Պատմվածք՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում

    Մագնիտոֆոնը վաղուց արդեն դուրս էր եկել մոդայից, բայց եղածը դա էր, իսկ եղածով չբավարավելու իմաստ չկար: Նորմալ կասետ անհնար էր գտնել տասնյակ տուփերի մեջ: Մի սև կասետ գտավ, մինչ այդ երբեք չէր դրել, տեսքից կարելի էր հասկանալ, որ անիմաստ բան պիտի լինի, բայց ընտրություն արդեն չէր մնացել և ստիպված բացեց A նվագարկիչը հարմարեցրեց կասետը, փակեց այն ու սեղմեց Play կոճակը: Թերևս հին մագնիտոֆոնի ամենալավ բանը կոճակներն էին, ավելի շուտ` դրանց հանած ձայնը: Թվում էր` շատ լուրջ գործ ես անում սեղմելով դրանք, 70-ականների ֆանտաստիկ ֆիլմերում ապագան ներկայացված էր այդպես, ինչ-որ կոճակներ ես սեղմում ու թռչում նոր աշխարհներ: Երկար տզզոցից հետո ահավոր խշշոց սկսեց, և արդեն հանելու էր կասետը երբ սկսեց ինչ-որ ձայն գալ: Խոսակցության նման մի բան էր, ավելի շուտ մենախոսություն, որը վաղեմությունից դարձել էր բազմաձայն կամ վատ ձայնագրությունից հիմար թրթռոցներ ուներ: Առաջին նորմալ բառը, որ լսեց, հայհոյանք էր, երկրորդն էլ, երրորդն էլ, հետո ձայնը ավելի պարզվեց ու կարելի էր հեռավոր պատկերացում կազմել նյութի մասին: Կնոջ ձայն էր, տարեց կնոջ ու օղու մեծ քանակությունը զգացվում էր նաև ձայնից: Ինչ-որ ծանոթ ձայն էր, բայց չէր լսել, ուղղակի մեկին նմանացնում էր: Ինչ-որ անեծքի նման բան էր, հայհոյանքներով լցված, զառանցանք մի խոսքով, բայց ձայնը շատ ազդեցիկ էր, միանգամից կարելի էր հասկանալ, որ մարդը կամ հոգեկան շեղում ունի, կամ ահավոր ցավերի մեջ է: Արագ հանեց կասետը, դրեց տեղը ու վազեց իր սենյակը: Տանը մարդ չկար, և դեռ մի քանի ժամ էլ նրան ոչ-ոք չէր անհանգստացնելու: 10 տարեկան տղա` ստամոքսի շրջանում ահավոր ցավերով, տանը մենակ նստած: Տնեցինը բոլորը գնացել են թաղում, ինքը չի գնացել, որ մենակ մնա, ինքը չի գնացել, որովհետեև մի բան զգում էր, թե ինչ, չգիտեր և ընդհանրապես, բացի ցավից ու սրտխառնոցից վերջերս ոչինչ չէր զգում և այս նոր զգացումը ստիպեց, որ ուշադրությունը կենտրոնանա իր վրա և մոռացվի ցավն ու սրտխառնոցը: Մենակ մնացած ժամանակ ուղղակի փորձում էր սպանել իր մեջ ցանկությունը կասետը նորից լսելու: Վառեց լույսը, չնայած ցերեկ էր, ու սկսեց նայել պատին: Այդ հսկա պատը՝ բազմաթիվ ճեղքերով ու հին ոճի ներկված, միշտ գրավել էր նրան: Ամեն անգամ նայելուց կարելի էր նոր բան տեսնել պատի վրա: Նա միշտ ինչ-որ պատկերներ էր առանձնացնում իր համար ու սկսում խաղալ: Այս տանը կարծես չէին անցել 90-ականները: Շատ կարևոր բաներ էին եղել 90-ականներին, որ անցնեին-գնային:
    Դռան կողմից ձայներ լսվեցին, զգույշ քայլեց ու բացեց այն, տնեցիներն էին, ամբողջ կազմով, կանայք՝ մի քիչ լացած, տղամարդիկ՝ մի քիչ տխուր: Ձայնագրության մասին որոշեց հարցնել տատին, որը թերևս համ լավ տեղեկացված կլինի, համ էլ հավես կունենա խոսել իր հետ:
    - Տատ, էն սև կասետի մեջ ինչ-որ ձայնագրություն կա, մի հատ կնիկա գոռում, էդ ի՞նչ ա,- իր վճռականությունից զարմացած հարցրեց տղան: Երևի ստամոքսի ցավը շատ ուժեղ էր, ու նա ենթագիտակցորեն հասկանում էր, որ կարող է չհասցնել իմանալ այդ գաղտնիքը:
    - Ի՞նչ սև կասետ,- ակնհայտորեն զարմացավ տատը: Նա թերևս այնքան էլ չէր շտապում, երևի արդեն սովորել էր ցավերին ու հասկացել էր, որ ինքը շատ ժամանակ ունի:
    - Ինչ-որ կնիկ ա, քֆուրներա տալիս տատ:
    - Հա, պապիդ մերն ա, էդ որտեղի՞ց ես գտել:
    - Դե դրած էր էն տուփի մեջ, ինչի՞ ա տենց կատաղած բա:
    - Դե վերջին օրերն ա, բալես, վերջում ամբողջ օրը ցավից զառանցում էր, չգիտեմ՝ ոնց էր ձայնագրվել, ես գիտեի՝ գցել ենք:
    Տատը ակնհայտորեն ցույց տվեց, որ խոսակցությունը ավարտված է և քայլեց դեպի խոհանոց: Տղան գնաց իր սենյակը, նորից նայեց պատերին, այս անգամ նա տեսավ մեխ, սև ագռավ աջ պատի ամենաներքևի աջ անկյունում, երկար նայեց ու տակը փորագրեց մի բան: Այդպիսի սովորություն ուներ, ինչ պատկեր տեսնում էր, գրում էր վրան, որ հետո ուրիշ տեղ նորերը ման գա: Եղունգի տակ գաջ լցվեց ու ցավեցրեց մատը: Հետ-հետ գնաց, նորից նայեց պատին ու սկսեց կարդալ այնպես, կարծես ինքը չի գրել.
    - Անեծք . . .
 
Wild child full of grace 
Savior of the human race 
Your cool face 
Natural child, terrible child 
Not your mother's or your father's child 
Your our child, screamin' wild 
An ancient lunatic reigns 
In the trees of the night
 
    Համակարգչից գոռում է երկար մազերով ու միամիտ աչքերով մեկը: Տղան նստած է նոր դարի գլխին արդեն համակարգչով, արդեն 19 տարեկան, ու հանկարծ այս երգը նրան հիշեցնում է 9 տարի առաջ եղած դեպքը: Նա արագ անջատում է ու տնից համարյա փախչում: Դեռ մուտքից դուրս չեկած, դեռ առաջին հարկ չհասած՝ վառում է տուփի վերջին և այսօրվա առաջին սիգարետը: Քայլերը բավականին արագ են ստացվում, որովհետև ստամոքսը նորից ցավում է ու որովհետև դեռ չի համակերպվել այդ ցավի հետ ու դեռ հավատում է իր մոտալուտ մահվանը, ինչպես տատիկներն են հավատում հեռուստացույցից դուրս եկած ամեն բառին: Երգը ուղեղի մեջ խառնվել է պապի մոր հայհոյանքներին ու ահավոր գոռում է ականջներում: Հիմա ամենակարևորը ծանոթ մարդ չտեսնելն է, սիգարետի փող հայթայթել ու դրանից բխոխ հետևանքը` մտածելը:
    Նա հայտնվում է այգում:
    Տղա աղջկա հետ, երեխա հոր հետ, երեխա մոր հետ, երեխա տատի հետ: Շարունակում է քայլել: Միակ մարդը, որ հիմա մտքով անցնում է, հորեղբայրն է, չգիտես ինչու նրան թվում է, որ հորեղբայրը պիտի իմանա ամեն ինչ, պիտի իմանա անեծքի մասին: Պիտի որ, որովհետև ամենաանիծվածը ինքն է: Հիմա ավելի քան երբեք ուզում է խոսել հորեղբոր հետ, բայց նա հոգեբուժարանում է և բացի այդ էլ ի՞նչ պետք է ասի: Հիմա նա պատկերացնում է այն պահը, երբ հորեղբորը ծեծում է այն սպան, որի պատճառով էլ նա հիմա հոգեբուժարանում է: Տեսնես ի՞նչ է ասել նրան խփելուց առաջ, միգուցե հիշեցրել է իր տատի ու այդ անեծքի մասին, վերջիվերջո մենք բոլորս գործիք ենք ինչ-որ խոսքերի, որոնք ասվել են ու ազդեցիկ են եղել: Այդ սպան էլ երևի գործիք էր, այն օղին էլ, որ սպանեց պապին, այդ մարդն էլ, որ առաջին անգամ թմրանյութ տվեց հորը, այն խոցը, որ հայտնվեց իր ստամոքսում: Դրանք ընդամենը այս անեծքի գործիքներն են: Այնքան քայլեց, մինչև հայտնվեց մեծ անդունդի եզրին, վերջին պահին հասկացավ ու մի կերպ ուղեղը հասցրեց ազդանշան տալ ոտքերին, որ դրանք մի պահ կանգնեն: Քայլեց հետ ու 
նստեց ծառի տակ:
    Մի պահ կենտրոնացավ ականջում լսվող հեռավոր ձայների վրա: Երգը ավարտվել էր ու միայն կարելի էր լսել մաքուր անեծքը: Ավելի մաքուր, քան կար ձայնագրության մեջ, ուղեղում այն մաքրվել էր ու դարձել մաքուր նյութ: Ի վերջո, եթե ճիշտ է կռահել անեծքի մասին, ուրեմն ինքն էլ նրա գործիքն է, ու այս բոլոր մտքերը տանում են փակուղի, իսկ եթե նա միակն է, ով կռահել է անեծքի մասին ու հիմա ինչ-որ ձև կարող է պայքարել: Մի քանի րոպե հանգիստ նստելուց հետո քթի տակ սկսեց հայհոյել, անիծել ամեն ինչ, ստամոքսի ցավը ուժեղանում էր ամեն նոր հայհոյանքից հետո, ձայնն էլ, քանի գնում, բարձրանում էր ցավին զուգահեռ: ընդամենը մի քանի վայրկյան հետո նա ուղղակի գոռում էր: Բոլորը նայում էին նրա վրա այնպես, ինչպես նայում են առյուծին, որին վարժեցրել էին, բայց հանկարծ կրկեսի ներկայացման ժամանակ առյուծը հիշել էր իր վայրիությունը ու հարձակվում էր մարդկանց վրա: Հիշել էր, թե ուղղակի բնազդն էր արթնացել, այդ պահին ականջի մեջ լսվեց երգի վերջին տողերը. 
Do you remember when we were in Africa? 
 
    Հեռվում խուլ ձայներ էին լսվում, նա չէր արձագանքում ու բարձր գոռում էր երգի բառերը, հանկարծ դեմքով ընկավ խոտի վրա ու հարվածներ տեղացին ամբողջ մարմնով:
    - Չես ջոկում, որ պիտի կամաց խոսաս, այ լակոտ:
Փորձեց դեմքը պտտել, բայց անկարող էր, ահավոր ցավում էր ամեն ինչ: Ոտնաձայները հեռանում էին կամաց-կամաց, ու առաջին բանը, որ զգաց, անկարողությւնն էր: Անեծքը շատ ուժեղ էր, անեծքը նրա մեջ էր, անեծքը ամենուր էր, և նա, կռահելով նրա գոյության մասին, ոչ թե ազատվել էր նրանից, այլ ավելի խրվել ճահճի մեջ: Մի քանի րոպե պառկած մնալուց հետո մի կերպ շրջվեց ու ոտքի կանգնելուն պես սկսեց վազել: Մտավ տուն ու միանգամից զուգարանի դուռը քաշեց դեպի իր կողմ, այն համարյա պոկվեց, ինքը հայտնվեց ներսում ու
նայեց հայելու մեջ հայտնված իր արյունլվա դեմքին:
    Սկսեց խոսել շատ դանդաղ, կշռադատված, ասես ինչ-որ մեկին դաս էր պատմում.
    - Զզվում եմ փոքրիկ գեղեցիկ քթիցս, զզվում եմ աչքերիցս, ընդհանուր դեմքիցս, մաշկիս գույնից, բոյիցս: Չնայած ամենաշատը ժպիտիցս եմ զզվում: Զզվում եմ բոլորից, ովքեր ինձ սովորեցնում են, թե ինչպես ապրեմ, զզվում եմ նաև նրանցից, ովքեր անտարբեր են իմ հանդեպ, զզվում եմ մեր տան նոր ներկած պատերից, որոնց վրա ոչ մի փորագրություն չեմ կարող անել, զզվում եմ համակարգիչիցս, կապույտ ականջակալիցս, որի մի կողմը անպայման պիտի չաշխատի: Տանել չեմ կարողանում բոլոր նրանց ում ճանաչում եմ, բայց ավելի շատ ատում եմ անծանոթներից, զզվում եմ տաքսիստներից, մուրացկաններից, նախարարներից, հեռուստացույցում անիմաստ ու անբնական երկար ժպտացող հիմար հաղորդավարներից, զզվում եմ այս քաղաքից, երկրից, մոլորակից, գալակտիկայից, տիեզերքից: Այո, համարյա մոռանալու էի՝ ատում եմ կարդալը, հիմար զբաղմունք, ինտելեկտուալ երևալու, քո մեջ փակվելու ձգտում, կյանքից զզված մարդկանց զբաղմունք: Ատում եմ փողը, ատում եմ էդ ցանկությունը, որ արթնանում ա մեջս փողի հետ կապված: Բայց ամենաշատը հաստատ զզվում եմ ինձնից, զզվում եմ, որ երբեք չեմ կարող էլ չշնչել ու մեռնել, զզվում եմ էս կյանքից էսքան կախված լինելուցս, ստամոքսիս խոցից, գծավոր մայկիցս, որ մամաս անընդհատ ստիպում ա հագնեմ: Ի՞նչ են ուզում ինձնից էս բոլորը, ես ծնվել եմ էս ամեն ինչի մեջ ու ստիպված եմ ստեղ էլ մեռնել, ոչ մի ազատություն, մեծ անեծք, որի մեջ կանք բոլորս: Հիմա հասկանում եմ էդ զառամյալ տատին, որը ոչ մեկին չէր խնայում: Էսքան զզվանք ո՞նց կարա լինի մի մարդու մեջ, ո՞նց ես չեմ պայթում ու վարակ տարածում ամբողջ աշխարհով,- մի քանի վայրկյան հիմարի պես նայում է հայելուն՝ կարծես ճշտելով հայելու միջինը ինքն է թե ոչ, ու հետո գլխով ինչքան ուժ ունի հարվածում է հայելուն:
Աչքերը բացելուն պես միակ բանը, որ տեսնում է, սպիտակն է: Սպիտակ խալաթով ինչ-որ մեկը, որի ձեռքին ասեղ կա ու որը նայում է դեմքին, կարծես իր գլուխգործոցին նայի: Սպիտակն իրոք չափազանց շատ է այստեղ, կողքը հանկարծ մի սև բան է տեսնում, աչքերը մի կերպ կկոցելով՝ տեսնում է սևազգեստ տատին, որի աչքերի մեջ այնքան սեր կա, որ անհնար է արտահայտել բառերով: Հետո տեսնում է բոլորին, մորը, քրոջը, լսում է մոր ձայնը, որը հեռախոսով խոսում է հոր հետ: Իսկ հորեղբայրը ուղղակի նրա գլխում է ու մեկ-մեկ իր ներկայության մասին հիշեցնում է՝ դառնալով ինչ-որ վտանգավոր բանի արդյունք:
    Նստում են տաքսին, նա զզվելով նայում է տաքսիստի դեմքին, որը, հակառակ պատկերացումների, բավական կրթված տեսք ունի, հետո ինչ-որ ծանոթ ձայն է լսում մագնիտոֆոնից: Նա չի հավատում իր ականջներին, տաքսիստը իրոք Արթուր Մեշչյան է լսում.
Մեռած հույսերի, մարած հավատքի
Դու պահակը չես սառ գերեզմանի
Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի
Միայն թե բեմի լույսը չմարի...
    Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց տաքսիստը ահավոր արագ է քշում, երևում է նա էլ է շտապում իջնել, երևի նրա ստամոքսն էլ է ցավում, երևի նա էլ գիտի կյանքի անեծքի մասին. . .
 
  Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի
  • Hits: 8103

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: