Հովհաննես Գրիգորյան․ Երբեք չմեռնես

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԲԵՔ  ՉՄԵՌՆԵՍ -     
ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ
Բանաստեղծություններ
Խմբագիր` Հասմիկ Խեչիկյան
ՀԳՄ  հրատարակչություն
Երևան 2010

Բանաստեղծություններ ԿՈՊԻՏ  ԽՈՍՔԵՐԻ  ԺԱՄԱՆԱԿԸ շարքից
 

  
 

ՆՈՐ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 

 

Ուղիղ մի կոշիկի չափ երկիր` ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի, այն էլ 29,8  համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
                               մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:

 

 

ԿԻՐԱԿԻ 

 

Ու թեև կիրակի է, բայց ինձ դժվար թե հաջողվի երկար
մնալ անկողնում, որովհետև ուղիղ ութն անց երեսունին
ճնճղուկները կտցահարում են պատուհանիս ապակին,
հասկացնելով, որ իրենց ամենևին չի հետաքրքրում
աշխատանքային օր է, թե՞ հանգստյան –
ժամանակն է և պետք է հացի փշրանքներ լցնել
 պատուհանի գոգին ամեն Աստծու օրվա պես… 
Ճիշտ ժամը իննին ինձ ոտի է հանում շենքերում
 շրջայց կատարող պառավ մուրացկանը`
 դուռս զգուշորեն թակելով.
 -  Որդյակս, դուք ուզո՞ւմ եք հայտնվել դժոխքում
 և ողջ-ողջ այրվել կպրե կարասներից որևէ մեկում,
 առանց ներման իրավունքի,- հարգալիր տոնով
հարցնում է նա, վստահ, որ ես ուշի-ուշով
                                    լսում եմ նրան դռան ետևից:
Ես կիսաբաց եմ անում դուռը և թղթադրամը 
խոթելով պառավի պատրաստակամ գրպանը,
արագորեն վերադառնում եմ անկողին և փակում եմ
աչքերս, թեթևացած, որ այս անգամ էլ խուսափեցի
կպրե կարասում ողջ-ողջ այրվելու հեռանկարից…Ժամը տասն անց երեսունին դռանս առաջ են հայտնվում
 ճշտապահ եհովայականները` գրքերով ծանրաբեռնված.
 - Եղբայր, մի՞թե դու չես ուզում առնչվել մեր Աստծո
 ճշմարիտ խոսքին,- քաղցրաձայն դայլայլում է անհայտ
 տարիքի մի տղամարդ, պատրաստվելով ներս սողոսկել
 կիսաբաց դռանս արանքից, բայց ես արագորեն խլում եմ
 գիրքը նրա ձեռքից, փակում եմ դուռը, հայտնելով, որ
 գերադասում եմ Աստծո խոսքին առնչվել մենության մեջ,
 վերմակով ամուր փաթաթված: 
Ժամը տասնմեկն անց երեսունին ինձ զանգում է ՀԳՄ
նախագահը, հայտնելով, որ վերջապես վախճանվել է
 վաստակաշատ այսինչ-այնինչյանը և վերջին շնչում 
պահանջել է, որ Հովհ. Գրիգորյանը անպայման
ներկա լինի թաղմանը` սև կոստյումով, վշտահար դեմքով
և ճոխ ծաղկեպսակով, հակառակ դեպքում կշարունակի
ապրել ևս մի քանի տարի, անընդհատ փող կուզի
 թաղման ծախսերի համար, Ծաղկաձորի ուղեգիր
 և հաստափոր գրքեր պետպատվերով իրար ետևից
 տպելու իրավունք…
Ժամը տասներկուսին առանց դուռը թակելու ներս է 
խուժում թաղի լիազորը, որ շենքի բոլոր 
բնակիչներից հազարական դրամ է հավաքում` 
Մոզամբիկում ծառատունկ անցկացնելու համար, 
ևս հազար դրամ, որովհետև հեռավոր բարեկամն է 
եկել Գլենդելից, պե՞տք է մի բան դնել սեղանին թե՞ ոչ…  
Տասներկուսն անց երեսունին բջջայինիս վրա մեսիջ է 
ուղարկում Իսրայելի պրեզիդենտը, սպառնալով, 
որ եթե չվերադառնամ հին ուղղագրությանը, ապա, 
նորից կհարձակվի Լիբանանի, և եթե եղանակները 
չփչանան, էլի մի քանի այլ երկրների վրա, 
որոնց անուններն այս պահին դժվարանում է հիշել; -
Երևի ինչ-որ մեկը կատակ է անում ինձ հետ, 
մտածեցի ես, վերմակը քաշելով գլխիս:
Սակայն տագնապս գնալով խորանում էր, 
որովհետև մեկ առ մեկ վերհիշելով հեռու և մոտիկ 
ծանոթներիս, ես այդպես էլ չկարողացա հավանական 
համարել որևէ մեկի թեկնածությունը, որն ի վիճակի լիներ 
կատակ անել, թեկուզ և անհաջող…  
Կես ժամ անց դուռս թակում է մածնավաճառը 
զգուշացնելով, որ եթե այս անգամ էլ 
չվերադարձնեմ նախորդ օրերին նրանից գնած 
մածունի դատարկ բանկաները, ջարդուխուրդ կանի 
պատուհաններիս բոլոր ապակիները և կծակծկի 
անվադողերը ավտոմեքենայիս:
Հետո սկսվում է կուսակցականների հանդիսավոր 
շքերթը` հոգեցունց երաժշտության ուղեկցությամբ - 
նրանք հերթով գրկում ու սեղմում են ինձ իրենց 
լայնահուն կրծքին, համոզված, որ ես իմ ձայնը 
տալու եմ նրանց, և ես երդվում եմ բոլոր 
կուսակցական և անկուսակցական սրբություններով, 
որ իմ ձայնն անպայման տալու եմ նրանց - անվերադարձ, 
որովհետև իմ ինչի՞ն է պետք ձայնը, 
և որ վերջնականապես որոշել եմ կյանքիս մնացած 
մի քանի հարյուրամյակն անցկացնել առանց ձայնի, 
առանց ծպտուն հանելու, մի խոսքով սուս & փուս… 
Հետո գալիս է կիրակի օրվա ամենահրաշալի պահը 
ես մաքուր սափրվում եմ, հագնում եմ տոնական 
կոստյումս և օղակն անցկացնելով վիզս, հրում եմ 
աթոռը ոտքերիս տակից և սկսում եմ խաղաղ ճոճվել 
առաստաղի կեռիկին ամրացված պարանից, մինչև որ 
կինս վերադառնում է խանութից, զգուշորեն իջեցնում է 
ինձ, հարմար նստեցնում է աթոռին ու միասին 
անշտապ վայելում ենք 
մեր հրաշալի իրիկնային սուրճը, 
նայելով, թե ինչպես է մութը խտանում 
պատուհանից այն կողմ: 

 

 

ՎԱԶՔ` ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻ  ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՈՎ 

 

Հաճելի քիչ բան կա հիշողությունների մեջ: 
Նրանք սովորաբար տանջում են մարդուն:
Եվ իսկապես, անցյալի պատկերներից առավել վառ ու կենդանի են մնում հենց նրանք,
որոնց մեջ դու հմտորեն սողում ես աղբ ու կեղտի մեջ
մի պատառ հացի համար…
…Եվ կյանքը, որ նման է վազքի
աստվածաշնչյան պատվիրանների հաղթահարումով,
և քո ամեն մի ցատկը հերթական
խոչընդոտ-պատվիրանի վրայով
պիտի նույն վազքով հետապնդի քեզ,
մինչև քո վերջին ցատկը
այն փոսի մեջ,
ուր ավարտվում է սովորաբար
քո տառապանքների ուղին,
և հիշողություններից բզկտված
հանդարտվելու ես վերջնականապես –
մի պատառ հացը ատամներիդ մեջ ամուր սեղմած: 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ  

 

Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է - չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ… 

 

 

ՄԱՐԴԿԱՆՑ  ՄԱՍԻՆ 

 

Ժողովրդների բարեկամության մասին ամենաշատը
սկսում են խոսել պատերազմների նախօրեին և կամ
ազգամիջյան կոտորածների կարճատև ընդմիջումներին,
երբ երկուստեք հոգնում են սուր ճոճելուց
ու միմյանց թրատելուց,
ու ևս մի քիչ` կխեղդվեն արյան ծովերի մեջ,
ահա թե ինչու
փորձում են ժամանակ շահել դիակները թաղելու, 
արդյունաբերությունը զարգացնելու համար…
Բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն`
կրթությունը կատարելագործելու նպատակով:
Նոր դպրոցներ կկառուցվեն` մեծ պատուհաններով
և հարմարավետ նստարաններով,
նոր եկեղեցիներ` ավերվածների տեղում:
Նոբելյան և զանազան այլ մրցանակներ կշնորհվեն
գրողներին` արդարություն, գութ ու կարեկցանք,
խաղաղություն գովերգելու համար:
Բայց ամենաշատը
կշահեն երաժիշտներն ու երգիչները,
ամենուրեք` փակ ու հատկապես բաց դահլիճներում
կհնչեն երգ ու երաժշտություն,
հնարավորին չափ բարձր և ուժգին`
խլացնելու աստիճան… Որպեսզի այդ համընդհանուր
աղմուկ-աղաղակի մեջ չլսվի
վիթխարի գործարաններում
արտադրվող  նոր զենք ու զրահի թխկոց-չխկոցը…  
 

P.S. Չմոռանամ նշել ամենավտանգավոր պահը.  
դա այն ժամանակն է, 
երբ տագնապալի խոսակցություն կծավալվի 
ծխելու վտանգավորության մասին, այն մարդկանց
առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց
պատրաստվում են գլխովին կոտորել
ընդամենը մի քանի օր հետո: 

 

 

ՄԻ  ՕՐ 

 

Ծանր է գրպանահատների, մանր ու մեծ ավազակների
և զանազան այլ ստահակների կյանքը շուկ. հարաբերություններ    
թևակոխած  երկրներում.
ունևորները շրջում են ավտոներով ու թիկնապահներով
և հնարավոր չէ
մոտենալ նրանց գրպաններին,
նրանց տները մտնելն էլ խիստ վտանգավոր է,
զինված թիկնազորն է հսկում ամենուրեք:
Իսկ մյուսների և գրպաններն են դատարկ, և տները…
Միակ ելքը ցույցերին ու միտինգներին մասնակցելն է,
որոնք բարեբախտաբար շատացել են վերջին շրջանում
և որոնք սովորաբար ավարտվում են
                          խանութների ու կրպակների ավերումով:
Այստեղ էլ վտանգավորն այն է, որ պիտի
քար առողջություն ունենաս`
ժամերով անձրևի ու ձյան տակ, ցրտին ու տապին տնկվելու,
բոլորի հետ «Կորչիˉ» և «Կեցցեˉ» ամբողջ
կոկորդով գոռալու համար:
Բայց էլ սարսափելին ճառերն են, որոնք պարտավոր ես լսել,
որոնք տևում են ժամեր, որոնք տևում են անվերջ,
և հուսահատությունից, դառնությունից ու տաղտուկից
մի օր սիրտդ կարող է մարել, մի օր սիրտդ կարող է պայթել,
մի օր կարող է մինչև հոգուդ խորքը զզված թքես ու հեռանաս
ավերից ու թալանից և հատկապես
                                                           պայքարից քաղաքական: 

 

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ 

 

Աստղեր չկան այս կղզու երկնքում, թեև, միգուցե կան,
սակայն ծանր մտքերի տակ կքած մարդիկ
գետնից չեն կտրում հայացքը` ինչ-որ բան գտնելու հույսով-
երկնքում ոչինչ չգտան իրենց հետաքրքրող…
Չկան նաև թռչուններ, թեև, միգուցե կան, որովհետև երբեմն
փետուրներ են թափվում վերևից և էլի ուրիշ բաներ,
օրինակ ծերտ ու անպարկեշտ հայհոյանքներ, որոնք
առատորեն հղում են երկինք համբարձվող հանգուցյալները`
հողի վրա առտնին գործերով դեսուդեն վազվզող
                                                        իրենց հարազատներին:
 Հատուկենտ ինքնաթիռներ են անցնում` թևերն
անշտապ թափահարելով և սուզանավեր, որոնք
օդում են լողում ջրի բացակայության պատճառով:
Թեև, միգուցե կան ուրիշ պատճառներ, ասենք,
հավերժական հաշտությունը գայլադեմ ոչխարների
և ոչխարադեմ գայլերի,
երբ այլևս ոչինչ չկա իրարից թաքցնելու,
որովհետև այլևս
ոչինչ չկա…

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՃԳՆԱԺԱՄ 

 

Սկիզբը երեկոյան ժամը 4-ին, 
կրկնությունն ամեն երկուշաբթի
     Ինչպիսիˉ խայտառակություն – մինչ ամբողջ
քաղաքակիրթ աշխարհում միլիարդա և
միլիոնատերերն են ինքնասպանություն գործում,
մեզ մոտ դեռ թշվառներն ու ընչազուրկներն են       
շարունակում իրենց նետել Կիևյան
և զանազան այլ կամուրջներից ներքև… Տպավորությունը
փոքր ինչ մեղմելու համար ստիպված մեկ-երկու
ունևորի սպանեցին, որոնց ոչ մի կերպ հնարավոր
չեղավ համոզել, որ գոնե
ձևական փորձ անեն վերջ տալու իրենց անհամ կյանքին: 
   «Հաշվապահների դարաշրջան» -
գալիք սերունդները պատմության  դասագրքերում 
անկասկած այսպես կանվանակոչեն այն
ժամանակատարածքը,
որն ես ապրում եմ հիմա: Չէի ասի, թե այն
լավագույնն է արդեն եղածների մեջ,
բայց երևի ամենաարտառոցն է
ինքնասպանությունների աննախադեպ առատությամբ:
   Արդեն վաղուց լռել են մեծ հողատարածքների,
գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների համար
մղվող արդար ու անարդար ճակատամարտերի
աղմուկ-աղաղակները, մեռնողների ճիչ ու կանչերը…
Հիմա այդ ամենը,
ներառյալ լեռներն ու անտառները,
հաշվեկշռված են ու համարակալված և պահվում են
բանկերի պողպատակուռ սեյֆերում`
                                            խիստ հսկողության տակ:
Սակայն ինքնասպանությունների թիվը
զարմանալիորեն շարունակում է աճել:
   Հաշվապահներն ամեն աշխատանքային օրվա ավարտի
ճշգրիտ հաշվետվություն են ներկայացնում, թե քանի ձուկ է
մնացել ջրերում, քանի թռչուն` երկնքում, քանի վագր,
կապիկ, առյուծ ու փիղ` անտառներում… Բոլորը
համարակալված են, բացի ճանճերից ու մոծակներից,
որոնք դատապարտված են վերացման:
   Երբեք նկարներն այսքան թանկ չեն եղել
և նկարիչներն` այսքան էժան: Երբեք սերն այսքան
առատ չի եղել և սիրահարներն այսքան սակավ:
Եվ երբեք աշունն այսքան շռայլ չի եղել
և հաջորդող ձմեռը` այսքան դաժան:
Եվ երբեք ես ու դու այսքան երջանիկ չենք եղել,
թեև դուրս ենք մնացել համարակալվածների թվից:
Որովհետև
                           դատապարտված ենք վերացման…
    Հանգցնենք լույսերն ու նստենք ով որտեղ պատահի:
                                                          Կարգն է այդպիսին`
               մեկ րոպե լռենք հեռանալուց առաջ:
Պատրաստ` լռելու մի ամբողջ հավերժություն:

 

  • Hits: 148005

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: