադատել, դատապարտել, իսկ վերջում հասնում են նրան, որ քո տան պատուհաններն են կոտրում։ Այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է դա անում։ Իշխանությո՞ւնը, հասարակությո՞ւնը, թե՞ հասարակության այն հատվածը, որը չունի բավարար գիտակցություն, ենթարկվում է ընդհանուր տրամադրություններին և հեշտությամբ ուղղորդվում է։

«Ազգի թշնամի»․ ո՞վ է այդ «թշնամին» ձեր բեմադրության մեջ։ Եվ ինչպե՞ս է մարդը հայտնվում այդ պիտակի տակ։

Դոկտոր Ստոկմանը, իհարկե, ազգի թշնամի չէ։ Նա, ընդհակառակը, հայրենասեր մարդ է, և դա պիեսում բավական հստակ է ներկայացված։ Իհարկե, կարելի է ասել, որ նրա գործողություններում կամ բարձրաձայնած գաղափարներում հասարակության որոշ հատվածներ կարող են տեսնել ինչ-որ «թշնամական» բան։ Բայց իրականում թշնամականը այստեղ ոչ թե Ստոկմանն է, այլ թշնամական է տգիտությունը, ճշմարտությունը չընդունելը և դրա փոխարեն սոցիալական ու քաղաքական այլ շահեր առաջ մղելու մեխանիզմը։ Այս իմաստով հարցը հենց այն է, թե ինչպե՞ս է մարդը, որը փորձում է պաշտպանել իր քաղաքի և հասարակության շահը, ի վերջո ներկայացվում որպես «ազգի թշնամի»։ Ստոկմանը ազգի թշնամի չէ։ Նա պարզապես այն մարդն է, որը չի համաձայնում լռել այն պահին, երբ իր համար ակնհայտ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի։

Եթե հանդիսատեսը առաջին անգամ մտնի դահլիճ և ոչինչ չիմանա ձեր բեմադրության մասին, ի՞նչ եք ուզում, որ նա տեսնի, զգա կամ իր համար բացահայտի։

Այս գործը, առաջին հերթին, հանդիսատեսի հայացքն իրականությանը ուղղելու փորձ է։ Դա է մեր հիմնական ասելիքը։ Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը ոչ միայն հետևի պատմությանը, այլև փորձի այն կապել իր իրականության հետ: Աշխատանքը զուգահեռում ենք նաև մեր իրականության և այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում ու ձևավորվում ենք։ Խոսքը նաև այն ակադեմիական միջավայրի մասին է, որը մենք տեսնում ենք, լսում ենք և որի մասն ենք մենք ինքներս։ Այն դժվարությունները, որոնց բախվում ենք այդ միջավայրում, շատ մոտ են պիեսում բարձրացվող խնդիրներին։ Երբեմն թվում է, թե այդ համակարգի ներսում մենք բոլորս աստիճանաբար խեղդվում ենք։ Հենց այդ զուգահեռն է մեզ համար կարևոր․ Իբսենի ստեղծագործությունը մենք չենք դիտարկում որպես հեռավոր պատմական նյութ, այլ փորձում ենք այն կարդալ մեր ներկա իրականության միջով։

Ներկայացումը ցուցադրվելու է միայն մեկ անգամ՝ հոկտեմբերի 4-ին։ Այս հանգամանքը պարզապես պայմանների հետևա՞նք է, թե՞ դրա մեջ նաև գեղարվեստական նշանակություն եք տեսնում։

Նախ՝ որովհետև սա մեր ավարտական աշխատանքն է, և երկրորդ՝ որովհետև այն փորձարարական թատրոնի շրջանակում է։ Մենք դեռ ինքներս էլ ամբողջությամբ չգիտենք, թե այս փորձը դեպի ուր կարող է տանել։ Այս ընթացքում, սակայն, բավական մեծ քանակությամբ նյութ և փորձ ենք կուտակել։ Հիմա արդեն մտածում ենք՝ եթե այս ամբողջ նյութն ու փորձը մեզ մոտ կա, ապա ի՞նչ պետք է անել դրա հետ։ Այս պահին մեր պայմանավորվածությունն այն է, որ ներկայացումը լինելու է մեկ անգամ, և դրանով ավարտվելու է այս նախագիծը։ Բայց ինձ համար հետաքրքիր է նաև այն հարցը, թե այդ մեկ ներկայացումից հետո ի՞նչ կարող է մնալ՝ որպես փորձ, որպես նյութ և որպես հետագա աշխատանքի հնարավորություն։

Ի՞նչ հարց եք ուզում, որ հանդիսատեսը ներկայացումից հետո իր հետ տանի:

Մեզ համար կարևոր է, որ հանդիսատեսը ներկայացումը չընկալի միայն որպես Իբսենի պատմություն։ Մենք ուզում ենք, որ նա այն կապի իր իրականության հետ և փորձի նայել այն միջավայրին, որի մեջ ինքն ապրում է։ Սա նաև հանդիսատեսին ուղիղ նայելու հայացք է: Մեր նախագիծը նաև ամբողջությամբ անկախ է։ Այն որևէ ֆինանսավորում չունի և չի իրականացվում որևէ ինստիտուցիոնալ կամ ֆինանսական կառույցի աջակցությամբ։ Այդ անկախությունն էլ մեր հայեցակարգի կարևոր մասն է․ նախագիծը ստեղծվում է մեր սեփական գաղափարներից, ռեժիսորական որոշումներից և այն հարցերից, որոնք մենք՝ որպես ժամանակակից քաղաքացիներ, ցանկանում ենք բարձրաձայնել բեմի միջոցով։ Ի վերջո, մեզ համար կարևորն այն է, թե ինչպիսի երկխոսություն կարող է առաջանալ բեմի և հանդիսատեսի միջև։

Շնորհակալ եմ զրույցի համար:

Զրուցեց Ալմաստ Մուրադյանը

175
Սեպտեմբեր 30, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: